Ստեփանոս Սյունեցի
Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի:
«Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա, և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի սրբի տունը փութով ու չի փնտրի»:
Կինը խորհրդանշում է մարդու հոգին: Նրա ունեցած տասը դրամները կատարյալ առաքինություններն են՝ միաբանությամբ հինգ հոգեղեն և հինգ մարմնեղեն զգայությունների. որոնցից եթե մի առաքինություն կորցնի, «կվառի ճրագը»՝ աստվածային Խոսքը, որից աստվածային պատվիրանների հիշեցում է լինում. «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր և քեզ օտար աստվածներ թո՛ղ չլինեն» (Ելք 20:3-15): «Կավլի իր տունը»՝ մարմինը կսրբի չարությունից, որը առաջացավ պատվիրանազանցությունից, «կկանչի իր բարեկամներին և հարևաններին»՝ համափառ և հավատակից մարդկանց, «և նրանց կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորսված առաքինությունը»:
Մաղաքիա արք. Օրմանյան
8-10. Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի: Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»:
Մի երկրորդ առակ էլ նախորդից հետո է խոսվել նույն նպատակով և նույն իմաստով: Մի աղքատ կին տաս դրամ ունի միայն և տասը դրամներից մեկն ընկնում է ձեռքից, անցքի մեջ է մտնում և կորչում: Խեղճ կինը կորցրած դրամը գտնելու համար տունը տակնուվրա է անում, ավելը ձեռքին ամեն կողմ պրպտում, ճրագը վառում, որ տան մութ անկյուններն ու խորշերը զննի, վերջապես հաջողվում է կորցրած դրամը գտնել: Ուրախությունից բարեկամներին ու հարևաններին լուր է ուղարկում ու պատմում. «Գիտե՞ք, - ասում է, - կորցրած դրամս գտա»: Ինքն ուրախանում և հարևաններին էլ իր հետ ուրախանալու է հրավիրում:
Հիսուս այս առակի վերջում նույնպես կրկնում է Երկնքի Արքայությունում մի մեղավորի դարձի համար եղած ուրախությունը և այսպիսով հաստատում թե՛ բարոյական և թե՛ ավետարանական կրկնակի իմաստները, թե՛ մեղավորների համար լինելիք ջանքը և թե՛ հեթանոսների կոչման համար աստվածային կարգադրությունը:
Իսկ դրամի կորչելու մասին անդրադառնալիք կետն այն է, որ ո՛չ միայն անբան և անգիտակից է դրամի կորչելը, այլև բոլորվին իրենից կախված չէ: Դրամը անշունչ և անկարող մի նյութ է, չէր կարող նույնիսկ տեղաշարժվել, ինքն իրեն ընկնել ու կորչել, և անշուշտ, դա դրամի տիրոջ թերի օգտագործելուց առաջացավ, որ իր դրամը կորավ: Հետևաբար, կնոջ գործադրած ջանքերը շատ ավելի են և ավելն ու ճրագն էլ մեծամեծ ճիգերի խորհրդանիշ են: Սույն պարագան լավ է պատշաճում պարզ անկարողության մեղքերին, որոնց մեջ հաճախ, երբ անկարողությունը կատարյալ է, պատասխանատվության տեղ իսկ չի մնեւմ և կորուսյալին գտնելու հոգսը կատարելապես աստվածային շնորհների արդյունք կլինի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: