Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:10

Հովհաննես Ծործորեցի (†1338)

10-11. Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»:

 

   Եվ ժողովրդին Իր մոտ կանչելով՝ ասում է նրանց. «Լսեք և հասկացե՛ք. մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանն է մտնում, այլ ինչ որ ելնում է բերանից, ա՛յն է պղծում մարդուն»:

   Երբ նրանց նախատեց Իր վճռով և մարգարեի ամբաստանությամբ, այլևս ոչինչ չխոսեց նրանց հետ, որովհետև ուղղության չէին գալու: Խոսքն ուղղում է ժողովրդին և ամենայն իմաստությամբ լի առավել բարձր օրենք ներկայացնում: Բայց նախ ուշադրության է հրավիրում՝ ասելով. «Լսեք և հասկացե՛ք», այսինքն՝ խելամո՛ւտ եղեք. որովհետև եթե հնազանդորեն լսում էիք նրանց վարդապետությանը, ովքեր անտեղի խախտում էին Օրենքը, ապա էլ ավելի պետք է Ինձ լսեք, որ պատշաճ ժամանակին [ձեզ] ուղղորդում եմ դեպի բարձրագույն առաքինությունները: «[Մարդուն պղծում է] ո՛չ այն, ինչ մտնում է բերանով». էական բաներին անդրադառնալով՝ օրենք է դնում և վճիռ սահմանում: Բայց նրանք երբ սա լսեցին, բնավ չհակաճառեցին, թե Աստված այնքան պատվերներ է տվել կերակուրների խտրության վերաբերյալ 817, իսկ Դու ուրիշ բան ես օրինադրում: Ինձ թվում է՝ կամ որովհետև խիստ պապանձեցրեց փարիսեցիներին և նրանց նենգությունը բացահայտեց, այդ պատճառով համաձայնեցին, կամ էլ հայտնապես չխոսեց կերակուրների մասին, այլ թե՝ «ինչ որ մտնում է բերանը, չի պղծում մարդուն», ինչն անլվա ձեռքով ուտելու վերաբերյալ կարծեցին, թեպետ Տերը հստակորեն կերակուրների մասին ասաց: Իսկ որ հետո ասաց, թե անլվա ձեռքով ուտելը չի պղծում մարդուն, այն նպատակով ասաց, որ հակաճառություն չլիներ:

   Բայց հարկ է քննել Տիրոջ այս խոսքը, թե ինչպես է, որ բերանը մտնող ոչ մի բան չի պղծում մարդուն, երբ շատ են այն կերակուրները, որ ոչ միայն պղծում են, այլև սպանում, և սրան հակառակ՝ գիտենք, որ ոմանք միայն հաց ուտելով էլ են պղծվում: Նախ սա կասենք. թեպետ իրոք կերակուրների մասին է այս խոսքը, բայց ընտրված և օգտակար [կերակուրների], որոնք Օրենքն ու մարդկային բնությունը բազմաթիվ փորձերով ստուգեցին, որ չունեն պղծելու կամ վնասելու հատկություն: Թեև [սրանցից որոշներ] զզվելի են թվում ոմանց բնությանը, սակայն մաքուր են նրանց համար, ովքեր առանց խղճմտանքի են ուտում՝ ըստ առաքյալի 818, ինչպես որ ոմանք նապաստակ են ուտում, ուրիշներ՝ խոզենի, որոնք երկուսն էլ Օրենքով արգելվում էին 819: Բայց երբ Պետրոսի՝ կտավով տեսիլքից 820 և Տիրոջ այս խոսքից սովորեցին ուտել, ուտում են ու ոչ մի վնաս չեն ստանում, [ոչ այդ], ոչ էլ մյուս բոլոր [կերակուրներից]: Երկրորդ՝ որպես հարկադիր [օրենք] չէ, որ Տերը սահմանեց սա, այլ այսպես ասաց՝ համեմատելով որովայն մտնող ու ամփոփվող կերակուրները դուրս եկող չարությունների հետ, որոնք սրտից են բխում և շատերին խոցոտում՝ սեփական անձի հետ միասին: Որովհետև պղծելը ծածկելը չէ, այլ բանալը, ինչպես որ սովորություն է ամուսնության մեջ անփորձներին մաքուր կոչել և փորձվածներին՝ պղծված, քանի որ հայտնի դարձրին իրենց առականքը: Իսկ միայն հացով են պղծվում, երբ [անչափ] ցանկությամբ են ուտում: Ասենք, որ դա հենց այն է, ինչի մասին Տերն ասաց, որ ինչ որ սրտից է ելնում, այն է պղծում մարդուն: Այդպիսին է նաև [կերակրի անչափ] ցանկությունը կամ որկրամոլությունը, քանի որ սրտից է բխում ու պղծում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

10-20. Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»: Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի: Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»: Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»: Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:

   
   Փարիսեցիների և դպիրների հետ վեճը դադարեց նրանց պապանձվելով։ Վիճաբանությունը ավանդությունների վերաբերյալ էր, բայց առիթը աշակերտների անլվա ձեռքերով ուտելն էր, որով վեճի իսկությունը միշտ մնում էր արտաքին պղծության վրա։ Ավանդության խնդիրը ընդարձակել էր խոսքը, բայց պղծության խնդիրը միշտ խոսակցության հիմքն էր կազմում։ Հետևաբար Հիսուս, երբ որ հակառակորդները լռեցին, դարձավ բազմությանը և խոսքը նրանց ուղղելով ասաց․ «Ահա տեսաք այս մարդկանց ինչ լինելը, ուրեմն ուշադրություն դարձրեք խոսքերիս և մտքներիդ մեջ հաստատ պահեք։ Ինչ որ բերանից է մտնում չի կարող մարդուն պղծել ինչ որ բերանից դուրս է գալիս, այն է, որ մարդուն պղծում է։ Խոսք հասկացողը թող լավ մտապահի այդ կետը»։ Հիսուսի գործածած հակադրության ձևը, մարդու համար արտաքին և ներքին եղող իրերի վրա է հաստատված, և ոչ թե պարզապես մտնելու և ելնելու, որովհետև ինչ որ մարդու համար արտաքին է թե՛ մտնելիս և թե՛ ելնելիս մարդուն չի պղծի, իսկ ինչ որ մարդու համար ներքին է ոչ միայն ելնելիս, այլև մտնելիս կարող է պղծել։ Մատթեոսի բացատրությունը․ «Որ ինչ ելանէ ի բերանոյ», Մարկոսի մեջ ավելի որոշակի կերպով ասված է․ «Որ ելանէ ի նմանէ», այսինքն «ի մարդոյ» և այս իմաստը շատ բացահայտ կերպով հաստատվում է երկու ավետարանիչների կողմից էլ, որոնք ավելի ներքևում, երբ հիշում են մարդուց դուրս եկածները, ասում են․ «Ի ներքուստ ի սրտի մարդկան խորհուրդք չարութեան ելանեն»։ Եվ իրոք, չար խորհուրդները ուղղակի մարդուց ելած իրեր են կոչվում, որովհետև հոգու արդյունքն են, հղանում են մտքում և իր կամքով իրականանում։
   Հիսուս ընդհանուր կերպով մերժելով արտաքին իրարից առաջ եկած պղծությունները, փարիսեցիների աչքին ներկայանում էր որպես օրենքները անարգող, որովհետև ուրացել էր սուրբ ու պիղծ կերակուրների տարբերությունը և ծիսական սրբությունների օրենքները։ Եթե մարդուն արտաքին ոչ մի բան չի կարող պղծել, ուրեմն Մովսեսի օրենքով հրամայված խտրություններն ու մաքրությունները նույնիսկ աննշան էին դառնում և Մովսեսի օրենքները կորցնում էին իրենց զորությունը։ Փարիսեցիները այդ ամենը նկատի առան և ամեն տեսակ ամբաստանություններ սկսեցին խոսել Հիսուսի մասին։ Առաքյալները շփոթվեցին, վարանեցին, և մոտենալով Հիսուսին կամացուկ հասկացրին, որ փարիսեցիները գայթակղվեցին իր խոսքերից և որ աշխատում են ժողովրդի միտքն էլ շփոթեցնել։
    Իրոք, Հիսուսի խոսքերը ընդհանուր էին և կարող էին ամբողջ մովսեսական օրենքների վրա տարածվել, եթե առնվեին բացարձակ կերպով, առանց նախընթաց և հետևորդ խոսքերի հետ բաղդատելու, և առանց Հիսուսի բուն նպատակին ուշադրություն դարձնելու։ Բայց մենք չենք կարող ասել թե Հիսուս այն խոսքով մեկընդմիշտ և բացարձակորեն օրինական խտրություններն ու մաքրությունները ջնջեց ու վերացրեց, և հայտարարեց դադարած։ Հիսուս մինչև Իր մահը հարթեց և պահեց մովսեսագիր օրենքները, և առաքյալներն էլ աստիճանաբար կասեցրին և ջնջեցին Հին Օրենքների արտաքին և ծիսական մասերը։ Հիսուսի խոսքերի բուն նպատասկը ներքին սրբությունները արտաքին սրբություններից տարբերելն է, և ողջ նախանձահուզությունը արտաքին սրբության վրա դնողներին իմացնել, որ պետք է ավելի կարևորություն տալ ներքին սրբությանը։ Եբրայական ոճով բաղդատությունները մի խիստ ձև են ստանում, երբ նախադասելին բացարձակորեն հրամայում է և հետադասելին մերժելու ձևով արգելվում է։
    Առաքյալներին տված Հիսուսի պատասխանն էլ նպաստում է սույն մեկնաբանությանը։ Հիսուս սրբությունների և պղծությունների մասին չի խոսում, այլ պախարակում է փարիսեցիների խարդախ ու կեղծավոր ընթացքը․ «Թողեք, -ասում է,- այս կեղծավորներին, իրենք չեն ուզում ճշմարտությունը իմանալ, և կույր են մնում ճշմարիտ լույսի հանդեպ և իրենց կույր վիճակով ուզում են կույրերին առաջնորդել։ Բայց երբ կույրը առաջնորդում է կույրին, գնալու ճամփան չի գտնի, ուղիղ ճամփից կմոլորվի և առաջնորդողն ու առաջնորդվողն էլ՝ երկուսն էլ փոսի մեջ կգլորվեն։ Նրանց հետ էլ նույնը կլինի։ Ով որ Երկնավոր Հոր լույսը չի ընդունի՝ կվտանգվի․ Երկնավոր Հոր չտնկած բույսը չի կարող աճել ու զարգանալ, օտարոտի վարդապետությունները պետք է վերացվեն, օտարուսում վարդապետները պետք է խայտառակվեն»։
   Հիսուս այլևս չմնաց նույն տեղը։ Երեկո էր, Ինքն էլ հուզված էր, ժողովրդին թողեց ու տուն դարձավ, առաքյալներն էլ Նրա հետ։ Երբ սրանք փարիսեցիների գայթակղվելը հաղորդեցին Հիսուսին, իրենք էլ հանգիստ չէին, փափագում էին իրենք էլ բացատրություն ստանալ և Հիսուսի միտքը իմանալ օրինական պղծությունների մասին։ Բայց Հիսուս գոհացել էր միայն փարիսեցիների ընթացքը պախարակելով․ բուն խնդրի վրա պարզաբանություն չէր տրվել, առաքյալներն էլ չէին համարձակվել իրենց հարցը կրկնել Հիսուսի հուզված պահին։ Երբ վերադարձան տուն, հանդարտվեցին, և դրսից էլ մարդ էլ չմնաց, այն ժամանակ միայն
համարձակվեցին հայտնել իրենց վարանումը և ժողովրդին հայտնված հակադրության բացատրությունը ուզել․ «Մեկնեա՛ մեզ... զառակս զայս»։ Արտաքին և ներքին պղծության հակադրությունը առակ է կոչվում, որովհետև ամեն խոսք, որ ասված է այլաբանությամբ՝ առակ է։
   Մարկոսի գրածի համեմատ․ «Հարցանէին զնա աշակերտքն վասն առակին», իսկ Մատթեոսի խոսքերով․ «Պատասխանի ետ նմա Պետրոս եւ ասի. Մեկնեա մեզ զառակս զայս»։ Պետք է ասել, որ երբ առաքյալները հարց էին տալիս՝ տասներկուսը միասին, միաձայն միաբերան չէին խոսում, իրենցից միայն մեկն էր, որ բոլորի կողմից խոսում էր, և այդ մեկն էլ հաճախ Պետրոսն էր, որ առանց շատ մտածելու միշտ առաջ էր նետվում․ թեպետ միշտ չէր, որ հաջողվում էր։ Այդ բաղդատությունը կարևոր էր դիտել տալու համար, որ Պետրոսի խոսքերը իր անձնականին չեն պատկանում, այլ՝ բոլոր ընկերներին, որոնց կողմից նա խոսում էր։ Մատթեոսի մեջ էլ թեպետ Պետրոսը հիշվում է որպես հարցնող, բայց Հիսուսի պատասխանը ոչ թե նրան, այլ բոլորին է ուղղվում․ «Տակաւին եւ դուք անմիտք էք եւ ոչ իմանայիք»։
    Այդ խոսքերը հանդիմանական են․ այնուհանդերձ Հիսուս խույս չի տալիս մեկնությունից։ «Արտաքին իրերը, - ասում է, - նրանք են, որ բերնից ներս մտնում են ստամոքս են իջնում, անցնում են փորից, և դրանց ավելորդները դուրս են գալիս իբրև կղկղանք և ներսը մաքրվում է։ Սրանք մարդուն չեն պղծում, որովհետև մարդու սիրտը չեն մտնում, այլ՝ փորը․ այսինքն մարդու հոգու հետ հարաբերություն չունեն, այլ լոկ մարմնի հետ, բնական բաներ են, բարոյական ոչ մի ազդեցություն չունեն։ Իսկ ներքին իրերը մարդու սրտից են դուրս գալիս, և սրանք խորհուրդներն են, որոնք, երբ չար են, այն ժամանակ մարդուն իրոք պղծում են։ Իսկ մարդու սրտից բխող չարության կարգից են շնությունը, պոռնկությունը, գողությունը, սպանությունը, ագահությունը, նենգությունը, գիջությունը, չար աչքը, հայհոյանքը, ամբարտավանությունը, անզգամությունը, սուտ վկայությունը»։ Սրանցից յուրաքանչյուրի ինչ լինելը բացատրելու կարիք չկա, անունները բավական են դրանց իսկությունը ցույց տալու համար։ Միայն ցույց կտանք, որ գրեթե բոլորն էլ լոկ խորհուրդով կամ մտածված գործած չարությունները չեն, այլ նյութական և արտաքին գործեր են, օրինակ՝ սպանությունը, գողությունը, պոռնկությունը և այլն։ Եվ երբ սրանք առաջ են բերվում իբր սրտից բխած չարության խորհուրդներ, կրկին իսկ տեսնվում է, որ Հիսուս գործի բարոյականության վրա է հիմնվում, և որ գործի չարությունն ու բարությունը որոշելու համար միտքն ու կամքն են, որ պետք է նկատի առնվեն, և ոչ թե իրի կամ գործի արտաքին և նյութական կողմը։ Հետևապես Հիսուս իրավունք ունի, իբրև վերջին եզրակացություն և Իր խոսքի կնիք, հաստատելու և պնդելու․ «Այս ամենայն չարիք ի ներքուստ ելանեն եւ պղծեն զմարդ, այլ անլուայ ձեռօք ուտել ոչ պղծի զմարդ»։ Խոսքը այնտեղ է վերջանում, որտեղից սկսել էր․ անլվա ձեռքը առիթ էր վեճի համար, անլվա ձեռքը կրկնվում է իբր եզրակացություն։