Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին:
Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց՝ ասելով:
Երբ անհավատների վճիռը կայացրեց և կանխագետ զորությամբ հայտնեց նրանց կորստյան մասին, գոհանում է Հորից՝ ոչ թե ուրախանալով նրանց կորստյան վրա, այլ բերկրելով անմեղներին գտնելու համար:
Բայց հարկ է պարզել, թե ո՛ւմ է պատասխանում. Ղու-կասն այսպես է գրում. «Այդ ժամին Հիսուսը ցնծաց Հոգով» (Ղուկ. 10։21), որովհետև ամենուրեք Հոգին գործակից էր տնօրենության [իրականացման] մեջ: Երբ տեսավ, որ «յոթանասունը խնդությամբ վերադարձան և ասացին՝ Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում Քո անունով» (Ղուկ. 10։17) 620, Հոգով իմացավ, որ դա Հոր կամքով էր, ուստի Հոր կամքին պատասխանելով՝ ասում է.
«Գոհանում եմ Քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի»:
Ինչպիսի՜ հարուստ ու հրաշալի աստվածաբանություն. ոչ թե մի ուրիշի միջոցով, այլ հենց Ինքն է առանց միջնորդի ուսուցանում, որ Աստված հայրն է Իր բնության, որը նախքան հավիտյաններն էր ծնվել Նրանից՝ ըստ այսմ. «Նախքան արուսյակը ծնեցի Քեզ» (Սաղմ. 109։3)՝ անապական ծննդյամբ՝ անախտ և անժամանակ: Ապա ըստ կարգի գալիս է արարչությանը՝ «Տեր երկնքի և երկրի»՝ հիշելով [արարչության] սկիզբը՝ ըստ Մովսեսի. «[Սկզբում] Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1). այս [խոսքի] մեջ ամփոփում է [արարչության] բոլոր մասերը: Եվ սովորեցնում է, որ [Հայրը] ոչ միայն ստեղծիչն է, այլև տերն ու դատավորը՝ երկնքի ու երկրի, հրեշտակների ու մարդկանց, հոգիների ու մարմինների, ողջերի ու մեռյալների, արդարների ու մեղավորների:
Բայց տեսնենք, թե ինչ է գոհանալը և ապա՝ թե [Տերն] ինչո՛ւ է գոհանում: Արդ՝ գոհություն է ընդունած բարիքների կամ հրաշագործությունների համար շնորհակալությունը՝ ըստ Դավթի. «Կգոհանամ Քեզնից, Տե՛ր» (Սաղմ. Թ 2). սա Հորը հայտնի դարձնելն է խոստովանությամբ: Իսկ գոհանում է ոչ թե Իր համար, որ ամեն ինչ անում էր [օրինակ ծառայելու նպատակով], այլ աշակերտների, որով ջանում է նրանց հավատքի բերել: Ինչպես որ աղոթելով և բարեխոսելով Իր մեծ սերն էր ցույց տալիս, այդպես էլ այստեղ այս գոհությամբ հայտնում է Իր խնամարկությունն ու պաշտպանությամբ փրկությունը, թե ինչպիսի՛ բաների արժանացան հավատացած աշակերտները: Նախ՝ մեզ իբրև խրատ և ուսուցում, որ ընկերների հաջողության վրա պետք է գոհանալ և ոչ թե նախանձից տանջվել: Երկրորդ՝ որպեսզի Հորը մեծ ու սքանչելի ցույց տա և Իրեն՝ Նրան հավասար, ինչով ամենքին դեպի Նրա գիտությունն էր գրավում. իսկ ովքեր հրաժարվեցին, ոչ միայն Նրանից, այլև Հորից հեռացան: Երրորդ՝ քանի որ շատ բաներ էր խոսել ու գործել, որպեսզի չթվար, թե դրանք առանց Հոր գործակցության է արել, գոհանում է Նրանից: Եվ չորրորդ՝ գոհանում է մեր դեմքն առած լինելով, ինչն իմաստուններից ծածկվեց ու մանուկներին հայտնի դարձավ և մեծ զարմանքի ու գոհության է արժանի, ինչպես և ասում է.
Որ ծածկեցիր սա իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին:
Մի՛ կարծիր, թե սա ասելով՝ Աստծուն է [սրա] պատճառը համարում: Այլ ինչպես որ Պողոսը, ասելով. «Նրանց մատնեց չփորձված մտքի» (հմմտ. Հռոմ. 1։28) և թե՝ «Կուրացրեց նրանց միտքը» (հմմտ. Բ Կոր. 3։14, Հռոմ. 11։8-10), ոչ թե Աստծուն է համարում պատճառը, այլ նրանց, այդպես էլ այստեղ [Աստծո կողմից] զիջումն ու թույլտվությո՛ւնը հասկացիր: Իսկ ի՞նչ ծածկվեց նրանցից. պարզ է, որ հավատը մեր Տիրոջ հանդեպ և Նրա մարդեղության գործերը: Ինչո՞ւ. որովհետև իրենց արդարությունն են կամենում հաստատել և չհնազանդվեցին Աստծո արդարությանը, որը Քրիստոսն է՝ ըստ առաքյալի 621: «Ծածկեցիր,- ասում է,- իմաստուններից». հեգնաբար «իմաստուն» է կոչում օրենսգետներին ու փարիսեցիներին, կամ որովհետև Օրենքով էին պարծենում, կամ որ խորամանկ էին և հակառակում էին Նրա հանդեպ հավատին՝ ասելով, թե ինչո՞ւ հրաշքներն այսինչ և ոչ թե այնինչ քաղաքում եղան: Կամ էլ աշխարհիկ փիլիսոփաներին է «իմաս-տուն» կոչում, ովքեր իրենց բազմամասն գիտությամբ ու իմաստությամբ հասու չդարձան Նրա աստվածությանը՝ ըստ Պողոսի. «Իրենց իմաստուն էին համարում, հիմարացան» (Հռոմ. 1։22): Իսկ «մանուկներ» է կոչում առաքյալներին՝ ըստ առաքյալի թե՝ «Աստծո հիմարը մարդկանցից իմաստուն է» (Ա Կոր. 1։25): Նաև իրենք էին ասում, թե [առաքյալները] տգետ ու անկիրթ մարդիկ են 622, բայց խոսում են Աստծո մեծ գործերի մասին: Կամ էլ [նկատի ունի] գեղջուկներին ու տգետ աշխարհականներին, անմեղներին ու պարզամիտներին, ովքեր հավատի հայտնությամբ միացան Նրան: Սրանով ցույց է տրվում, որ հավատն է Աստծո խորքերը բացահայտողը և ոչ թե մարդկային խորհուրդներով գիտությունը՝ ըստ այսմ. «Քո խոսքերի հայտնությունը լուսավորում ու իմաստնացնում է մանուկներին» (Սաղմ. 168։130):
Ստեփանոս Սյունեցի
Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին:
«Այն ժամանակ Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին»:
[Նախ] նախատում էր Կափառնայումը և այն քաղաքները, որոնցում ավելորդ եղան Քրիստոսի հրաշքներն ու զորությունները, այնուհետև Հորից գոհանալով, ասում է. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր»: Եվ ոմանց [այս] շարադրությունը անհարմար է թվում, թե արդյոք ինչո՞ւ հիշված քաղաքների մասին նախատինքներով խոսելուց հետո՝ ավելացրեց. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Տե՛ր» և այլն:
Բայց այդպես է թվում ոմանց [միայն]: Իսկ ինձ թվում է, թե Տիրոջ գոհությունը Հորից նրա համար է, որ գաղտնի մնաց աշխարհի իմաստուններից, թե արդյոք ինչո՞ւ հրաշքները եղան այս նշված քաղաքներում և ո՛չ այն մյուսներում, և հայտնվեց մանուկներին, որոնց երանելի Պողոսը Աստծու հիմարներ է անվանում. «Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը» (Ա Կորնթ. 1։25):
Մաղաքիա արք. Օրմանյան
25-30. Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել: Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ: Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
Դուրս գալով Բեթանիայից՝ այս անգամ Հիսուսն իր ճանապարհն ուղղեց դեպի արևելյան կողմերը և անցնելով Աքովբի ձորը, ապա Երիքովն ու Գաղգաղան՝ իջավ Հորդանան, անցավ մյուս ափը, այն տեղերը, ուր առաջին անգամ իր քարոզություններն էր սկսել Հովհաննես Մկրտիչը, ուր Հիսուս Ինքն էլ էր քարոզել և տեղը ճանաչել էր որպես հարմար կենտրոն: Հարկավ, Հիսուս ճանապարհին էլ այստեղ-այնտեղ քարոզություններ էր արել, բայց Ավետարանը այդ մասին կարգով չի պատմում և գլխավոր դեպքերը հիշելով՝ քարոզած նյութերն էլ հավաքաբար է գրում: Հիսուս իր յոթանասուներկու աշակերտներից Գալիլիայում բաժանվելուց հետո այստեղ էր ժամադրվել և իր հասնելուց քիչ հետո նրանք էլ սկսեցին հետզհետե հասնել, և երբ բոլորը հավաքվեցին, սկսեց նրանցից պահանջել, թե ինչ արեցին, ինչ խոսեցին և ինչպիսի հաջողություն ունեցան: Բոլորն էլ ուրախ ու զվարթ էին, մեծամեծ հաջողություններ ունենալուց գոհունակությամբ լեցուն: Ուր որ գնացել են, քարոզություններն ընդունվել են, հակառակության չեն հանդիպել, իրենց դիմողներին մխիթարել են, հիվանդներին առողջացրել են, դիվահարներին էլ բժշկել են. «Գիտե՞ս, տեր,- ասում են հրճվանքով,- դևերն անգամ հնազանդվում էին մեզ, երբ քո անունով հալածում էինք նրանց»:
Այդ երևույթը, այսինքն՝ Նոր Ուխտի նոր պաշտոնյաների գտած հաջողությունը, նշան էր, որ Հիսուսի քարոզած Երկնային Արքայությունը ճշմարիտ էր և աստվածային, և նրան քանդել ցանկացող փարիսեցիական մթնոլորտը կորցրել էր իր զորությունը: Հիսուսի դեմ լարված հակառակություններն ու հալածանքները արդյունք պիտի չունենային, Հիսուսի Ավետարանը պետք է հաստատվեր: Այս քաջալերությունը և իր աշակերտներին ոգևորելու համար մտածումները Հիսուս ուզում է այլաբանական ձևերով ներշնչել, որպեսզի օրինակը և փոխաբերությունը զգալի և տևական տպավորություն գործեն նրանց մտքերի վրա:«Վաղուց է,- ասում է Հիսուս,- որ ես այս ամենը նախատեսել եմ և աչքերս երկինք բարձրացրած ժամանակ նկատել եմ դիվական իշխանության կործանումը, որ եթե անգամ մի պահ կայծակի պես փայլի, մեկ է, այդ մխիթարիչ լույս չէ, այլ կայծակի պես երկնքից երկիր ընկնելու նշանն է: Ուրեմն, էլ մի՛ վախեցեք, մի՛ կասկածեք, ես ձեզ տվել եմ դիվական թշնամու ամբողջ ուժը ոչնչացնելու և նրանց կործանելու զորությունը, կարող եք ճզմել ու կոխկրտել դևերին իբրև անարգ կարիճների ու տկար օձերի, որոնք կարող են ձեզ վնաս հասցնելու ճիգեր անել, բայց արդեն չեն կարող վնաս հասցնել: Սակայն, չլինի, որ այս խոսքերիս վրա հոխորտաք և ոչ էլ այս հանգամանքով ձեզ մխիթարված զգաք: Դիվական թշնամու վրա զորանալը ձեր արդյունքը չէ և ոչ էլ ձեր շնորհքն է, այլ պարզապես աստվածային զորության արտահայտությունն է: Եթե մի բան կա, որ պետք է ձեզ ուրախացնի, ձեր Երկնային Արքայության հետևողներ լինելն է և ձեր անունների արձանագրված լինելը Երկնային Արքայության ընտրյալների մատյանում»:
Այս գեղեցիկ խրատից հետո Հիսուս Ինքն էլ մի ներքին մխիթարություն զգաց Երկնային Արքայության աստվածային գործի գտած հաջողության համար և Իր ու Տասներկուսի գործի արդյունքից հետո Յոթանասուներկուսի ունեցած գործի արդյունքից հրճվեց ու բազուկները դեպի վեր և աչքերը դեպի երկինք հառած՝ գոհաբանական մաղթանք խոսեց և ասաց. «Փառք քեզ, Տե՜ր, ընդունի՛ր սրտիս գոհաբանությունները, ընդունի՛ր բերանիս փառաբանությունները, Դու, որ Երկնային Հայրն ես և երկնքի ու երկրի տեր: Որովհետև եթե իրենք իրենց իմաստուն և գիտուն կարծող դպիրներն ու օրինականները չճանաչեցին քո հրամանով քարոզած ճշմարտությունները, այս տղայամիտ կարծված անուս անձերը, ովքեր բարեմտությամբ հավատացին ինձ և քարոզություններս ընդունեցին, կարողացան հաջողեցնել Երկնքի Արքայությունը, քարոզել,տարածել և մաքառել դիվական զորության դեմ: Փա՜ռք քեզ, Հա՛յր, որ հաճեցիր այսպես ամեն ինչ ի օգուտ և ի բարին կարգադրել և ամեն իշխանություն տվեցիր ինձ՝ Ավետարանը տարածելու համար: Սակայն դեռ ոչ ոք չգիտի, թե ով եմ ես իսկապես, ինչպես որ բացի ինձնից, ուրիշ ոչ ոք չգիտի, թե տիրապես դու՛ ով ես, եթե ոչ նա, ում դու ինքդ ուզես հայտնել այդ»:
Հիսուս նորից խոսքի դեմքը փոխում է և իրեններին դառնալով, բայց խոսքը ընդհանուր մարդկությանն ուղղելով՝ ասում է. «Աշխարհում նեղություններից հոգնածներ և ավելորդ ու ծանր բեռի տակ ընկճվածներ, եկե՛ք ինձ մոտ, և ես բոլորիդ կսփոփեմ ու կհանգստացնեմ: Վերցրե՛ք Ավետարանի լուծը, հետևե՛ք իմ օրինակին, հոգով հեզ և սրտով խոնարհ եղե՛ք և կգտնեք ձեր հանգիստը, քանի որ աշխարհում մարդ առանց լուծի և առանց բեռի պիտի չլինի, անհնար է, որ գտնեք իմ լծից քաղցրը և իմ բեռից թեթևը»:
Հիսուսի՝ աշակերտներին ասած մխիթարական խոսքերը եզրափակելու համար ավետարանիչը ի վերջո հիշում է Հիսուսի խոսքը՝ ուղղված իրեններին. «Երանի ձեզ, որ արժանացաք Մեսիայի գալուստը ողջունելուն, որ արժանացաք ինձ տեսնելուն: Որքան հոգելից մարգարեներ, որքան նշանավոր անձեր անցյալ դարերում փափագեցին տեսնել ձեր տեսածը և լսել ձեր լսածը, սակայն չհասան իրենց փափագին և արժանի չեղան տեսնելու Մեսիայի գալուստն ու Նոր Ուխտի սկզբնավորումը»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: