Ծննդոց գրքի մեկնություն 1:11

Սրբ. Եփրեմ Ասորի

11-13․ Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս. հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ:

   

   Նույն երրորդ օրը ստեղծվեցին երկրի պտուղները և ծառերը. «Թող աճեցնի, ասում է, երկիրը»: Եվ սրանով հայտնեց, թե դրանք կարծես հավաքված, պահված էին գանձատան մեջ: Եվ քանի որ ջրերի միավորումից բխելու էր ամեն ինչ, հենց նույն ջրերը եղան երկրի գանձերի գանձապահները: Քանի որ [Աստծու] Հոգին խնամում էր ջրերը, ինչպես կենդանի առարկաներ, որովհետև հենց այն ջրերը ծնեցին ամեն ինչ իրենց բնության համաձայն, քանի որ ամեն ինչ ծածկված, թաքնված էր ջրերի մեջ: «Երկիրն, ասում է, անրևույթ և անպատրաստ էր»:
   

Ա.Լոպուխին

11-13․ Եվ Աստված ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող դալար բույս և իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող, իր տեսակի միրգ տվող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրա»: Եվ եղավ այդպես: [11] Եվ Հողը ամբողջ երկրի վրա ցանելու սերմը իր մեջ պարունակող դալար բույս և իր տեսակի սերմը իր մեջ պարունակող, միրգ տվող ծառ աճեցրեց: Աստված տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր երրորդ:(Սինոդական թարգ․)

 

   Եվ Աստված ասաց. թող երկիրը … աճեցնի ... Եվ Հողը ամբողջ երկրի վրա ցանելու սերմը իր մեջ պարունակող դալար բույս և իր տեսակի սերմը իր մեջ պարունակող, միրգ տվող ծառ աճեցրեց: Տիեզերածնության մասին տեսիլքի այս մի քանի բառերում արտացոլված է երկրի վրա տարատեսակ բույսերի, օրգանական կյանքի աստիճանական առաջացման վիթխարի պատկերը, որոնք երկրի վրա ծագեցին ոչ թե ինքնակամ կերպով, այլ Արարչի կողմից հաղորդված հատուկ զորությամբ և օրենքներով: Սակայն ցուցումն այն մասին, որ երկրի ծածկվելը բուսականությամբ ու ծառերով ոչ թե ակնթարթային հրաշագործ գործողություն էր, այլ բնական հունով ուղղորդվում էր ստեղծագործ ուժով, ըստ երևույթին, գտնվում է դիտարկվող աստվածաշնչյան տեքստի նկարագրության մեջ՝ ինչպես Աստծո կողմից երկրին ուղղված հրաման՝ աճեցնելու տարատեսակ բույսեր՝ իրենց յուրահատուկ օրենքներով, այնպես էլ աճի այն հաջորդականությամբ, որով իրականանում է բուսականության այդ տարբեր տեսակների թվարկումը, որը միանգամայն համահունչ է ժամանակակից երկրաբանության տվյալներին. նախ՝ ընդհանրապես, բուսականությունը կամ խոտը (երկրաբանական պտերազգիներ), այնուհետև՝ ծաղկող բուսականությունը (հսկայական շուշաններ) և, վերջապես, ծառերը (սկզբնական թփերը և ծառերը) (Գ Թագ. 4:33): Անշուշտ, Արարչի ամենազորությունը սրանից բնավ չի տուժում, քանի որ երկրի կենսական ներուժի սկզբնաղբյուրը նույն Ինքն Աստված էր, իսկ Նրա բարձրագույն իմաստությունը աշխարհի այսպիսի նպատակահարմար կարգում բացահայտվել է իր ողջ ուժով ու աներկբայելի ակնառությամբ, ինչն արտահայտիչ կերպով մատնանշել է նաև Պողոս Առաքյալը Հռոմեացիներին ուղղված իր թղթի հայտնի հատվածում (Հռոմ. 1:20):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս.
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող երկիրը կանաչ բույս աճեցնի՝ սերմ տվող բույս և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմն իր մեջ լինի երկրի վրա»: Եվ այդպես եղավ:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Բղխեսցէ՛ երկիր բա՛նջար խոտոյ. սերմանել սերմն ըստ ազգի և ըստ նմանութեան. և ծառ պտղաբեր՝ առնել պտուղ ըստ ազգի իւրում. որոյ սերմն իւր ի նմին ըստ ազգի ի նմանութիւն ի վերայ երկրի: Եւ եղև այնպէս: