Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով իր կյանքը կորցնի Ինձ համար, այն կգտնի»։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես կարող է վնասակար լինել սեփական հոգին (անձը) պատշաճից ավելին սիրելը, և թե որքան օգտակար է այն «ատելը»։ Քանի որ Քրիստոսի պահանջները ծանր էին, քանի որ Նա պատվիրում էր նրանց ապստամբել և՛ ծնողների դեմ, և՛ զավակների դեմ, այսինքն՝ բնական և ազգակցական կապերի դեմ, տիեզերքի և նույնիսկ սեփական հոգու (անձի) դեմ, ուստի դրա համար էլ Հիսուս խոստանում է նաև ամենամեծ պարգևը։ «Սա, - ասում է Նա, - ոչ միայն վնաս չի պատճառի, այլև մեծագույն օգուտ կբերի, իսկ այն, ինչ սրան հակառակ է, կործանարար կլինի։ Քրիստոս այսպես է վարվում ամենուրեք՝ համոզելով այն ամենով, ինչը մարդկանց համար ցանկալի է։
Ինչո՞ւ դու չես ուզում ատել քո հոգին։ Ա՞յն պատճառով, որ սիրում ես հոգիդ։ Հենց դրա՛ համար էլ ատիր այն ու այդժամ ամենից շատ օգուտը կբերես նրան, և կապացուցես, որ սիրում ես հոգիդ։ Եվ նկատի՛ր, թե ինչպիսի՜ անասելի իմաստություն է այստեղ գործում։ Հիսուս խոսում է ոչ միայն ծնողների և զավակների «անտեսման», այլև հոգու մասին, որն ամենից թանկն է, որպեսզի այդպիսով առաջինի անհրաժեշտությունն ավելի ակնհայտ դառնա երկրորդի անհրաժեշտությունից, և որպեսզի Իր աշակերտներն իմանան, որ նրանք նաև իրենց մերձավորներին ամենամեծ օգուտն ու առավելությունը կպարգևեն, երբ նույնը ձեռք բերեն իրենց հոգու համար, որն ամենաթանկն է։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի:
Ով գտնում է իր անձը, կկորցնի այն, և ով իր անձը կորցնի Ինձ համար, կգտնի այն:
Ինչպիսի՛ անհնարինություն. և՛ կորուստը, և՛ գյուտը մեկ անձի մեջ են: Դա լինում է այսպես. ով կամենում է, որ իր անձը հաճույքների ու հանգստավետության մեջ մնա և հալածանքի ու տանջանքների մեջ չընկնի, այդպիսին կկորցնի այն գեհենում՝ զրկվելով հավիտենական փառքից՝ ըստ այսմ. «Ով սիրում է մեղքը, ատում է իր անձը» (Սաղմ. 6։6): Իսկ ով կորցնի մահվամբ, կամ վտանգով ու տրտմությամբ ճգնելով [Աստծո] համար, հավիտենական կյանքում կգտնի այն: [Այս խոսքը] նաև ցույց է տալիս, որ [մարդն] ինքն է իր կորստյան և գտնվելու պատճառը. ուստի ով ներկա կյանքն է գտնում, կորցնում է ոչ միայն իրեն, այլև այս կյանքը, քանի որ [վերջինս] անցավոր է. իսկ ով կորցնում է ոչ միայն իրեն, այլև այս կյանքը ո՛չ այլ պատճառով, քան Իմ փառքի համար, [ասում է Տերը], կգտնի ոչ միայն իր անձը, այլև անվախճան կյանքը՝ Աստծո մոտ և Աստծուց բազմապատիկ հատուցմամբ:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի:
«Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի»:
Ով սիրում է, -ասաց, -աշխարհը և այս աշխարհի ինչքերը, այնպիսին կկորցնի իր անձը, իսկ ով Քրիստոսի սիրո համար իր անձը կկորցնի ու կմեռցնի աշխարհի ցանկությունների համար, այնպիսին կգտնի այն: Եվ ով ընդունում է առաքյալների վարդապետությունը, Քրիստոսի վարդապետությունն է ընդունում, և ով մարգարեին ընդունում է, ինչպես հարկ է ընդունել մարգարեին, հաղորդակից է լինում մարգարեի վարձին:
Եվ [դարձյալ, նա] ով այս փոքրիկներից մեկին, որ փոքր և նվազ է գիտությամբ և առաքինությամբ, կուսուցանի ճշմարիտ գիտությունն ու առաքինությունը, որը խորհրդանշվեց սառը ջրով, և որի համար չի ասում պարզապես ջուր, այլ՝ զովացուցիչ ջուր, այսինքն՝ ճշմարիտ վարդապետություն, և մի բաժակ է ասում և ոչ երկու կամ երեք, քանզի մի՛ է Սուրբ Հոգու վարդապետությունը, թեպետև բազում եղանակներով է իմացվում, [իր վարձը չպիտի կորցնի]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: