Մաղաքիա արք. Օրմանյան
5-25․ Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի դստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր։ Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով։ Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին։ Եւ մինչ Զաքարիան Աստծու առջեւ իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակուեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել։ Եւ խնկարկութեան ժամին ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած։ Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած։ Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, եւ վախ ընկաւ նրա մէջ։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես։ Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով, որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի եւ Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստուածը։ Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»։ Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու։ Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ՚իրականան իրենց ժամանակին»։ Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ։ Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. եւ նա նշանացի էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձուած։ Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ։ Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում. «Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։
Ղուկասն ընդարձակորեն պատմում է այն, ինչի մասին լռում է Հովհաննեսը: Հերովդես Մեծի օրոք ապրում էր Զաքարիա անունով մի քահանա, որի կինը Եղիսաբեթն էր: Նա ևս Ահարոնյան քահանայական ցեղից էր: Սրանք եղան Կարապետի ծնողները: Ժամանակը ճիշտ տարիներով չի տրվում, սակայն, իմանալով Հովհաննեսի և Հիսուսի ծնունդների վեցամսյա տարբերությունը Ղուկ․ 1։26,Հիսուսի ծննդյան ժամանակը համարելով Հռոմեական 750 թվականի հունվարի 6-ը, Զաքարիայի ավետումը կլինի 748 թվականի սեպտեմբերի վերջերին: Բայց Զաքարիան սրանից շատ առաջ էլ էր ապրում, որովհետև այդ թվականին արդեն իր օրերն ապրած մի ծերունի էր: Ոմանք կարծեցին, թե Զաքարիան մեծ Քահանայապետ էր, բայց Ղուկասը չի նպաստում այդ կարծիքին և հայտնապես ասում է, որ Զաքարիան Աբիայի դասակարգից մի պարզ քահանա էր:
Երբ քահանայական սերունդը բազմացավ, Դավիթը քահանաներին բաժանեց 24 դասակարգերի, որոնք հերթով կամ որոշակի ժամանակով պետք է մնային տաճարում և մեկական շաբաթ սպասավորություն անեին: Այդ 24-ից ութերորդն Աբիայի դասակարգն էր Ա․ Մնաց․ 24։10, որին և պատկանում էր Զաքարիան: Թեև Եղիսաբեթն էլ այդ 24 դասակարգերից մեկին էր պատկանում, սակայն Ավետարանը ստույգ դասը չի ճշտում: Հավանական ավանդությունն ասում է, որ Եղիսաբեթի պապը Մատթան քահանան էր, որ ունեցավ երեք դստրեր` Աննա, Սովվե և Մարիամ: Աննայի զավակը Մարիամ Աստվածամայրն էր, Սովվեինը` այս Եղիսաբեթը, իսկ Մարիամինը `Զեբեդյանների մայր Սողոմեն: Միայն անորոշ է մնում Եղիսաբեթի հայրը, որ պետք է ևս քահանայական 24 դասակարգերից մեկին պատկաներ: Զաքարիայի բնակության վայրն ընդհանրապես համարվում է Քեբրոն քաղաքը, այժմ Խալիլ յուր Ռահման, որ իրոք Ահարոնի ցեղի քահանաներին հատկացվեց Հեսուի հրամանով Հեսու 21։11։ Թեև Ավետարանը չի հիշատակում այն քաղաքի անունը, ուր գտնվում էր Զաքարիան, սակայն ստորև խոսվում է, որ դա Հուդայի գլխավոր քաղաքն էր, և մատնանշում է Քեբրոնը, որն ամենատարածված կարծիքն է: Ոմանք կարծում են, թե այն Քեբրոնի մոտ եղող Հետտա քաղաքն է, որ դարձյալ քահանայական էր Հեսու 21։16, վրջինս այլ թարգմանություններում Հուդդա է գրվել և շփոթմամաբ դարձել Հուդա: Այսօր էլ նույն տեղում Եուդա անվամբ մի գյուղ կա:
Զաքարիան ու Եղիսաբեթը ծեր էին և անզավակ: Նրանք ապրում էին արդար, պատվիրանապահ կյանքով: Չնայած առաջացած տարիքին` Զաքարիան դեռ իր գործին էր: Երբ իր շաբաթը հասավ, Քեբրոնից տաճարը եկավ և ստանձնեց իր պաշտոնը: Օրերից մի օր, Հռոմեական 748 թվականի սեպտեմբերի վերջերին` խնկարկության ժամանակ, Խնկոց Սեղանի աջակողմում մի հրեշտակ տեսավ: Զաքարիան շփոթվեց, բայց հրեշտակը, որ Գաբրիել Հրեշտակապետն էր, քաջալերեց նրան` ավետելով, թե Եղիսաբեթից զավակ է ունենալու: Նաև հրամայեց անունը դնել Հովհաննես` ավելացնելով, որ այդ տղան ամենքին ուրախություն է պարգևելու, լինելու է մեծ անձնավորություն, իր կյանքն ապրելու է որպես նազովրեցի ուխտավոր, Իսրայելի ժողովրդին ուղղություն է ցույց տալու և Եղիայի նման նախանձահույզ հոգի է ունենալու:
Զաքարիան կասկածեց, քանզի ինքն ու Եղիսաբեթն արդեն ծեր էին: Հրեշտակապետին ծանր եկավ Զաքարիայի թերահավատությունը, և նա պատիժ նշանակեց նրան. նա պետք է համր ու պապանձված մնար մինչև խոստացյալ զավակի ծնունդը: Տեսիլքն ավարտվեց, սակայն Զաքարիան երկար էր մնացել Տաճարի ներսում` հարուցելով ժողովրդի հետաքրքրությունը: Բազմությունը բացատրություն էր պահանջում, բայց Զաքարիան խոսել չէր կարողանում և պատահածը բացատրում էր նշաններով: Այդուհանդերձ, ավարտվեց մեկ շաբաթյա իր հերթը, և նա Քեբրոնից վերադարձավ Երուսաղեմ ու Եղիսաբեթին նույնպես նշաններով հասկացրեց պատահածն ու լինելիքը: Ծերացած ամուսինները վարվեցին հրեշտակի հրամանի հանմաձայն: Անցավ մի քանի ամիս և Եղիսաբեթն զգաց իր հղի լինելը ու, թեև ուրախ էր, որ ի վերջո ազատվեց ամլության նախատինքից, սակայն, մյուս կողմից ամաչում էր` թաքնվելով ծանոթներից ու հարևաններից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: