Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
20-22. «Այդ ժամանակ Նա սկսեց նախատել ա՛յն քաղաքներին, որոնցում Նրա զորավոր հրաշքները առավել շատ էր դրսևորվել՝ ա՛յն բանի համար, որ նրանք չապաշխարեցին»։ «Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն զորավոր հրաշքները, որ կատարվեցին ձեր մեջ, ապա նրանք վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարած կլինեին»։ «Բայց ասում եմ ձեզ. Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար»։
Հիսուս սկսեց քաղաքներին նախատել հենց այն ժամանակ, երբ «իմաստությունն արդարացվեց», այսինքն՝ երբ Նա ցույց տվեց, որ Իր կողմից ամեն ինչ արվել է։ Քանի որ Հիսուս կարծես «չհամոզեց» հրեաներին, ուստի Նա սկսում է ողբալ նրանց վրա, ինչը սպառնալիքներից էլ ավելի ծանր է։
Քրիստոս հրեաների առջև քարոզել էր Իր ուսմունքն ու բացահայտել Իր հրաշագործ զորությունը, բայց քանի որ նրանք հետ չկանգնեցին իրենց համառությունից, ուստի Հիսուս սկսում է նախատել նրանց։ «Այդ ժամանակ, - ասում է ավետարանիչը, - Նա սկսեց նախատել ա՛յն քաղաքներին, որոնցում Նրա զորավոր հրաշքները առավել շատ էր դրսևորվել՝ ա՛յն բանի համար, որ նրանք չապաշխարեցին, և Հիսուս ասաց. «Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛» (Մատթ. 11:20-21)։
Իսկ որպեսզի դու համոզվես, որ այդ քաղաքների բնակիչներն իրենց բնույթով չար չէին, Հիսուս հիշատակում է այնպիսի քաղաքի մասին, որից հինգ առաքյալներ են ելել. հենց Բեթսայիդայից էին Փիլիպպոսը և գլխավոր առաքյալներից չորսը (Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին:
Այդ ժամանակ սկսեց նախատել այն քաղաքները, որոնցում Նրա բազմաթիվ զորությունները ցույց տրվեցին, սակայն նրանք չապաշխարեցին:
Շատ ժամանակ անց և հրաշքներով ու խոսքերով եղած բազմաթիվ հնարքներ բանեցնելուց հետո նրանց պախարակում և հեգ ու թշվառ է կոչում, որպեսզի թերևս դրանից վախենալով զգաստանան, որովհետև շատեր կան, որ ոչ այնքան հրաշքներից ու խրատական խոսքերից են ուղղության գալիս, որքան եպերական խոսքերից: Ուստի [Տերն] այս մեկն էլ կիրառեց նրանց հանդեպ, ովքեր ընդունեցին բազմաթիվ շնորհներ, բայց մոռացան, և նախատում է նրանց: Եվ տես, որ միայն ապաշխարությունը բավական էր փրկության համար, բայց նրանք չկամեցան:
Ստեփանոս Սյունեցի (†735)
20-21․ Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին:
Այն ժամանակ նա սկսեց պարսավել այն քաղաքները, որոնց մեջ եղան Նրա բազում զորավոր գործերը, բայց նրանք չապաշխարեցին: «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետև, եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին» և այլն:
Ինչպես ասվեց, նախատում է այն քաղաքներին, որոնցում բազում հրաշքներ և զորություններ արեց: Եվ նախատինքները խոսքերի վրա ավելանալով հանցանքներն են հիշեցնողնում, մանավանդ ծանրանալով անշնորհքի և երախտամոռի վրա:
Քորազին այստեղ թարգմանվում է «իմ խորհուրդը», [ըստ] եբրայական անունների թարգմանության: Իսկ Բեթսայիդա, որ Պետրոսյանց և Հովհաննիսյանց գավառն է, թարգմանվում է՝ որսողների տուն, Կափառնայումը՝ մխիթարության վայր, Տյուրոսը, որը Ծուրն է, եբրայերենից թարգմանվում է պնդություն: Սիդոնը, որը Ծայդանն է, թագմանվում է որսողներ, Սոդոմը՝ կուրություն կամ ամլություն: Ահա ուրեմն սրանք, ինչպես կարծում եմ, ժամանակին մխիթարված, հորդորված և հափշտակված են եղել աստվածային խոսքերի վարդապետությամբ, որից հետո մեղք են գործել հեթանոս վարդապետների [ազդեցությամբ]:
Իսկ այն, որ ասաց, թե [դատաստանի] օրը Սոդոմից և Գոմորից ավելի սոսկալի է լինելու, մեզ ցույց տալու համար ասաց, թե կա տանջանքների զանազանություն և զատորոշում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
20-24. Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին: Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար: Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին: Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:
Երբ Հիսուս աշակերտներին հիշեցնում էր քարոզության չենթարկվողների մասին և հրահանգում թողնել նրանց ու հեռանալ: Իր մտքի առջև պատկերվեցին մինչ այդ, այդքան երկար ժամանակ Գալիլիայում կատարած քարոզությունները, որոնք թեպետ մի պահ ողովրդական շարժում առաջացրին, սակայն արդյունքում ճշմարիտ դարձ չեղավ: Պարզապես բժշկություններից օգտվելու շահադիտական ձգտումն էր, այլ ոչ թե Ավետարանի վարդապետությանը հետևելու գործնական կամքը: Ո՛չ դարձ կար, ո՛չ զղջում և ո՛չ ապաշխարություն, այլ թեթևսոլիկ և անձնասեր մի խանդավառություն էր, որ դեմ հանդիման չկանգնեց անգամ փարիսեցիների ու դպիրների հակառակասեր ճիգերին, անզոր ու անհիմն խոսքերով իսկույն մարեց, փոխվեց անտարբեր սառնության և հասավ անգամ լուռ ու խուլ հակառակության: Այդ հիշողություններն այնչափ ազդեցին Հիսուսի մտքին, որ չկարողացավ զսպել իր ներքին հուզումը և, ընդմիջելով Յոթանասունին տրվելիք հրահանգը՝ «Սկսաւ նախատել զքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, եւ ոչ ապաշխարեցին»: Այդ նախատյալ և հանդիմանյալ քաղաքները Գալիլիայի բոլոր քաղաքներն էին, ու քարոզեց, վարդապետեց, հիվանդներ բժշկեց, դևեր հալածեց, ախտավորներ առողջացրեց և ամեն տեսակի զորություններ՝ հրաշքներ գործեց: Թեև համակրողներ եղան, բայց ապաշխարություններ տեղի չունեցան: Հիսուսի կողմից հիշատակված քաղաքները երեքն են միայն՝ Քորազին, Բեթսայիդան և Կափառնայում: Իսկ պատմությունից հիշված ունենք նաև Նազարեթը, Կանան, Նայինը, Մագդաղան և ուիրշները ևս: Գուցե Հիսուս դրանց անուններն է՞լ թվարկեց, իսկ ավետարանիչները զանց արեցին, որովհետև գիտենք, որ Հիսուսի բերանից բառ առ բառ դուրս եկած խոսքերը չեն կարողացել սղագրել:
Հիշատակված երեք քաղաքներից, անշուշտ, ամենից ավելի է հանդիմանության արժանի Կափառնայումը, որը եղավ Հիսուսի գործունեության կենտրոնը, գործողությունների ընդարձակ ու տևական ասպարեզը: Մյուս կողմից, Կափառնայումը՝ Գալիլիայի կենտրոնը, ընդհանուր ճանապարհի մեծ կայարանը, առևտրի շահաստանը, մյուսներից գլխավորն էր համարվում և իրեն մինչև երկինք բարձրացած էր կարծում, բայց հակառակ այս դիրքին և Հիսուսի ցուցաբերած խնամքին, ամենաանպտուղ տեղը մնաց և Հիսուս իրավամբ ասում էր «Եւ դու, Կափառնաում, որ մինչեւ յերկինս բարձրացեալ ես, մինչեւ ի դժոխս իջեցես»: Քանի-քանի անգամ, Հիսուսի ուղևորությունների առիթով. Հիշեցինք Բեթսայիդայի անունը: Թե՛ այս և թե՛ ուրիշ անգամներ Հիսուսի այնտեղ քարոզած և հրաշագործություններ կատարած լինելն աներկբա է, մանավանդ, որ աշակերտներից մի քանիսը բեթսայիդացիներ էին: Բոլորովին նորություն է, սակայն, Քորազինի անունը: Երբեք չի հիշատակվում Հիսուսի Քորազին գնալը: Մինչդեռ Հիսուս, հանդիմանությունն սկսելիս, առաջինը Քորազինն է նշում. «Վա՛յ քեզ Քորազին, վա՛յ քեզ Բեթսայիդա»: Քորազինը կամ Քորոզայինը՝ այժմ Քերազե, Գալիլիայի ծովակի հյուսիսակողմում գտնվող մի կարևոր քաղաք էր: Հորդանանի արևմտակողմում էր, Կափառնայումից երկու ժամի չափ ճանապարհ դեպի ցամաք: Ուստի անհնար էր, որ Հիսուս, իր պտույտների ընթացքում, երբեմն այնտեղ անցած չլիներ: Մանավանդ Կափառնայումի հույժ մերձավորությունը ենթադրել է տալիս, թե Կափառնայումի քարոզությունների մի մասը Քորազինում է կատարվել: Այլապես Հիսուս հենց Քորազինով չէր սկսի վայրերի թվարկումը:
Հանդիմանության ընթացքում Հիսուս բաղդատության եզրեր է դնում Տյուրոս և Սիդոն քաղաքների միջև: Դրանք ժամանակին փյունիկեցիների հռչակավոր մայրաքաղաքներն էին: Տակավին մեծ անուն ու լավ դիրք են գրավում՝ իբր վաճառականության շահաստան և հարստության կենտրոն: Ճանաչված են նաև որպես բարեկեցության, շռայլության ու շվայտության վայրեր, որը համանշանակ է զեղծ, մեղավոր ու ամբարիշտ կյանք ունենալուն: Հիսուս, Գալիլիայի քաղաքների մասին խոսելով, ասումե. «Եթե ձեզանում խոսված քարոզները և կատարված հրաշքները լինեին Տյուրոսի կամ Սիդոնի մեջ, ապա վաղուց այդ ամբարիշտ քաղաքներն անգամ դարձի եկած, քուրձ հագած, մոխրի վրա նստած ու ապաշխարություն սկսած կլինեին. մինչ դուք այնչափ քարոզություն լսելով և այնչափ հրածք տեսնելով, տակավին մնում եք ձեր անզղջության մեջ: Բայց իմացած եղեք, որ դատաստանի օրը Տյուրոսի և Սիդոնի դատաստանը նվազ ծանր պիտի լինի, քան ձերը, որովհետև նրանք չունեցան այն շնորհները, որոնք դուք ունեիք: Սոդոմն ու Գոմորն էլ ձեզ հետ բաղդատելիս, ավելի թեթև պիտի համարվի նրանց դատապարտությունը, որովհետև եթե այդչափ շնորհներ Սոդոմում և Գոմորում կատարված լինեին, գուցե չէին կործանվի և մինչ այսօր կանգուն կլինեին»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: