Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:6

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.
   
    Հեսսեն ծնեց Դավիթ արքային: Դավիթը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից:
Ուրիան հեթանոսներից եղած նորահավատ էր, և [նրա կին] Բերսաբեեն գիտեր Հակոբի այն օրհնության մասին, որ Հուդայից հաստատվել էր Դավթի վրա 23, ուստի փափագում էր գողանալ օրհնյալ ծնունդին Դավթից, ինչպես Թամարը՝ Հուդայից: Եվ թեև Դավիթն այս նպատակով չէր մերձենում նրան, և սա երևում է նրանից, որ պատժվեց [Բերսաբեեի հետ շնանալու համար] 24, սակայն Բերսաբեեն ընդունեց Աստծուց ինչ որ ցանկանում էր:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. (Սինոդական թարգ․)[6]
   
    Հեսսեի մասին հայտնի է, որ նա ութ որդի ուներ (Ա Թագ. 16:1-13, իսկ Ա. Մնաց. 2:13-15-րդ համարների համաձայն` Հեսսեն ուներ յոթ որդի): Նրանցից ամենափոքրը Դավիթն էր։ Հեսսեն բնակվում էր Բեթղեհեմում և սերում էր Հուդայի ցեղից` լինելով Եփրաթացի Օբեդի որդին։ Սավուղի ժամանաշրջանում Հեսսեն հասավ իր ծերության տարիքին և մարդկանց մեջ ամենատարիքավորն էր։ Սավուղի կողմից Դավթի դեմ ուղղված հալածանքների ժամանակ Հեսսեն նույնպես վտանգի տակ էր։ Խոսելով Դավթի` Հեսսեից ծննդյան մասին, ավետարանիչը նաև հավելում է, որ Հեսսեն ծնել է Դավիթ թագավորին: Դավթին հաջորդող մյուս թագավորների հիշատակության ժամանակ նմանօրինակ հավելում չկա։ Գուցե դրա պատճառն այն էր, որ մյուսների պարագայում այդպիսի հավելումն ավելորդ կլիներ. միայն ու միայն Դավթին «թագավոր» անվանելն արդեն իսկ բավական էր՝ մատնացույց անելու համար ա´յն իրողությունը, որ նրանից էին սերում թագավորական սերնդի ներկայացուցիչները՝ Փրկչի նախնիները: Դավիթն ուներ շատ որդիներ, որոնց թվում էին Սողոմոնն ու Նաթանը։ Մատթեոս Ավետարանիչը հետագա ծագումնաբանությունը շարունակում է Սողոմոնի գծով, իսկ Ղուկաս Ավետարանիչը (3:31)` Նաթանի գծի միջոցով: Սողոմոնը Դավթի որդին էր Ուրիայի նախկին կնոջից, այսինքն` ա´յն կնոջից, որը նախկինում ամուսնացած էր Ուրիայի հետ։ Այս հարցի վերաբերյալ մանրամասնությունները նկարագրված են Թագավորաց 2-րդ գրքի 11-12-րդ գլուխներում և բոլորին քաջ հայտնի են: Ավետարանիչը Բերսաբեին անունով չի կոչում, սակայն վերջինիս մասին հիշատակությունն այստեղ ծառայում է որպես միտումնավոր ցուցում ծագումնաբանության ճիշտ կարգից շեղվելու վերաբերյալ, որի նպատակն էր ցույց տալ, որ Դավթի ամուսնությունը Բերսաբեի հետ իրականում մեղսագործության հետևանք էր։ Բերսաբեի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա Ամիելի դուստրը և քետացի Ուրիայի կինն էր ու, ամենայն հավանականությամբ, աչքի էր ընկնում իր բազմաթիվ անձնային արժանիքներով, քանի որ նրան հաջողվել էր դառնալ թագավորի սիրելի կինը և նշանակալի ազդեցություն ունենալ արքայի վրա։ Սողոմոնը թագավորական գահի ժառանգորդ հռչակվեց հենց Բերսաբեի խնդրանքով։

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.
(Արարատ թարգ․) Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.
(Գրաբար) Դաւիթ ծնաւ զՍողովմո՛ն ի կնոջէն Ուրիայ: