Ստեփանոս Սյունեցի
«Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել.
«Եվ դառնալով նրանց ասաց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չատի իր հորը և մորը...»:
Եվ ինչպե՞ս է որ, Նա, Ով հրամայեց սիրել թշնամիներին, հրամայում է ատել հորն ու մորը, եղբորն ու քրոջը, կնոջն ու որդիներին, այլև իր անձն իսկ:
Արդ, ինչպես ինձ թվում է, և ինչպես Մատթեոսն էլ է ասում, այս է հորդորում. «Եթե մեկը [իր] հորը կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ...» (Մատթ. 10:37), այլ [արժանի է նա՛, ով] առավելագույն սիրով և անքակտելի հաստատությամբ Ինձ կսիրի և ապա իր հորը, մորը, եղբայրներին, կնոջը և որդիներին:
Քանզի նրանց սերը Իմ սիրո հանդեպ այնչափ մեղմագույն պիտի երևա, որ մինչև իսկ ատելություն թվա:
Մաղաքիա արք. Օրմանյան
26-35. «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. որովհետեւ, ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել։ Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞, որպէսզի, գուցէ, երբ հիմք դնի եւ չկարողանայ աւարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել եւ ասել, թէ՝ «Այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացաւ աւարտել»: Կամ ո՞ր թագաւորը, եթէ գնայ պատերազմելու մի այլ թագաւորի դէմ, նախ չի նստի եւ խորհի, թէ տասը հազարով կը կարողանա՞յ դիմադրել նրան, որ իր վրայ քսան հազարով է գալիս: Ապա թէ ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամաւորութիւն ուղարկելով՝ խաղաղութիւն կը խնդրի: Արդ, այսպէս էլ՝ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցուածքից չհրաժարուի, չի կարող իմ աշակերտը լինել»: «Աղը լաւ բան է, բայց եթէ աղն էլ անհամանայ, ինչո՞վ այն պիտի համեմուի: Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ՝ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»:
Հիսուսին հետևելը կարող ենք երկու կերպ ընդունել և երկուսի համաձայն զանազանել պայմանները: Առաջին կերպն է՝ Ավետարանի պարզ աշակերտությունը, ընդունելով նրա վարդապետությունը և կատարելով նրա պատվիրանները: Մյուս կերպը՝ Ավետարանի գործակցությունը, քարոզելով նրա վարդապետությունը և տարածելով նրա աշակերտությունը: Ավետարանի գործոն պաշտոնյա լինելու և Ավետարանը տարածելու համար շատ ավելի պայմաններ ու ձիրքեր են պահանջում, քան թե լոկ աշակերտության համար: Եթե կարելի է այսպես բացատրել՝ լոկ աշակերտությունը կրավորական մի դեր է, մինչ գործոն պաշտոնեությունը ներգործական դեր է պահանջում: Հիսուսի բերանով այս հատվածում բացատրված պայմանները որքան և կարող են պարզ աշակերտությանը պատկանել, սակայն շատ ավելի ընդարձակ և շատ ավելի ծանր լինելու պատճառով, սովորաբար մեկնվում են գործոն պաշտոնեության մասին և որպես պայման առաջարկվում են նրանց, ովքեր քրիստոնեական եկեղեցում կրոնական պաշտոնների են կոչվում, ինչպես որ առաջին անգամ Հիսուսի կողմից առաջարկվեցին Իր Տասներկու առաքյալներին և Յոթանասուներկու աշակերտներին: Ճիշտ է, Ավետարանն ասում է, թե Հիսուս Իրեն հետևող ժողովրդին դառնալով խոսեց, սակայն խոսքի ընթացքում տեղ-տեղ հասարակ ժողովրդից պահանջվող պայմաններից ավելի ծանրերն առաջ բերված պիտի տեսնենք:
Առաջինը, ընտանեկան և ազգակցական հոգսերի և սիրո պատճառով Ավետարանի հանդեպ ունեցած պարտավորությունը չհետադասելու պայմանն է: Սա հայր ու մայր, ամուսին ու զավակ, եղբայր ու քույր ատելու պայմանն է: Անշուշտ ատել բառը խիստ նշանակությամբ պիտի չհասկացվի, քանի որ պատվիրանին հակառակ գործ է, այլ պիտի ընկալվի եբրայաբանության հետևելու և համեմատական ձևով, թե ընտանիքի սերը Հիսուսի և Ավետարանի սիրուց երբեք բարձր չպիտի նկատվի (Մատթ. 10:17-42):
Երկրորդը, նույնիսկ անձնական սիրուց հրաժվարելու և երբեք իր անձի դյուրությունը Հիսուսի սիրուն և Ավետարանի շահին չգերադասելու պայմանն է: Այս է «զանձն ատել եւ բառնալ զխաչ» բացատրության իրական իմաստը, ինչը որ քանիցս առիթ ենք ունեցել ասելու և կրկնելու: Այդ երկու պայմանները ուղղակի և դյուրին կերպով կարող են Ավետարանի պարզ քարոզությանն էլ պատշաճել:
Երրորդը, գործի չձեռնարկած, գործի ծանրությունը և անձի կարողությունը լավ կշռել և ըստ այնմ գործի անցնելու պայմանն է, այնպես որ եթե որևէ մեկն զգա, որ իր միջոցներն ու կարողությունը պիտի չբավարարեն ձեռնարկած գործը գլուխ բերելու, խոհեմություն է երբեք իսկ չձեռնարկել և խոհական կերպով գործի կամ վտանգի առջևն առնել: Երկու օրինակներն կամ առակավոր նմանություններ են առաջ բերվում այստեղ: Մի մարդ ուզում է աշտարակ կառուցել, որ նշանակում է, ոչ թե խրճիթ կամ բնակարան, այլ կոփածո քարերով ամուր և հաստատուն մի շենք կանգնեցնել: Այդպիսին պետք է ունեցած դրամը և կատարելիք ծախսը համեմատի և երբ տեսնի, որ գործը ավարտին հասցնելու բավարար գումար ունի, այդ դեպքում միայն գործը ձեռնարկի, ապա թե ոչ, կես ճանապարհին կմնա, շենքը կեսկատար և ինքը խայտառակ կլինի և անցնող- դարձողը անկատար շենք տեսնելով, կսկսի ծիծաղել ու ասել. «Այս մարդը սկսեց, բայց չկարողացավ ավարտել»:
Երկրորդ օրինակը վերցրված է մի իշխանից, որ հանկարծ լսում է, թե հարևան իշխանը իր դեմ պատերազմի է գալիս քսան հազար մարդով, մինչ ինքը տասը հազարից ավել չունի: Պետք է նախ մտածի և կշռի, թե հնարավորություն ունի՞ իր մարդկանցով թշնամիներին դիմագրավել, զենքերի, գործիքների, կիրճերի, բերդերի և ուրիշ հնարքների առավելություններ ունի՞ թշնամու շատությունը հավասարակշռելու: Եթե այսպիսի մի հույս ունի, թող դուրս գա թշնամու դեմ, իսկ եթե չունի և քան դե թշնամին հետևում է, հաշտության դեսպաններ ուղարկի և պատվավոր ու շահասեր կերպով հնարավոր մի խաղաղություն խնդրի և ստանա: Այս պայմանը, ինչպես երևում է, ավելի գործոն պաշտոնեության համար է, որին ոչ բոլորն են հարկադրված, մինչդեռ պարզ աշակերտության համար ոչ մի հնարավորության պակաս չի կարող դիտվել որպես բացթողման փաստ կամ ձեռնարկելն արդարացնել:
Այս հատվածի վերջում որպես հետևություն կցված մասը, թե ով որ իր ունեցվածքից չհրաժարվի, չի կարող Ավետարանի աշակերտ լինել, պետք չէ նախընթացին որպես եզրակացություն ընդունվի, որի հետ իմաստային ներքին կապ չունի, այլ ավելին՝ պիտի վերցվի որպես նոր ու չորրորդ մի պայման, որ է ունեցվածքի և հարստության սերը չգերադասել Ավետարանի սիրուց: Այս ձևով ավելի հարմար կլինի 14:33 համարը անմիջապես դնել 14:27 համարից հետո: Ոմանք նույնիսկ կարծում են, թե այդ տեղափոխությունը գուցե պատասխան ընդօրինակությունների շփոթություններից առաջ եկած լինի, սակայն այնքան անհրաժեշտ մի ենթադրություն չէ, քանի որ Ավետարանի ներկայացրած պայմանները իրարից անկախ կետեր են:
Հինգերորդ պայմանն էլ աղի օրինակից է վերցված: Ավետարանի հետևողը պետք է ինքը իր մեջ կատարյալ լինի, որպեսզի ուրիշին էլ օգտակարություն բերի: Այդ նմանությունն ուրիշ տեղ էլ բացատրեցինք (Մատթ. 18:6-14), բայց այստեղ հետևողության պայմանների կարգում, գործոն պաշտոնեության մասին մեկնվող պայմանների մեջ պիտի համարվի, քանի որ աղի բնությունն ու պաշտոնը, որ է կերակուրները համեմել, ուղղակի ուրիշներին օգտակար լինելու իմաստ է արտահայտում:
Հատվածի վերջաբանը, «Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցի» անձը պատասխանատվությունից ազատելու և պատասխանատվությունը ունկնդիրների վրա դնելու նպատակ ունի: «Իմ պարտքը ազդարարելն էր, - ուզում է ասել Հիսուս, - ես խոսեցի ու ազդարարեցի: Լսելը, իմանալն ու գործադրելը լսողի պարտքն է: Ով լսելու պատրաստ ականջ ունի, թող լսի ու կատարի, իսկ ով չի կատարում, թող ինքն իրեն մեղադրի»: Հիսուսի օդտագործած խոսքն առած դարձած սովորական մի խոսք է, որը Հիսուս ուրիշ անգամներ էլ է օգտագործել որպես խոսքի ու քարոզության կնիք և ավարտ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: