Ա. Լոպուխին
Աբրամը հավատաց Աստծուն, և այդ իր համար արդարություն համարվեց։ (Սինոդական թարգ․) [6]
Աբրամը հավատաց Աստծուն... Պատմական տեղեկության հետ կապված, որը կազմում է տվյալ գլխի բովանդակությունը, մեր կողմից քննության առնված համարը ներկայացնում է որոշակի շեղում, մասնավորապես Ծննդոցի հեղինակի ներածական դիտարկումը: Ակնհայտ է, որ Մովսեսը դրան կարևորագույն նշանակություն է տալիս, եթե որոշել է դրա համար խախտել իր վիպերգական պատմության կապվածությունն ու հավասարակշռությունը: Եվ իրապես, այստեղ խոսվում է մարդու գլխավոր կրոնական առաքինության՝ նրան արդարացնող ու փրկող, հավատքի մասին: Եբրայական «աման»՝ «հավատաց», բայի առաջին նշանակությունը տալիս է հետևյալ գաղափարը՝ «լիարժեք հանգստություն» և «անխախատելի հաստատում» ինչ-որ մի բանի մեջ կամ ինչ-որ մի բանի հանդեպ: Տվյալ դեպքում, այն, մասնավորաբար, նշանակում է Աբրամի հոգում ցանկացած կասկածների ու վարանումների փարատումը և իր նվիրական ձգտումների ու հույսերի լիարժեք հաստատումն Աստծո բարի և ամենակատարյալ կամքով: Չնայած իր ծերությանը, Սառայի չբերիությանը՝ Աբրամը հավատում է զավակ ունենալու աստավածային խոստմանը և հավատում է անկեղծ ու ջերմորեն՝ ամենևին չքննելով և կասկածամտորեն չհետազոտելով այն հանգամանքը, թե ինչպես կարող է այս ամենը պատահել:
Եվ այդ իր համար արդարություն համարվեց... Աստված, որ քննում է մարդկանց սրտներն ու որովայնները և գիտե ամեն ինչ, նույնիսկ մարդկային հոգու ամենափոքր շարժումները, ըստ արժանվույն գնահատեց Աբրամի ազնիվ և ամուր ոգու այս աճը և համարեց այն իբրև գլխավոր պատճառ նրա ապագա արդարցման համար, այսինքն՝ ինչպես վերջինիս անձնական, այնպես էլ նրան տանջող ադամական մեղքի քավումը: Աբրամի, ինչպես և ուրիշ հինկտակարանյան բարեպաշտ անձերի վերջնական արդարացումն իրականացվեց միայն Հիսուս Քրիստոսի խաչելությունից և դժոխք իջնելուց հետո (Ա Պտ. 3:19): Հավատքով արդարցվելու այս նշանավոր հինկտակարանյան փաստը մանրամասնորեն մեկնաբանվում է Պողոս առաքյալի կողմից հռոմեացիներին ուղղված իր նամակում (Հռ. 4), որտեղ Աբրամի օրինակը նրա համար այն ճշմարտության ակնհայտ ապացույցն է, որ քրիստոնեության մեջ արդարացումը տրվում է ոչ թե ինչ-որ արտաքին սխրագործությունների և արժանիքների ուժով, այլ միայն Քրիստոսի քավչարար մահվան հանդեպ ունեցած հավատի շնորհով: Բայց ինչպես Աբրամի պարագային իրեն փրկող հավատքը դարձավ նրա ողջ բարեպաշտ կյանքի և գործունեության թագն ու պսակը, այնպես էլ քրիստոնյայի համար արդարցնող հավատքը պետք է ընդգրկի և ներթափանցի նրա ամբողջ էությունը և դառնա այն կենսունակ ու գործուն ուժը, որն անհրաժեշտաբար կփնտրեր իրեն համապատասխան արտացոլում նաև դրանից դուրս, այսինքն՝ բարեպաշտական կյանքից ներս և բարի գործերում (Հկ. 2:24–26):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աբրամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց:
(Արարատ թարգ․) Եվ նա հավատաց Տիրոջը, և Տերը դա արդարություն համարեց նրա համար:
(Գրաբար) Եւ հաւատաց Աբրամ Աստուծոյ, և համարեցաւ նմա յարդարութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: