Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
3-6. «Իսկ Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում»»։ «Որովհետև Աստված պատվիրել է. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20:12, Բ Օր. 5:16) և «Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի» (Ելք 21:17, Ղևտ. 20:9)»։ «Իսկ դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորն ասի՝ Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել»»։ ««Նա կարող է իր հորը կամ իր մորը չպատվել»։ Այդպիսով դուք խախտում եք Աստծու պատվիրանը ձեր ավանդույթի պատճառով»։
Ի՞նչ արեց Քրիստոս։ Նա ո՛չ դատապարտեց աշակերտների վարքը, ո՛չ էլ պաշտպանեց նրանց, այլ փարիսեցիների մեղադրանքին Ինքը նույնպես մեղադրանքով պատասխանեց՝ պապանձեցնելով նրանց անպարկեշտությունը և ցույց տալով, որ մեծ գործերում մեղանչողը չպետք է այդքան ուշադրությամբ զննի ուրիշների գործած փոքր մեղքերը։ «Ձեզ էր պետք մեղադրել, — ասում է Նա, — մինչդեռ դուք եք ուրիշներին մեղադրում»։
Նկատի առ, որ երբ Հիսուս ուզում է որևէ պատվիրան չեղյալ համարել, դա անում է հակահարվածի տեսքով. Նա այդպես վարվեց նաև այս անգամ։ Քրիստոս անմիջապես չի անցնում կատարված մեղքին և չի ասում, որ դա ոչինչ չի նշանակում (այլապես էլ ավելի կմեծացներ նրանց ամբարտավանությունը), այլ նախ ոչնչացնում է նրանց անպարկեշտությունը՝ առաջ բերելով մի շատ ավելի կարևոր հանցանք և այն բարդելով նրանց վրա։ Հիսուս նաև չի ասում, որ այդ հրամանը խախտողները ճիշտ են վարվում, որպեսզի այդպիսով առիթ չտա իր դեմ մեղադրանքի, բայց և չի դատապարտում աշակերտների արարքը, որպեսզի չհաստատի տրված հրամանը։ Նմանապես Նա նաև չի մեղադրում նախնիներին որպես օրենք խախտողների և չարագործների (այլապես փարիսեցիները երես կթեքեին Իրենից որպես հայհոյողի և վիրավորողի)։ Այլ այս ամենը մի կողմ թողնելով՝ Փրկիչն ընտրում է մեկ այլ ճանապարհ և, իբր թե մեղադրելով Իրեն մոտեցածներին, հարվածում է նաև այդ հրամանները տվողներին։
Հիսուս բոլորովին չի հիշատակում նախնիներին, այլ միայն մեկ խմբի դեմ ուղղված մեղադրանքով տապալում է նաև մյուսներին և այդպիսով ցույց է տալիս, որ այս օրենսգետները կրկնակի են մեղանչում՝ չենթարկվելով Աստծուն և հաճոյանալով մարդկանց։ Նա կարծես թե այսպես է ասում. «Նախնիներին հնազանդվելու սովորությունը․ հենց դա՛ է ձեզ կործանել»։ Իհարկե, Նա չի ասում դա, բայց նույնն է հասկացնում Իր հետևյալ պատասխանում. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում։ Որովհետև Աստված պատվիրել է. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20:12, Բ Օր. 5:16) և «Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի» (Ելք 21:17, Ղևտ. 20:9)։ Իսկ դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորն ասի՝ Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել»։ Նա կարող է իր հորը կամ իր մորը չպատվել։ Այդպիսով դուք խախտում եք Աստծու պատվիրանը ձեր ավանդույթի պատճառով»։
Տերը չասաց՝ «նախնիների ավանդության պատճառով», այլ՝ «ձեր ավանդության պատճառով». նաև չասաց՝ «նախնիներն են ասում», այլ՝ «դուք եք ասում»՝ այդպիսով մեղմացնելով Իր խոսքը։ Դպիրները և փարիսեցիներն ուզում էին ցույց տալ, որ Հիսուսի աշակերտները խախտում են օրենքը. Քրիստոս, ընդհակառակը, ցույց է տալիս, որ նրա՛նք իսկ են դա անում, ուստի և Իր աշակերտները մեղադրանքի ենթակա չեն։ Մարդկային պատվիրանը օրենք չէ (հենց այդ պատճառով էլ Քրիստոս այն անվանում է «ավանդություն»), առավել ևս՝ անօրեն մարդկանց պատվիրանը։ Բայց քանի որ ձեռքերը լվանալ հրամայող ավանդությունն օրենքին հակառակ չէր, Քրիստոս բերում է մեկ այլ օրինակ, որը բոլորովին հակառակ էր օրենքին՝ այն, որ փարիսեցիները, կեղծ բարեպաշտության անվան տակ, երիտասարդներին ուսուցանում էին արհամարհել հայրերին։
Ինչպե՞ս։ Երբ ծնողներից մեկը որդուն ասեր՝ «տուր ինձ քո ունեցած այս ոչխարը, կամ՝ հորթը, կամ՝ ուրիշ ինչ-որ բան», այդժամ որդին սեփական ծնողին պատասխանում էր՝ «այն, ինչ ցանկանում ես ինձնից, ես նվիրում եմ Աստծուն, և դու չես կարող ստանալ այն»։ Այստեղ նրանք կրկնակի չարություն էին ցուցաբերում՝ ո՛չ Աստծուն էին ընծայում, ո՛չ էլ ծնողներին էին զրկում ընծայից՝ Աստծուն ընծայելու պատրվակով. և՛ վիրավորում էին ծնողներին՝ Աստծու հանդեպ իրենց ունեցած «պարտականության» պատրվակով, և՛ Աստծուն էին վիրավորում՝ ծնողների հանդեպ պարտավորվածության պատրվակով։ Սակայն Տերն ուղղակիորեն ցույց չի տալիս դա, այլ նախ՝ նրանց համար ընթերցում է օրենքը, որով ցույց է տալիս, թե Աստված ինչպիսի խստությամբ է հարգանք պահանջում ծնողների նկատմամբ ։ «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20:12, Բ Օր. 5:16), — ասում է Նա, — և «Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի» (Ելք 21:17, Ղևտ. 20:9)»։
Այդուհանդերձ, լռելով այն վարձատրության մասին, որին արժանանալու են իրենց ծնողներին պատվողները, Քրիստոս նշում է միայն այն, ինչից պետք է վախենալ, այսինքն՝ պատիժը, որը սպառնում է ծնողներին չպատվողներին։ Այդպիսով Հիսուս կամենում է վախեցնել անպատվողներին, ինչպես նաև, հավասարապես, քաջալերել բարեմիտներին՝ ցույց տալով, որ տվյալ մեղքով մեղանչողներն արժանի են մահվան։ «Եթե, — կարծես ասում է Նա, — խոսքով անպատվողները պատժվում են, ապա առավել ևս կպատժվեք դուք՝ գործով անպատվողներդ, և ոչ միայն այն պատճառով, որ ինքներդ եք այդպես վարվում, այլ նաև ուրիշների՛ն եք նույնն անել սովորեցնում»։
Ինչպե՞ս եք դուք, որ նույնիսկ ապրելու արժանիք չունեք, մեղադրում աշակերտներին։ Ուրեմն ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ դուք այդքան շատ վիրավորում եք Ինձ, որ դեռևս անհայտ եմ ձեզ համար՝ այն դեպքում, երբ այդքան ամբարտավանաբար եք կանգնում նույնիսկ Հոր առաջ։ Այսպես Քրիստոս ամենուրեք ասում և ցույց է տալիս, որ Հոր նկատմամբ անարգանքից է առաջանում նրանց այդ խելահեղ մեծամտությունը։
Որոշներն այլ կերպ են բացատրում այս արտահայտությունը՝ «Այն, ինչը որ ինձնից ուզում ես ստանալ, ընծա է», այսինքն՝ «ես պարտավոր չեմ քեզ պատվել, և սա իմ ընծան է քեզ, եթե ես քեզ պատվեմ» [Այս մեկնության իմաստն այն է, որ՝ եթե ես քեզ որևէ բան եմ ընծայաբերում, դա կախված է միայն իմ սեփական կամքից ու իմ ողորմությունից, որովհետև այդ նույն ընծան ես կարող էի Աստծուն նվիրաբերել]։ Բայց Քրիստոս այստեղ նման վիրավորանքի մասին չէր խոսում։ Մարկոս ավետարանիչն ավելի պարզ է արտահայտում նույն միտքը՝ ասելով․ «Այն օգնությունը, որ ինձնից ստանալու էիր, կորբան է» (Մարկ. 7։11), ինչը ո՛չ «ընծա» է նշանակում, ո՛չ էլ «օգնություն», այլ ուղղակի նշանակում է «ընծայաբերություն»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով.
Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Իսկ դուք ինչո՞ւ եք խախտում Աստծո պատվիրանը ձեր ավանդության պատճառով:
Կրկնակի մեղադրանք է ներկայացնում նրանց. նախ՝ որ Աստծուն չէին անսում, և ապա՝ որ ինչ որ անում էին, մարդկանց [հաճոյանալու] համար էին անում: [Տերն ասես ասում է]. «Եթե [աշակերտները], մարդկանց օրենքը խախտելով, մեղադրվեցին ձեր կողմից, որքա՛ն ավելի դուք եք մեղադրելի, որ Աստծունն եք ոտնահարում. հենց դա՛ է ձեզ կործանում, որ ծերերի [պատվերներն] եք կատարում և ոչ թե Աստծունը»: Բայց [Տերը] չասաց «ծերերի պատճառով», այլ «ձեր», որպեսզի խոսքն ազդու դարձներ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: