Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

9-10. «Հապա ի՞նչ տեսնելու համար դուք եկաք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, և դեռ ավելի՛ն, քան մարգարեն»։ «Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. «Ահա Ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին (հրեշտակին) Քո առջևից, որը կպատրաստի Քո ճանապարհը Քո առաջ»» (Մաղ. 3:1
   
    Այսպես նկարագրելով Հովհաննեսին՝ իր բնակության վայրով, հագուստով և դեպի նա ընթացող ժողովրդի բազմությամբ, Փրկիչը վերջապես կոչում է նրան նաև մարգարե՝ ասելով. «Ի՞նչ տեսնելու համար դուք եկաք՝ մի մարգարեի՞․ այո՛, ասում եմ ձեզ, և դեռ ավելի՛ն, քան մարգարեն» (Մատթ. 11:9«Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. «Ահա Ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին Քո առջևից, որը կպատրաստի Քո ճանապարհը Քո առաջ»» (Մաղ. 3:1)։ Նախ հրեաների վկայությունն է հիշատակում, հետո դրան հավելում է մարգարեի վկայությունը։ Կամ ավելի լավ է ասել՝ առաջինը ներկայացնում է հրեաների կարծիքը, որը, թշնամիների կողմից տրված վկայություն լինելով, ամենազորեղ ապացույցն է համարվում, և երկրորդ՝ մատնանշում է այդ մարդու (Հովհաննեսի) կյանքը։ Երրորդ հերթին էլ՝ Քրիստոս հայտնում է Իր դատաստանը ու չորրորդ՝ Հովհաննեսին կոչում է «մարգարե»՝ բոլորովին փակելու համար ընդդիմախոսների բերանները։

    Այնուհետև, որպեսզի մարդիկ չասեն՝ իսկ ի՞նչ եթե Հովհաննեսը նախկինում այդպիսին էր, իսկ այժմ փոխվե՞լ է, Փրկիչը վկայաբերում է մյուս ապացույցները՝ մատնանշելով նրա հագուստը, բանտը և դրա հետ մեկտեղ նաև՝ մարգարե լինելու իրողությունը։ Ասելով, որ Հովհաննեսն ավելին է, քան մարգարեն՝ այնուհետ էլ մատնացույց է անում նաև պատճառը, թե ինչո՛ւ է մարգարեից առավել։

    Ուրեմն ինչո՞ւ։ Եկողի (Քրիստոսի) հետ իր ունեցած մերձավորությա՛ն պատճառով։ «Ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին (հրեշտակին) Քո առջևից» (այլ կերպ ասած՝ քո դիմաց, քո երեսի առջև), այսինքն՝ քեզ մոտ։ Ինչպես թագավորների ճանապարհորդությունների ժամանակ ամենափառավոր անձերը գնում էին անմիջապես թագավորական կառքերի կողքով (թագավորին հնարավորինս մոտ), այնպես էլ Հովհաննեսն է այժմ երևում Քրիստոսի գալստյան իրադարձությանը զուգահեռ (նախակարապետելով Քրիստոսի գալուստը)։ Տե՛ս, թե Տերն ինչպես է նաև այսպիսո՛վ ցույց տվեց Հովհաննես Մկրտչի գերազանցությունը մյուս մարգարեների նկատմամբ։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ,
   
    Հապա ի՞նչ ելաք տեսնելու. մարգարե՞. այո՛, ասում եմ ձեզ, և ավելի՛ն, քան մարգարե:

    Ամեն կողմից չէ, որ ըմբերանում է նրանց, այլ [ասում է]. եթե ելաք, որ մարգարեի տեսնեք, այսինքն՝ կանխատեսի, ինչպես որ նրա հայրն ասաց ձեզ լսելի կերպով. «Դո՛ւ, մանուկ, Բարձրյալի մարգարե կկոչվես» (Ղուկ. 1։76), հրեշտակն էլ թե՝ «Կգա Եղիայի հոգով ու զորությամբ» (Ղուկ. 1։17), ապա ինչո՞ւ եք նրա հարցից գայթակղվում, քանի որ ոչ թե իր համար [էր հարցնում], այլ աշակերտների, ինչպես ասվեց: Որովհետև մարգարեն չի կարող այլևայլ բաներ խոսել, այլ միևնույնը, ինչպես և ասում է [Տերը]. «Այո՛, ասում եմ ձեզ, և ավելին, [քան մարգարե]», այսինքն՝ ճշմարի՛տ մարգարե և մարգարեից առավե՛լ մեկը: Ճշմարիտ՝ որովհետև թեև Հովհաննեսը հրաշքներ չգործեց, բայց այն ամենն, ինչ ասաց, ճշմարիտ ասաց (Հովհ. 10։41-42): Եվ «ավելին»՝ նախ՝ որովհետև Թագավորի գալստյանը մոտ էր. ինչ որ մարգարեները մարգարեացել էին, նա տեսավ ու վկայեց թե՝ «Սա՛ է», ինչպես թագավորների [դեպքում են վարվում]. ովքեր [թագավորին] մոտ են կանգնած և նրա թագն են պահում, ավելի պատվական են. այդպես էլ Հովհաննեսն էր Տիրոջ գալստյան ժամանակ [ասես] ձիավարում: Երկրորդ՝ որովհետև նաև [մոր] որովայնում մարգարեացավ խայտալով ու երկրպագելով: Երրորդ՝ ոչ միայն մարգարեացավ խոսքով, ինչպես այլ մարգարեները, այլև ծառան արժանացավ Տիրոջը մկրտելու: Իսկ չորրորդ [պատճառը] հաջորդ խոսքն է հայտնում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7