Ծննդոց գրքի մեկնություն 15:15

Սրբ. Եփրեմ Ասորի

Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով:   

   

   Եւ որպեսզի ցույց տա նրան, թե հեռու է պատուհասներից, պատժի փոխարեն օրհնելով օրհնեց նրան՝ ասելով. «Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերության հասնելով»՝ սրանով հայտնի դարձնելով, որ չպատժվեց:

   Բայց Աբրահամը պատվիրեց իր որդիներին, թե հետագայում՝ իրենց հնազանդության ժամանակ, ինչ [նեղություն] էլ իրենց պատահեր, ուրախ լինեին իրենց փրկության [հույսով], որ հետագայում ստանալու էին: Հովսեփը հավատում էր այն, ինչ լսել էր իր հայրերից. «Ես գիտեմ, որ Աստված հիշելով հիշելու է ձեզ, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»: Մովսեսն էլ տարիների թվով գիտեր, որ մոտ է ժամանակը, ինչպես նաև Դանիելը գիտեր, որ յոթանասուն տարի էր սահմանված իր ժողովրդի համար, Երեմիան նույնպես գիտեր դարձի ժամանակը: Արդ, եթե երկմտեց նա՝ ասելով, թե. «Ինչի՞ց իմանամ», ապա ի՞նչ իմաստ ուներ ասել նրան. «Առ դու ինձ համար երինջ, նոխազ…»:
   

Ա. Լոպուխին

Դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս և կթաղվես խոր ծերութեան մեջ։ (Սինոդական թարգ․) [15]

   
   Դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս... և կթաղվես խոր ծերութեան մեջ... Այս սքանչելի բառերի մեջ իրավացիորեն տեսնում են հինկտակարանյան անմահության գաղափարի արտահայտումը: Դրան է մատնանշում արդեն իսկ այն, որ տեքստում հստակորեն տարբերակվում է «հայրերի մոտ գնալը» «մարմնով թաղվելուց»: Ընդ որում, եթե վերջինիս պարագային, առանց կասկածի, հասկացվում է մարմնական, ֆիզիկական մահը, ապա առաջինի դեպքում կարող է հասկացվել միայն հոգևոր անմահությունը, որը հնարավություն է տալիս հադերձյալ կյանքում հանդիպել մահաված նախահայրերին: Մեկնել «հայրերի մոտ» կցումը տոհմական, ընտանեկան քարանձավի մեջ թաղվելու իմաստով Աբրամի օրինակը հաստատաբար թույլ չի տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ Աբրամը, թաղվել է Մաքփելայի քարանձավում (Ծննդ. 25:9), նրա հայր Թարան՝ Խառանում (Ծննդ. 11:32), իսկ մյուս նախնիները՝ քաղդեացվոց Ուրում:

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով:
(Արարատ թարգ․) Եվ դու խաղաղությամբ քո հայրերի մոտ պիտի գնաս և պիտի թաղվես՝ խոր ծերության հասնելով:
(Գրաբար) Եւ դու երթիցես առ հարս քո խաղաղութեամբ, սնեա՛լ ի բարւոք ծերութեան։