Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:
Եվ ամենքից կատվեք Իմ անվան պատճառով:
Թեպետ [ատելության] կիրքն այնպիսին է, որ կարող է անգամ ադամանդ ճեղքել, քանի որ մարդն ավելի լավ է համարում ծանր նեղություններ կրել, քան ամենքից ատվել, բայց [Տերը] սրանում էլ մխիթարեց՝ [ասելով] «Իմ անվան պատճառով», որպեսզի, երբ [առաքյալներն] իմանային, որ դա Նրա փառքի համար է, վշտերը թեթև տանեին. քանի որ ավելի լավ է Աստծուց սիրվել և մարդկանցից ատվել, քան ամենքին սիրելի լինել և Աստծո աչքից ելնել: Նաև [սրանով] հավասարեցրեց նրանց Իրեն ու Հորը՝ ըստ այսմ. «Որովհետև իզուր ատեցին Ինձ ու Իմ Հորը» (հմմտ. Հովհ. 15:25):
Իսկ այլաբանորեն՝ պետք է մտքի մատնությամբ մահուչափ չարչարվել մարմնով, բայց Աստծո անունը հայհոյել չտալ՝ մտածելով, թե չարը Նրանից է գոյացել կամ իբրև առանձին բնություն ստեղծվել: Թեկուզ դևերից բզկտվենք, [Աստծո] բարի անունը չպիտի ուրանանք, [այլ միշտ խոստովանենք], որ [Աստված] բարի է և բարու ստեղծիչ, և ինչպես Հոբը, համբերենք բազում վշտերի, որպեսզի [Աստծո] հետ թագավորենք: Որովհետև ինչպես որ հոգու պատերազմն է ավելի դժվար, քան մարմնինը, այդպես էլ նրա փառքն է ավելի մեծ, և «համբերության կատարյալ գործով» (Հակ. 1:4) իսպառ ու անվախճան կապրենք հոգևոր ու երկնային կյանքով, ինչպես և ասում է [Տերը].
Բայց ով համբերի իսպառ, կփրկվի:
Սա՛ է հայտնում. ա՛յն, որ [առաքյալները] կամեցան առաքինությունները ոչ միայն Նրանից ստանալ, այլև իրենք իսկ [դրանց] նպաստել: Որովհետև թեկուզ վշտերը տարափի պես տեղան, միայն համբերությունը բավական է [դրանք] վանելու և վշտերի մեջ անարատ պահելով փրկելու: Իսկ «իսպառ» է ասում, որովհետև շատերին հատուկ է սկզբում ամուր լինել, իսկ հետո թուլանալ, ուստի, որպեսզի այդպես չլինի, վերջն եմ պահանջում, ասում է: Ի՞նչ օգուտ բույսերի սերմերի լավ լինելուց, եթե հետո փչանալու են: Նաև այն պատճառով է հաճախ համբերություն պահանջում, որպեսզի չասեն, թե՝ ամեն ինչ Նրանից էր, ի՞նչ զարմանք, որ [առաքյալներն] այդպիսին եղան: Եվ որ սա այսպես է, [համոզվիր]՝ ուշադրություն դարձնելով ասածներիս, թե ինչպես է վերից վար կեսը՝ Նրանից, իսկ կեսը՝ աշակերտներից: Շնորհ տալը Նրանից էր, իսկ ունեցվածք ձեռք չբերելը՝ նրանցից. [նրանց առաջ] ամենքի դուռը բացելը Նրանից էր, իսկ ավելի ոչինչ չպահանջելը՝ նրանցից. ողջույնի շնորհը Նրանից էր, իսկ արժանավոր ասպնջականին փնտրելը՝ նրանցից. նրանց չընդունողներին տանջելը Նրանից էր, իսկ ոչխարի պես հեզ լինելն ու չչարախոսելը՝ նրանցից: Այսպես էլ վշտերի մեջ ողջ պահելը Նրանից էր, իսկ իսպառ համբերելը՝ նրանցից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: