Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 15:11

Ստեփանոս Սյունեցի

11-12. Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց:
   
    «Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը»: Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց»:

    Ինչպես որ առաջին երկու առակներում, այնպես էլ այս, մեղավորներին հորդորում են ապաշխարության: Իսկ ավագ և կրտսեր որդի [ասելով]՝ պետք է զատորոշել բանական հոգիների երկու տեսակները: Տակավին անմեղներին [խորհրդանշում է] երեց որդին, իսկ կրտսեր որդին՝ մեղավորներին, ովքեր զրկվեցին Աստծու փառքից:

    Ոմանք ասացին՝ երեց որդին իսրայելյան ժողովուրդն է, իսկ կրտսեր որդին՝ հեթանոս ժողովուրդը: Բայց այս ինձ թվում է ոչ ճշմարիտ, քանզի որդեսեր հայրը երեց որդուն ասաց, թե «Որդյա՛կ, [դու] միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (Ղուկ. 15:31), իսկ իսրայելացիները բազում անգամ հանցանք գործելով՝ միշտ Հոր հետ չեղան: Իսկ հեթանոս ժողովուրդը երբեք Հորից մաս չէր առել ու կորցրել:

    Այլ ինչպես ասացին, երեց որդին խորհրդանշում է այն անձերին, ովքեր չեն մեղանչել, իսկ կրտսերը՝ այն անձերին, ովքեր մեղանչում են և ապաշխարում:

    Սակայն մեկը կհարցնի՝ ի՞նչ պատճառով անառակ մարդիկ կրտսեր ասվեցին, իսկ արդարները՝ երեց. այս մասին պիտի ասեմ, թե առաքինությունից բաժանվելու և անառակության պատճառով կրտսեր կոչվեց իր եղբոր նկատմամբ, այլ ոչ ըստ ժամանակի և ոչ այնպես, ինչպես որևէ մեկը կխորհի ասել կարծելով, թե հայրը, այժմ Փրկիչն է, որ աշակերտներին ասաց. «Իմ որդյակներ» (Հովհ. 13:33), և դառնալով՝ «Քաջալերվիր դո՛ւստր, քո հավատքը քեզ փրկեց» (Մատթ. 9:22):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

11-32. Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»: Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»: Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է: Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»: Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»»:
   
    Կորուսյալ ոչխարի և կորուսյալ դրամի առակներին հաջորդում է կորուսյալ զավակի առակը, որը շարունակ հիշում ենք «Անառակ որդի» վերնագրի ներքո, և որի ներքին նպատակը համանման է նախորդներին։ Բայց առակն այլևս անշունչ կամ անբան էակի շուրջը չի դառնում, այլ բանավոր էակի վերաբերելով, ավելի դեպքերով է զարդարված, որոնցից ոմանք հատուկ խորհրդով են հիշվում, մինչդեռ մյուսները պարզապես զարդի համար են հիշատակված։
    Մի մեծահարուստ հայր երկու զավակ ունի։ Նրանք իր հովանավորության տակ են ապրում և սնվում են հայրական տանը։ Կրտսերն այդ կացությունից ձանձրանալով՝ ուզում է ինքն իր գործի տեր լինել և իր ուզածի պես ապրել։ Իր միտքը հայտնում է հորը և նույնիսկ պահանջում, որ իր ժառանգության բաժինը հիմիկվանից իրեն հանձնվի և ինքն էլ բաժանվի, գնա իր համար աշխատի և վաստակի։ Կամա կամ ակամա, համոզված կամ բռնադատված հայրը կատարում է կրտսեր որդու կամքը և իր ունեցվածքի կես բաժինը հանձնում նրան՝ որպես ապագա ժառանգական իրավունք։ Տղան վերցրածը դրամի է վերածում և գոյացած գումարը հավաքում և հեռավոր քաղաք է գնում, այնտեղ աչքից հեռու ավելի ազատ ապրելու համար։ Երբ այդքան դրամը տեսնում է ձեռքում, աշխատելու և վաստակելու մտադրությունը, եթե ուներ էլ, մոռանում, սկսում է ուտել ու խմել, զվարճանալ, զեխանալ, խաղի ու ցոփության ետևից ընկնել, անշուշտ, իրեն համապատասխան ընկերներ էլ գտնելով, որովհետև այսպիսի բաները մեն-մենակ չեն կարող կատարել։ Շատ չի անցնում, ունեցածն ուտում , վերջացնում է, թերևս հույս ունենալով, պարտք էլ վերցնում, բայց վերջապես այդ դուռը ևս փակվում է և ամբողջությամբ չքավոր ու տնանկ է մնում։ Օտարության մեջ անծանոթ, բարեկամ էլ չի գտնում, ուրախության ընկերներից ոչ ոք իրեն չի գթում և վաստակելու հնարավորություն ու փորձ չունի։ Գտնվելիք վայրից հեռանում, անծանոթ գյուղեր ու ագարակներ է ընկնում, գյուղատնտես մի մարդու մոտ ծառայության է մտնում, որը խոզ արածացնելուց ավելի կարող գործի ընդունակություն չի գտնում տղայի մեջ, վարձատրության էլ արժանի չի համարում, որ նույնիսկ սնունդն այնքան քիչ է տալիս, որ չի բավականացնում խեղճ տղայի իսկ հագենալուն։ Եվ սա հարկադրում է խոզերի առջև նետված վայրի եղջերենու պտուղների մի մասը վերցնելով, իր համար ուտելիք դարձնել։
    Այս վիճակի մեջ ընկած մեծահարուստի տղան սկսում է մտածել, թե ինչ էր և ինչ եղավ։ Մտաբերում է իր եղբոր վիճակը, որ հայրական տան մեջ ոչնչի պակասություն չունի։ Միտքն են գալիս նույնիսկ իրենց տան թոշակավոր ծառաներն ու վարձկան աշխատողները, ում ինքն անարգում էր և ում նայել իսկ իրեն չէր թույլ տալիս, ովքեր իր հոր տանը ուզածի չափ հաց ու կերակուր ունեն, ցանկացած աստիճան կարող են հանգստանալ, իսկ ինքը ո՛չ հանգիստ ունի և ոչ պատսպարություն, ո՛չ զգեստ և ո՛չ կերակուր։ Բավականին մտածելուց և թերևս հոր բարկության գաղափարի հանդեպ երկար վարանելուց հետո, վերջապես քաջություն է առնում, հորը դիմելուց բացի ուրիշ հնարավորություն չի գտնում և խոզերն ու եղջյուրները թողած, իրենց քաղաքի և իրենց տան ճանապարհն է բռնում։ Մտադրվում է առանց անձի արդարացման խոսքեր ասելու, պարզ ու բացարձակ մեղա արտասանել, իր հանցանքը խոստովանել, որդիության անարժան լինելն ընդունել և որպես շնորհ, իր տան վարձկանների թվում ընդունվել ու աշխատել, գոնե մի հանգիստ անկողին և հագենալու չափ կերակուր ունենալու համար։
    Այս մտածումով, կամքի հաստատ որոշմամբ և սրտի խոնարհ արիությամբ խեղճ անառակը մոտենում է իրենց քաղաքին և ահա իրենց տունն էլ հեռվից երևում է։ Բարեբախտ դիպվածով հայրը դուրս եկած է լինում չորս կողմը նայելու։ Հեռվից տեսնում է խղճուկ մեկին, միտքը սևեռելով ճանաչում է իր տղային, սիրտը հուզվում, գութը շարժվում, տխրությամբ խառը բարկությունը մարում, մտածում է միայն կորածի գտնվելու մասին, մխիթարվում և ուրախանում է և բնական շարժմամբ տղայի կողմն է գնում, քայլում է արտերի միջով գրեթե վազելով։ Տղան էլ առաջանալով և հորը տեսնելով, կարծես թե ավելի է քաջալերվում։ Իրար են հասնում, տղան պատրաստվում է իր խոստովանությունն ու հայտարարությունն անել, բայց դեռ բերանը չբացած, հայրը փաթաթվում է պարանոցին և խոզարածությունից եկող աղտոտ ու կեղտոտ տղային սկսում է համբուրել ու համբուրել։ Անառակությունից դարձող տղայի զղջումը կատարյալ է և նպատակն անփոփոխ։ Հոր ցույց տված գութից և սիրուց էլ չի շփոթվում ու չի փոփոխվում և համարձակ կերպով ասում է իր պարզ ու հստակ հայտարարությունը. «Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո, եւ ոչ եւս եմ արժանի կոչիլ որդի քո, արա զիս իբրեւ զմի ի վարձկանաց քո»:
    Հայրն ուրախությունից խայտալով՝ հազիվ է լսում տղայի խոսքերը և նույնիսկ չի պատասխանում։ Ձեռքից բռնում, տուն է տանում։ Կանչում է ծառաներին, հրամայում է, որ դեռևս պահված նախկին հագուստը հանեն, լվան տղային ու մաքրեն, սրբեն և օծեն, փառավոր հագցնեն, բոբիկ ոտքերին կոշիկներ հագցնեն, կոշտացած ձեռքերին մատանի անցկացնեն, ամբողջ արդուզարդը լրացնեն, մի մեծ ճաշկերույթ պատրաստեն, պահված պարարտ եզը մորթեն, երգիչներ ու նվագածուներ բերեն և տեղը տեղին ուրախության և զվարթության մի երեկույթ սարքեն։ Հայրը հանդեսի գլուխն անցած և իր զավակին իր մոտ նստեցրած՝ խնդությամբ կրկնում էր բոլորին. «Կերիցուք եւ ուրախ լիցո՛ւք, զի այս որդի իմ մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ էր ու գտաւ»։
    Բախտն այնպես բերեց, որ մեծ տղան այդ օրը տանը չէր։ Օր առաջ ագարակ էր գնացել և անցուդարձից տեղեկություն չէր ունեցել։ Երեկոյան կողմ տուն էր դառնում և մոտեցած պահին երգերի ու պարերի ձայներ է լսում, պատճառը չի հասկանում, ծառաներից մեկից բացատրություն է հարցնում, նա էլ ավետում է, թե կրտսեր եղբայրդ հանկարծ հայտնվեց խեղճուկրակ վիճակի մեջ, բայց ամբողջությամբ զղջացած։ Հայրդ էլ ուրախությունից անելիքը չիմանալով, հագցրեց, զարդարեց, կոչունք, ուրախություն սարքեց, մինչև իսկ պահած պարարտ եզն էլ մորթել տվեց։ Մեծ տղան ուրախանալու փոխարեն տխրում է, նախանձում անառակ եղբոր հանդեպ եղած պատվի ու սիրալիր ընդունելության համար։ Նա հոր ունեցվածքի կեսը փչացրել էր, մյուս կեսն ամբողջությամբ իրենը պիտի լիներ: Բայց հիմա նա եկել է մյուս կեսին էլ բաժնեկից տեր լինելու։ «Այլևս, ուրեմն,-ասում է,- այս տան մեջ ինձ տեղ չկա, հայրս անառակին վերցնի ու նստի։ Ես այլևս տուն չեմ մտնի»։ Ծառաները շտապով ավագ որդու ասածը հաղորդում են հորը։
    Ծերունին շփոթված դուրս է վազում, տեսնում ավագ որդուն և սկսում է սիրտը շահել, վախենալով, որ կորցրած տղային գտնելու պահին չկորցնի ունեցած որդուն։ Անուշ խոսքերով շողոմում է, բայց մեծ տղան խստությամբ է պատասխանում. «Այսքան ժամանակ քեզ հավատարմությամբ ծառայեցի, երբեք կամքիդ դեմ ոչինչ չարեցի, երբեք հրամաններդ անկատար չթողեցի և այս արածիս փոխարեն մի օր մի ուլ էլ չտվեցիր ավելորդից, որ գնամ ընկերներիս հետ ուրախություն անեմ։ Ինչպե՞ս, ուրեմն, երբ այս տղադ եկավ, որ քո ունեցվածքը տարավ ցոփությունների և անառակություների վրա վատնեց, մինչև իսկ պարարտ եզը նրա սիրույն մորթում ես։ Ի՞նչ է նրա արժանիքը, ինչո՞վ է ինձնից ավելի սիրվելու արժանի համարվում»։
Հայրը քաղցրությամբ պատասխանում է. «Տղա՛ս, արժանիքի խնդիր չկա, ոչ ոք չի մտածում, թե նա քեզնից ավելի է արժանի սիրո և պատվի։ Դու նույնպես պիտի ուրախանաս, որ մի կորածի գտանք այսօր։ Քանի որ ամենաչնչին բանի էլ գտնվելը ուրախության պատճառ է, այժմ մեր գտածը իմ զավակն է և քո եղբայրը։ Դու տան մեջ էիր, ամբողջ տունը քոնն էր, ուլ ուզեիր, հորթ ուզեիր, եզ ուզեիր՝ ինչ ուզեիր առնել և օգտագործել, քո իրավունքն էր։ Ե՞րբ ուզեցիր, ու ես զլացա։ Մեկ կողմ թող, տղա՛ս, ծուռումուռ մտածումները, այժմ ուրախության ժամ է, ե՛կ, տե՛ս եղբորդ, սիրի՛ր, համբուրի՛ր, եթե տեսնես, թե ինչպես է խելոքացել, դու ևս պիտի հավանես, դու էլ մեզ նման և մեզ հետ պիտի ուրախանաս, թե մի կորած գտնվեց, թե մի մեռած հարություն առավ»։
    Ինչպես բոլոր առակներում, այստեղ ևս գործողության պատմական ավարտը պակասում է, անհրաժեշտ խրատական հատվածների պատմելուց հետո, եղելության պարագաները կարևորություն չեն ունենում։ Հետևաբար, ասված չէ, թե մեծ եղբայրն ի՞նչ արեց. ներս մտա՞վ, երկու եղբայրներն արդյո՞ք հանդիպեցին, անառակն ի՞նչ տեսակ կյանք սկսեց վարել և այսպիսի այլ պարագաները լռության մեջ են մնացել։
    Այս առակը ևս կրկնակի իմաստով է խոսված, այսինքն՝ ավետարանական և բարոյական։ Ավետարանական իմաստով դարձյալ հեթանոսների կոչման խորհուրդն է։ Կրտսեր տղան՝ անառակը, Աստուծո տնից հեռանալուց հետո էլ, զղջումով և արդարանալով, վերստին պատվով և գովեստով է ընդունվում Երկնքի Արքայություն, իսկ մեծ տղան, որ է Հին Ուխտի Իսրայելյան ժողովուրդը, կարծես թե կրտսեր եղբորից ետ է մնում ու իր նախանձոտ ու անձնասեր բնավորությամբ մինչև իսկ կամովին հրաժարվում է և չի ուզում Երկնքի Արքայություն մտնել և Երկնավոր Հոր հրավերն էլ մերժելու ձևեր է ցույց տալիս։ Գուցե այս կետն ավելի շեշտելու համար է, որ առակի վերջում Հիսուս ավագ որդու տուն մտնելու հիշատակությունը չի անում։
Իսկ բարոյական իմաստը շատ ավելի զգայուն և շատ ավելի բեղուն է և քրիստոնեության սկզբից մինչև այսօր չեմ կարծում, թե Անառակի առակից ավելի խոսված, կրկնված, բացատրված, մեկնված, սիրված և զգացված ավետարանական մի ուրիշ կտոր եղած լինի։ Որքա՜ն զգայուն և սրտագրավ է Աստուծո գթության նմանությունը տուն դառնալու միտքը հղացող և կամքը հայտնող անառակի նկատմամբ սիրալիր ընդունելության մեջ։ Մեղքն ու ապաշխարությունը, սերն ու թողությունը կարծես թե իրար հետ մրցում են՝ իրենց զորությունը ցույց տալու մեջ։
    Նախորդ երկու կորածների՝ ոչխարի և դրամի առակները, այս երրորդ կորածի՝ անառակ որդու առակի հետ համեմատելիս, աչքի ընկնող մի հանգամանք է այն, որ երբ հովիվն ու կինը կորածի հետևից են գնում ու փնտրում, այստեղ կորցրած զավակի հայրը ամենևին փնտրելու դուրս չի գալիս, ոչ ետևից խնդրանքներ է ուղարկում և ոչ էլ վիճակն իմանալու հոգ է տանում։ Արդ՝ այս կետը հիմնական նշանակություն ունի ապաշխարության մեջ։ Դրամի մասին ասացինք, թե անշունչ և անկար մի կորած էր, ոչխարի մասին ասացինք՝ անբան ու տգետ էր, հետևաբար, անկարողությամբ և տգիտության ընկած մեղավորների էին նմանվում, որոնք ներումն ու շնորհը հեշտությամբ կարող էին ընդունել։ Իսկ զավակը՝ անշունչ կամ անբան, անկար կամ տգետ չէր, այլ կարող էր կատարածը չանել, գիտեր գործածը ճանաչել և գիտությամբ ու կարողությամբ օժտված լինելով հանդերձ, չարությամբ մեղանչում էր։ Ահա այսպիսիներն արժանի չեն լինի աստվածային գթությանը, բացի այն բանից, երբ իրենք են զղջացած մտքով և հաստատուն կամքով ուզում իրենց մեղավոր վիճակից դուրս գալ, սրբվել ու մաքրվել իրենց ընտրած գարշելի վիճակից, վերադառնալ Աստծու Տունը, որտեղից կամովին մեկնեցին։ Այստեղ տեղին է կրկնել այն, ինչը որ մի այլ տեղ բացատրեցինք (Մատթ. 12:24-37) անկարողության, անգիտության և չարության մեղքերի տարբերության վերաբերյալ, որոնք կոչվում են մեղքեր Հոր, Որդու և Հոգու դեմ և այդ վերջինի, այսինքն՝ չարության մեղքի համար ասվում է, թե երբեք ներում չեն գտնում, մինչև որ նախընթաց զղջմամբ իրենց չարության կերպը չթոթափեն։ Եվ սա ճիշտ ու ճիշտ երևում է անառակի օրինակով, ում հայրը զավակի հետևից չգնաց, քանի որ կամովին էր մեկնել և գութ ու ներում չհայտնեց մինչև անառակը հայրական տանը չմոտեցավ։
    Բարոյական իմաստի կողմից դիտարկության արժանի կետ է նաև անառակի անկման և նրա վերականգնման բուն և հիմնական պատճառը զննելը։ Հայրական տան մեջ վայելած կյանքը աստվածային շնորհի օրինակն է և նույն շնորհի հարգը չհասկանալն է եղել նրա անկման պատճառը, ինչպես և նույն շնորհի հարգը հասկանալը բավարար է եղել իրեն ընկած վիճակից վերստին վերականգնելու համար։
    Քննության արժանի կետեր են նաև առակի շուրջը դարձող ընտանեկան հանգամանքները, որ ծառայում են ընտանեկան կյանքի բարոյական հիմքերը գծելու։ Անառակի տանը մոր կամ քրոջ հիշատակությունը պակասում է։ Կանանց ներկայությունը տան մեջ գորովի խորհրդանիշ է և եթե մոր կամ քրոջ փափուկ գորովը եղած լիներ, հավանաբար, անառակը այդ հետին որոշումը տված չէր լինի։ Չի հիշատակվում նաև անառակի իր մանկության շրջանում լավ կրթություն ստացած, արհեստ կմ արվեստ սովորած և որևէ ընդունակություն ունեցած լինելը, այլ պարզապես ներկայացվում է հարուստի փչացած մի տղայի պես։ Եթե անառակի մանկությունն ու երիտասարդությունը խնամքով կրթված և նա օգտակար ընդունակության տեր եղած լիներ, հանկարծակի կերպով դժբախտության մեջ ընկած ժամանակ, կարող էր իր մտավոր զարգացմամբ իրեն կանոնավորել և ձեռք բերած ունակությամբ իրեն համապատասխան զբաղմունք և վաստակ գտնել և ոչ թե որպես մի հետին անպիտան խոզարածությունից վեր որևէ աշխատանքի տեր չկարողանալ լինել և դրա մեջ էլ վարձատրության իսկ արժանի չհամարվել։
    Ընտանեկան հոռի կրթության հետևանք է նաև մեծ եղբոր հայտնած նախանձոտ ու դժգոհ ընթացքը, որ կորած եղբոր գրեթե հարություն առածի պես երևան գալու պահին, բնավ եղբայրական սիրո մի նշույլ անգամ ցույց չի տալիս և իր անձնական շահին ու հաշվին հետևելով, կարծես թե ցավում է, որ իր եղբայրը չի մեռել, չի վերացել ու վեր կացել գալիս է, դարձյալ հայրական ժառանգությունից բաժին ստանալու հավանականությամբ։
    Ս. Հայրերը փոխաբերական կամ համապատասխան իմաստներով նույնպես զանազան գեղեցիկ խորհուրդներ են քաղել Անառակի առակից։ Սրանց մեջ նշանավոր է փրկրագործության խորհրդին պատշաճեցումը, ուր մեղավոր մարդկությունը պիտի փրկվի Փրկչի զենմամբ և պիտի հագնի անմեղության ժամանակից պահված սրբության պատմուճանը և հրավիրվի արքայության երկնային ուրախությունների։ Այս առակի վրա մի փոքր ավելի երկարեցինք, բայց արժեր նաև այսպիսի նշանավոր մի հատվածը։