Ա. Լոպուխին
Այս դեպքերից հետո Աստված խոսեց Աբրամի հետ տեսիլքում [գիշերը]՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը չափազանց շատ է [լինելու]»։ (Սինոդական թարգ․) [1]
Այս դեպքերից հետո... Սովորական, բայց միևնույն ժամանակ շատ ընդհանուր ժամանակագրական մատնանշում:
Աստված խոսեց Աբրամի հետ... Մեկնիչներն ուշադրություն են դարձնում տվյալ հատվածին՝ իբրև այն առաջին դեպքը, թե ինչպես Աստվածաշնչում «դավար»՝ «խոսք», եզրույթի ներքո առաջարկվում է մարմնացյալ Բանի, այսինքն՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խորհրդավոր կանխագուշակումը (Ելք. 9:20, Ա Թգ. 3:1, Սղ. 32:6 և այլն):
Տեսիլքում [գիշերը]... Վերջին նշումը, դրված փակագծերում, մուտք է գործել LXX, սակայն ոչ բոլոր կոդեքսների մեջ (տե՛ս Գոլմես): Իսկ եբրայական բնօրինակն այն չունի և մեկնիչներից շատերը դա համարում են ավելի ուշ շրջանի հավելում: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ աստվածահայտնությունը տեղի էր ունենում գիշերը, ապա ամեն դեպքում, առանց կասկածի, Աբրամը, ինչպես երևում է ողջ կոնտեքստից (Ծննդ. 15:2, 5, 9–11), ստանալով այդ հայտնությունը, եղել է ոչ թե երազային, այլ արթմնի վիճակում: Ծննդոցի հեղինակը, ավելի ստույգ սահմանելով այս իրադրությունը, այն անվանում է «տեսիլք», այսինքն՝ յուրօրինակ սքանչացման, վեհացման և, այսպես ասած, զմայլվածության վիճակ՝ հար ու նման այն կացության, որի մեջ հայտնվել էր Եսայի մարգարեն իր մարգարեական ծառայության կոչման ժամանակ (Ես. 6), կամ Պողոս առաքյալը, երբ հափշտակվել էր դրախտ և լսել անպատմելի խոսքեր (Բ Կր. 12:3–4):
Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ... «Մի վախեցիր նախ այն թշնամիների վրիժառությունից, որոնց նկատմամբ վերջերս փայլուն հաղթանակ տարար: Նմանապես մի վախեցիր քեզ շրջապատող քանանացի տիրակալներից, որոնք անբարյացակամությամբ և նախանձով են լցված քո ռազմական հաջողության և հարաճող բարեկեցության հանդեպ: Ոչ մի բանից մի վախեցիր»,- ասում է Տերը, քանի որ Ես քեզ համար վահան եմ, այսինքն՝ Հովանավոր և Պաշտպան (Սղ. 3:4, 5:13, 83:12, 118:114 և այլն):
Քո վարձքը չափազանց շատ է [լինելու]... Իբրև վարձ՝ Աբրամի մեծ հոգու վեհագույն և ազնվագույն բոլոր հատկությունների, մասնավորապես նրա հնազանդության և հավատի համար, Աստված տվեց նրան ոչ միայն մի շարք խոստումներ՝ ինչպես անցողիկ, այնպես էլ հավիտանական բարիքների, այլ նաև արժանացրեց դեպի Իրեն առանձնահատուկ մերձեցման: Սա հիմք տվեց Հակոբոս առաքյալին անվանել նրան նույնիսկ Աստծո ընկեր (Հկ. 2:23), որում անհնարին է չտեսնել մեծագույն պարգևներ մարդկության համար:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»:
(Արարատ թարգ․) Այս դեպքերից հետո տեսիլքի մեջ Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, Ես վահան եմ քեզ համար, քո վարձատրությունն անչափ մեծ է»:
(Գրաբար) Յետ բանիցս այսոցիկ եղև Բան Տեառն առ Աբրամ ի տեսլեան գիշերի, և ասէ. Մի՛ երկնչիր Աբրամ, ե՛ս վերակացու եղէց քեզ. և վարձք քո բազո՛ւմ եղիցին յոյժ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: