Սրբ. Եփրեմ Ասորի
26-31․ Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:
Վեցերորդ օրը Աստված ստեղծեց Ադամին: Ասում է. «Մեր կերպարանքով և նմանությամբ», այսինքն` իշխանության պատկերի նմանությամբ, քանի որ ինչպես Աստծո իշխանությունն է ամեն ինչի վրա, այնպես էլ Ադամի իշխանությունն ամեն ինչի վրա դրեց: Սա բացատրվում է հաջորդ խոսքով, որն ասում է. «Թող իշխեն ծովի ձկների, երկրի գազանների և երկնքի թռչունների և անասունների և ամբողջ երկրի վրա»: Այսպիսով, Ադամին կարգեց որպես բանական գլուխ և առաջնորդ նրանց վրա, ովքեր միտք չունեն: Նա, որ իմաստություն և գիտություն ուներ, կարգվեց նրանց վրա, ովքեր իրենց բնազդային գոյության մեջ էին: Քանի որ Ադամն ինքն իր անձի վարիչն ու առաջնորդն էր, իր անձնիշխանության իմաստությամբ դարձավ նրանց ղեկավարողը, ովքեր բնազդային գոյության մեջ էին: Սրանով նա կոչվեց. «Աստծո պատկերի նմանությամբ»: Եվ մարդու փառքի և պատվի համար կոչվեց Աստծու ձեռքով ստեղծված, թեպետ Ս. Գրքում ասվում է, թե վերցրեց հողը և ստեղծեց նրան, որովհետև Ս. Գրքում սովորաբար Աստծու կամքը գործ է համարվում: Երբ ասվում է, թե մարդն Աստծո պատկերն է, ոչ թե բնությունը նկատի ունի, այլ նրա ազատության իշխանությունը: Եվ Աստված մարդուն ստեղծեց ամեն ինչի վերջում, որպեսզի մարդը չկարծի, թե արարչությունն իրենն է:
Ա. Լոպուխին
Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ, և թող նրանք իշխեն ծովի ձկների, և երկնքի թռչունների, և անասունների , և ողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: (Սինոդական թարգ․)[26]
Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք... » Այս բառերից ակնհայտ է, որ նախքան մարդու՝ այս նոր ու զարմանալի էակի արարումը, Աստված խորհրդակցել է ինչ-որ մեկի հետ: Այն հարցը, թե ում հետ կարող է խորհրդակցել Աստված, ծառացել է դեռևս հինկտակարանյան մարգարեների առաջ. Ո՞վ ըմբռնեց Տիրոջ հոգին և ո՞վ խորհրդատու դարձավ նրան և ուսուցանեց նրան (Ես. 40։13–14, Հռոմ. 11։34). և սրա լավագույն պատասխանը տրված է Հովհաննու Ավետարանում, որտեղ խոսվում է Բանի մասին, որն ի սկզբանե Աստծո հետ էր և Նրա հետ միաբանորեն ստեղծեց ամեն ինչ (Հովհ. 1։2–3): Այս Լոգոսը՝ Աստծո նախահավիտենական Որդին, նույն Եսայի մարգարեի մոտ անվանվում է սքանչելի Խորհրդակից (Ես. 9։6): Սուրբ Գրքի մեկ այլ հատվածում Նա Իմաստության կերպարանքով ուղղակիորեն պատկերվում է որպես Արարիչ-Աստծո ողջ ստեղծագործության այդ թվում նաև «մարդկանց որդիների» արարման մերձավորագույն մասնակից (Առակ. 8։27–31): Այս միտքն առավել են պարզաբանում այն մեկնիչները, ովքեր տվյալ խորհրդածությունը կապում են Բանի մարմնացման խորհրդին, որ հաճեց մարդու կերպարանք առնել՝ իր աստվածային բնությանն այն միավորելով (Փիլիպ. 2։6–7): Սուրբ հայրերից մեծ մասի միահամուռ կարծիքով՝ դիտարկված աստվածային խորհուրդը կատարվեց նաև Սուրբ Հոգու մասնակցությամբ, այսինքն՝ Սուրբ Երրորդության Անձերի միջև (Եփրեմ Ասորի, Իրենեոս, Բարսեղ Մեծ, Գրիգոր Նյուսացի, Կյուրեղ Ալեքսանդրացի, Թեոդորետոս, Օգոստինոս և այլք):
Ինչ վերաբերում է այդ խորհրդի բովանդակությանը, ապա, ըստ Ֆիլարետ եպիսկոպոսի մեկնաբանության, այս բովանդակության անվամբ, հետևաբար նաև գործունեությամբ է Սուրբ Գրքում նկարագրվում Աստվածային կանխագիտությունն ու նախասահմանությունը (Գործք. 2։23), այսինքն՝ տվյալ դեպքում մարդու արարման մասին մտքի իրագործումը, որ ժամանակներից առաջ գոյություն ուներ արարչագործության աստվածային ծրագրում (Գործք. 15։18): Այսպիսով, այստեղ մենք գտնում ենք նախաջրհեղեղյան աշխարհում երրորդության խորհրդի գոյության ամենահին հետքերից մեկը, սակայն հետագայում այն, համաձայն լավագույն մեկնիչների, մեղսագործության պատճառով մթագնվել է առաջին մարդկանց գիտակցության մեջ, իսկ այնուհետև, բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, երկար ժամանակ բոլորովին վերացել է հինկտարարանյան մարդու գիտակցությունից, որից այն հատկապես մանկավարժական նպատակներով նույնիսկ դիտավորյալ է ծածկվել, որպեսզի բազմաստվածությանը մշտապես հակված հրեաներին այս առնչությամբ ավելորդ գայթակղության առիթ չտրվի:
«Մարդ...» Եբրայերեն տեքստում այստեղ դրված է «ադամ» բառը: Երբ այս բառն օգտագործվում է առանց որոշիչ հոդի, ապա չի արտահայտում առաջին մարդու հատուկ անունը, այլ սոսկ մատնանշում է մարդ հասարակ անունն ընդհանրապես: Այս իմաստով այն հավասարապես կիրառելի է ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ նկատմամբ (Ծննդ. 5։2): Ինչպես երևում է հետագա շարադրանքից՝ հենց այս իմաստով է այդ բառն այստեղ կիրառված՝ նշանակելով նախաստեղծ զույգը՝ որպես ամբողջություն, որին էլ հենց ուղղված են բազմացման ու բնության վրա իշխելու վերաբերյալ աստվածային օրհնանքները (Ծննդ. 1։27): Կիրառելով «մարդ» հասարակ անունը եզակի թվով՝ պատմագիրը դրանով ավելի պարզորոշ է ուրվագծում մարդկային ցեղի միասնության իրողությունը, որի մասին էլ Գործքի հեղինակն ասում է. «Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (Գործք 17։26):
Մեր կերպարանքով [պատկերով] ու նմանությամբ... Այստեղ օգտագործված են նշանակությամբ իրար մոտ երկու բառեր, որոնցից յուրաքանչյուրն, այնուամենայնիվ, պարունակում է մտքի որոշակի նրբերանգներ. մեկը նշանակում է կատարելատիպ, կատարելության նմուշ, իսկ մյուսը՝ այդ կատարելատիպի իրականացում, նշված նմուշի կրկնօրինակում: «Առաջինը (κατ’ εικόνα - պատկերով) – խորհում է ս. Գրիգոր Նյուսացին – մեզ տրված է արարմամբ, իսկ վերջինը (κατ’ ομοίωσιν - նմանությամբ)՝ մենք իրականացնում ենք ազատությամբ»: Հետևաբար, մարդու մեջ Աստծո պատկերը նրա էության անբաժանելի ու անջնջելի մասն է, իսկ աստվածանմանությունը կապված է մարդու անհատական ազատ ճիգերի հետ, որ մարդու մեջ կարող է հասնել զարգացման բավականին բարձր մակարդակի (Մատթ. 5։48, Եփես. 5։1–2), սակայն երբեմն կարող է և իսպառ բացակայել (Ծննդ. 6։3-23, Հռոմ. 1։23, 2։24):
Ինչ վերաբերում է Մարդու մեջ Աստծո պատկերին, ապա այն արտացոլվում է նրա բարդ էության բազմատեսակ զորություններում ու առանձնահատկություններում. և՜ մարդկային հոգու անմահության մեջ (Առակ. 2:23), և՜ սկզբնական անմեղության (Եփես. 4։24) ու մաքրության (Ժողով. 7։29) մեջ, և՜ այն ունակություններում ու առանձնահատկություններում, որոնցով օժտված է եղել նախաստեղծ մարդն իր Արարչին ու Նրա նկատմամբ սերը ճանաչելու համար, և՜ այն արքայական իրավասություններում, որոնք ունեցել է առաջին մարդը բոլոր ստորին արարածների (Ծննդ. 1։28–29) ու նույնիսկ՝ իր սեփական կնոջ նկատմամբ (Ա Կորն. 11։7), և՜, հատկապես, իր հիմնական հոգևոր զորությունների՝ մտքի, սրտի ու կամքի եռակի առանձնահատկության մեջ, որոնք կարծես ծառայում են որպես Աստվածային եռամիասնության որոշակի արտացոլում (Կող. 3։10): Սուրբ Գիրքն աստվածային պատկերի լիարժեք ու ամենակատարյալ արտացոլում անվանում է միայն Աստծո Որդուն (Եբր. 1։3, Կող. 1։15), իսկ մարդը համեմատաբար թույլ, դալուկ ու անկատար պատճենն է այս անզուգական պատկերի. Սակայն նա, այնուամենայնիվ, անառարկելի հարազատության մեջ է Նրա հետ և այստեղից է իրավունք ստացել կոչվել Նրա զարմ (Գործք 17։28), որդի կամ զավակ Աստծո (Ղուկ. 3։38), ինչպես նաև, ուղղակի՝ «պատկեր ու փառք Աստծո» (Ա Կորն. 11։7):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր պատկերով և Մեր նմանությամբ, որ իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների և ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Արասցո՛ւք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան, և իշխեսցեն ձկա՛նց ծովու. և թռչնոց երկնից, և անասնոց, և ամենայն երկրի, և ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: