Ծննդոց գրքի մեկնություն 1:14

Սրբ. Եփրեմ Ասորի

14-19․ Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր: Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ:

 

   Չորրորդ օրը ստեղծվեցին երկնքի լուսատուները: Այն լույսը, որը երեք օրով ավելի առաջ էր, քան արեգակը, ամփոփ և հավաքված չէր, այլ տարածված ու սփռված: Չորրորդ օրը նրանց համար ստեղծեց անոթներ և սփռված լույսը ամփոփվեց, հավաքվեց պատրաստված անոթների մեջ. մեծ քանակությունը հավաքվեց արեգակի, իսկ փոքր մասը՝ լուսնի մեջ: Նրա մեջ դրվեցին նաև ընդարձակվելու կարգերը և սահմանները, այն պահին, երբ ցերեկն ավարտվում էր, սկսվում էր գիշերը: Այդպես չէր լինի, եթե լույսը լիներ սփռված և տարածված առանց որևէ տարրի, որովհետև լույսը ճառագայթ է... Այդպես ուրեմն Մովսեսը գրեց և նրա վկայությունը ճշմարիտ է և իր խոսքի մեջ վկայում է, թե «լույս եղավ»: Բայց նորից ասաց, թե՝ «Ստեղծեց երկու մեծ լուսատուներ» և «մեծ» ասելով փոքրացրեց առաջինը, որովհետև առաջինը ընկղմվեց նրանց մեծության մեջ:
   

Ա. Լոպուխին

14-15․ Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան նշաններն ու ժամանակները, օրերն ու տարիները: [14] Եվ թող  երկնքի հաստատության մեջ լուսատուներ լինեն, որպեսզի լուսավորեն երկիրը»: Եվ եղավ այդպես: (Սինոդական թարգ․)

   

   Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատաության մեջ, որպեսզի իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը… Սա արարչագործության նոր փուլի մասին տիեզերածին տեսիլք է, որի ընթացքում երկիրն անջատվեց արեգակնային համակարգից: Աստվածաշնչյան պատմությունն այս մասին կրկին հարմարեցված է նախնադարյան մարդու մանկական աշխարհընկալմանը. այսպես՝ լուսատուները կարծես ներկայանում են արտաքին երկնային հաստատության վրա այնպես, ինչպես դրանք ընկալվում են մեր կենցաղային, ոչ գիտական պատկերացումներում: Այստեղ առաջին անգամ հիշատակվում է օրը գիշերվա ու ցերակվա բաժանելու իրական պատճառը, որ տեղի է ունենում լուսատուների ազդեցությամբ: Սրանով կարծես տրվում է անուղղակի հաստատում այն մտքի, որ արարման նախորդ երեք օրերը, հետևաբար, չէին կարող լինել սովորական աստղագիտական օրեր, և, որ աստվածաշնչյան պատմության մեջ նման բնույթ դրանք ստացել են արդեն հետագայում՝ որպես տիեզերածնության տեսիլքի որոշակի հայտնի պահեր: Աստվածաշունչը մեզ ներկայացնում է երկնային լուսատուների եռակի նշանակություն. նախ, դրանք պետք է ցերեկը բաժանեն գիշերից, ընդ որում արևը պետք է շողա ցերեկը, իսկ լուսինն ու աստղերը լուսավորեն գիշերը, երկրորդ՝ դրանք պետք է ծառայեն որպես ժամանակի կարգավորիչներ, այսինքն՝ արևի ու լուսնի տարբեր փուլերը պետք է ցույց տային ամիսների ու տարվա եղանակների պարբերական հերթափոխը, և վերջապես, դրանց առաջնահերթ նշանակությունը երկիրը լուսավորելն է: Երկնային լուսատուների առաջին և վերջին նշանակությունը միանգամայն պարզ է ու ինքնին հասկանալի, իսկ դրանց երկրորդ նշանակությունը պահանջում է որոշակի մեկնաբանություն:

   Որպեսզի ցույց տան նշանները ... Այս նշանների տակ բնավ պետք չէ հասկանալ երկնային լուսատուների սնոտիապաշտական երկրպագություն կամ աստղագուշակություններ, որոնք լայն տարածում են ունեցել Հին Արևելքի ժողովուրդների մոտ և խստորեն դատապարտվել՝ Աստծո ընտրյալ ժողովրդի կողմից (Բ Օր. 4:19, 18:10): Սակայն սա, ըստ Թեոդորետոս երանելու, նշանակում է, որ լուսնի փուլերը, ինչպես և տարբեր աստղերի ու գիսաստղերի ծագումն ու մայրամուտը հողագործների, ճանապարհորդների ու նավաստիների համար ծառայել են որպես օգտակար ուղեցույցներ (Ծննդ. 15:5, 37:9, Հոբ 38:32–33 Սաղմ. 103:14–23, Մատթ. 21–2, Ղուկ. 21:25): Դեռ շատ վաղ ժամանակներում լուսնի փուլերը և արևի դիրքը սկսեցին ծառայել որպես նշաններ տարին ամիսների բաժանելու և վերջիներս տարվա եղանակների՝ գարնան, ամռան, աշնան և ձմռան մեջ միավորելու համար (Սաղմոս. 73:16–17): Վերջապես, հետագայում լուսնի փուլերը՝ մասնավորապես նորալուսինը, սկսեցին զգալի դեր խաղալ աստվածաշնչյան սրբազան ժամանակների կամ հին հրեական տոների բոլորաշրջանում:

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները,
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի բաժանեն ցերեկը գիշերից և նշանների, ժամանակների, օրերի և տարիների համար լինեն:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Եղիցի՛ն լուսաւորք ի հաստատութեան երկնից, ի լուսաւորութիւն ի վերայ երկրի. և մեկնե՛լ ի մէջ տուընջեան, և ի մէջ գիշերոյ. և եղիցին ի նշանս, և ի ժամանակս, և յաւուրս, և ի տարիս: