Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 10:38

Ստեփանոս Սյունեցի

38-40․ Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը: Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»:
   
    «Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին Նրան ընդունեց իր տան մեջ: Նրա քույր Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի առաջ և լսում էր Նրա վարդապետությունը. իսկ Մարթան սպասավորելու պատճառով խիստ զբաղված էր»:
Մարթան խորհրդանիշն է գործնական և տեսական իմաստության, իսկ Մարիամը՝ բանական: Եվ երկուսն էլ հետևում են միմյանց: Այսինքն՝ բանականը կատարյալ չէ առանց գործնականի, և ոչ էլ գործնականը՝ առանց բանականի: Այդ իսկ պատճառով Ղուկաս ավետարանիչը Գործք Առաքելոցում ասում է. «Սկսեց Հիսուս գործել և ուսուցանել» (Գործք 1:1): Մարթան խորհրդանշում է այնպիսիին, որն իր տան՝ հոգու մեջ, ընդունում է Քրիստոսին նյութապես և մարմնապես, իսկ Մարիամը՝ նրանց, ովքեր հոգեպես են ընդունում Քրիստոսին իրենց հոգու և տան մեջ:

    Հնարավոր է նաև Մարթայով հրեա ժողովրդին խորհրդանշել, որը այժմ էլ ճգնում է տառի վրա, որը սպանում է, իսկ Հոգին, որ ապրեցնում է, չի ընդունում և խնդրում: Իսկ Մարիամը հեթանոսաց Եկեղեցու [խորհըրդանիշն է], որ թողնելով և արհամարհելով աստվածային գրքերի տերևը՝ [տառը], (Մատթ. 21:19) ընտրում է պտուղը՝ գեղեցիկ բաժինը, ըստ խոսքի. «Ինչո՞ւ ես հոգ տանում և աշխատում շատ բաների վրա, [մինչդեռ] մե՛կ բան է պետք» (Ղուկ. 10:41): Այսինքն՝ ինչո՞ւ ես ջանում և աշխատում բազում օրենքների և պատվիրանների վրա, [մինչդեռ] մե՛կ բան է պետք, որից կախված են և [որով] կատարվում են բոլոր օրենքներն ու պատվիրանները (Մատթ. 22:40). «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (հմմտ. Ղուկ. 10:27):

    [Նաև] կարելի է [այսպես] իմանալ. Մարթան այնպիսիներն են, ովքեր Քրիստոսին ընդունեցին իրենց տանը՝ իրենց հոգիների մեջ, սակայն դեռևս հրեաբար ապրում են հին խմորից չձերբազատված, իսկ Մարիամը, որ գաղտնի հրեան է, վերինն է խնդրում և ոչ երկրայինը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

38-42․ Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը: Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»: Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»:
   
    Հովհաննու Ավետարանից գիտենք, որ Հիսուս Երուսաղեմում եղած ժամանակ հաճախ Բեթանիայում հյուրընկալվում էր Ղազարոսի տանը, և Ղազարոսի երկու քույրերը՝ Մարթան և Մարիամը, հոգ էին տանում Նրան, ինչպես գալիլիացի աշակերտուհիները՝ Գալիլիայում կատարած քարոզությունների ընթացքում (Ղուկ. 8:2-3): Ղուկասը Երուսաղեմի գործունեությամբ շատ չի զբաղվում, ուստի Հիսուսի Բեթանիայում հյուրընկալվելը հիշատակում է որպես նորություն: Ղուկասի՝ Բեթանիա գյուղի անունը չտալը և միայն «մի գիւղ» բացատրությամբ հիշելը ոմանց մոտ այն կարծիքն առաջացրեց, թե Ղուկասի հիշած Մարթան ու Մարիամը Հովհաննեսի հիշած Բեթանիայի Մարթան ու Մարիամը չեն: Սակայն մեզ ոչինչ չի ստիպում առանց որևէ պատճառի նույնանուն անձերի թիվը շատացնել:
    Մարթան ու Մարիամը բնավորություններով մի քիչ տարբերվում էին: Մարթան, որ մեծն էր, բնավորությամբ ժիր, գործունյա և հոգատար էր, ընտանեկան կարիքների հոգսն էր ստանձնել: Երևում էր, թե մայր չունեին, բնականաբար, ընտանեկան հոգսը ծանրացած էր մեծ քրոջ վրա: Մարիամը, որ կրտսերն էր, ավելի տեսական, վերացական կամ թե կարելի է ասել, ուսումնատենչ էր, սիրում էր լսել և միտքը գրավող զբաղմունքով ժամանակ անցկացնել: Հիսուսի բացատրություններն ու խրատները շահագրգռում էին նրան: Այս անգամ, երբ Հիսուս Երուսաղեմում և Բեթանիայում մի որոշ ժամանակ ապրելուց հետո պատրաստվում էր գնալ հեռու վայրեր և գնացել էր Ղազարոսի տուն՝ հրաժեշտ տալու, Մարիամն առավել զգացված, չէր ուզում հեռանալ Հիսուսի կողքից և Նրա խոսքերից որևէ բան բաց չթողնել, այլ աշխատում էր, որքան հնարավոր էր, վայելել նրա ներկայությունը:
Մյուս կողմից Հիսուսի հեռանալու մտադրությունը ծանրացնում էր հյուրասիրության հոգսերը, պետք էր ավելի շատ բան անել, պետք էր Հիսուսի և առաքյալների ուղևորության առիթով ճանապարհի պաշար էլ պատրաստել նրանց համար: Չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանը՝ Մարթան մենակ էր մնացել, որովհետև Մարիամը, Հիսուսի խոսքերով զմայլված, չէր մտածում ոչ տան կարիքների և ոչ էլ կարևոր գործերի մասին: Մարթան կարծես թե Մարիամից ավելի Հիսուսից էր նեղվում, սպասում էր, որ Հիսուսը մտածի, որ խեղճ Մարթան օգնականի կարիք ունի և պատվիրի Մարիամին օգնել քրոջը: Տեսնելով, որ ո՛չ Մարիամը և ո՛չ էլ Հիսուսն ուշադրություն չեն դարձնում իրեն, ինքը համարձակություն առնելով կանգնեց նրանց դիմաց և դառնալով Հիսուսին՝ ասաց. Վարդապե՛տ, տեսնում եմ, որ ամենևին հոգ չէ քեզ համար, որ Մարիամն այստեղ նստի, իսկ ես այնտեղ հոգիս հանելու չափ աշխատեմ, խնդրում եմ՝ իրեն պատվիրես, որ գա և տան աշխատանքներին մասնակցի»: Հիսուսը մեծ քրոջ գանգատներին սիրալիր դիտողությամբ պատասխանում է. «Մարթա՛, Մարթա՛, աշխատանքդ շատացնողը դու ես, մենք քչով էլ գոհանալ գիտենք, դու ինքդ, հյուրասիրությունդ ընդարձակելով, աշխատանքդ էլ ես շատացնում. Եթե դու աշխատանքդ չափավորես, քիչ կհոգնես, Մարիամն էլ չի զրկվի իր սիրած աստվածային խոսակցությունից: Եվ, վերջապես, պետք է իմանաս, որ Մարիամի զբաղմունքը քո զբաղմունքից լավ է. Ավելի լավ է հոգևոր կարիքներին գոհացում տալ, քան թե մարմնավոր կարիքների հետևից ընկնել»:
    Պատմությունը վերջանում է այստեղ, և ավետարանիչը չի հիշում՝ Մարիամը ելա՞վ գործի, թե Մարթան լռեց ու դարձավ իր գործին: Ավետարանը նպատակ չունի մեզ կենսագրական տեղեկություններ տալ, այլ միայն ավանդել վարդապետական և բարոյական սկզբունք, և այդ միջավայրում Հիսուսի խոսքերը, հոգևոր զբաղմունքների գերազանցությունը նշելով, հասնում է իր նպատակին ու պատմությունը վերջացնում: