Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:26

Հովհաննես Ծործորեցի

Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:
   
   Բայց որպեսզի չգայթակղեցնենք նրանց, գնա ծով, կարթ գցիր, առաջին ձուկը, որ դուրս գա, վերցրու, բաց նրա բերանը, և մի սատեր 931 կգտնես: Այն վերցրու տուր նրանց Իմ և քո կողմից»:

   Թեպետ հարկը տվեց, բայց հենց այնպես չէ, որ պատվիրեց տալ, այլ նախ ցույց տվեց, որ պետք չէ տալ, ապա տվեց, որպեսզի մեկից [աշակերտները] չգայթակղվեին, մյուսից էլ [հարկահավաքները] վնաս չկրեին: Որովհետև ոչ թե պարտավորված լինելով տվեց, այլ որպեսզի անմտությունից ազատեր [աշակերտներին]: [Հարկը] տալով նաև Իր անճառ զորությունը ցույց տվեց, որովհետև հրամայեց տալ ոչ թե քսակից, այլ ծովից՝ որպես ամեն ինչի Աստվածը, Ով ժամանակին և [ծովին] էր սաստել, և Պետրոսին ալիքների վրա քայլել տվել: Այդպես էլ այստեղ [սատերը] ծովից է տալիս: Եվ փոքր հրաշք չէ այդպիսի խորությունից ձուկը սատերով դուրս բերելը. դա կրկնակի և եռակի հրաշք է՝ [սատեր հանել] ծովից, ձկից և առաջի՛ն ձկից, որովհետև կարթը [միայն] մեկին բռնեց: Սա ամբողջապես աստվածային զորությունն է ցույց տալիս, որը ծովին նույնպես հրամայեց հարկատու և հնազանդ լինել:
«Չգայթակղեցնենք նրանց», այսինքն՝ չբամբասեն մեզնից, թե օրինազանց ենք: Որովհետև որտեղ խոսքն ուրիշներին կամ հոգևոր բաներին էր վերաբերում, [Հիսուսը] բնավ չէր մտահոգվում գայթակղեցնելու մասին, այլ ասում էր, [օրինակ]. «Թողե՛ք. կույր են, կույրերի առաջնորդ» (Մատթ. 15։14), իսկ երբ Իրեն կամ մարմնավոր բաների [էր վերաբերում], մեծ զգուշություն էր ցուցաբերում՝ ի խրատ մեզ:

   Ասում է.«Վերցրու տուր նրանց Իմ և քո կողմից»:

   Քանի որ Պետրոսն էլ էր անդրանիկ, նրան պատվում է սրանով: Բայց դու տե՛ս Պետրոսի մտքի խոնարհությունն ու նրա կատարյալ հավատը: Զարմացի՛ր նրա խոնարհության վրա, որովհետև նրա աշակերտ Մարկոսն այս [պատմությունը], որ պանծացնում է [Պետրոսին], չի գրել, մինչդեռ գրել է նրա ուրացման և այլ բաների մասին: Եվ նրա հավատի վրա՛ [զարմացիր], որովհետև այնպիսի բան հանձն առավ կատարել, որը խիստ դժվար էր, ուստիև իբրև նրա այդ հավատի վարձատրություն՝ [Հիսուսը] հարկը տալիս նրան Իրեն կցորդեց: Եվ քանի որ Պետրոսին հանձնեց [հարկահավաքներին՝ հարկը] տալու համար, որ նրա մոտ գնային, ցանցը գցեին, ուստի նրանք ևս գնում էին նրա հետ [դեպի ծով], ոմանք՝ հրաշք [տեսնելու], ոմանք էլ՝ [հրաշքի բացակայության դեպքում Հիսուսին] անգոսնելու: Եվ երբ [Պետրոսը] հանեց այն ձուկը, որը բերանում սատերն ուներ (ոմանք այն համարում են [այդ պահին] ստեղծված, ոմանք էլ՝ Սիմեոն ծերունու 932 արծաթե գրիչը, նրա, ով [Աստվածաշնչի] յոթանասուն թարգմանիչներից էր Փարան կղզում Պտղոմեոս արքայի օրոք, և պատմում են, թե [ծովն այն] անեղծ պահեց՝ նրա վրա նկարելով արքայի պատկերը 933, որը խորհրդանշում էր Քրիստոսի անմահ թագավորությունը), և տեսան այն, ամաչեցին ամբարտավանները, որ ղևտացի չհամարեցին Նրան, Ում մասին ծովը, ձուկն ու արծաթը վկայեցին, թե թագավոր է և քահանա:

   «Վերցրու տուր նրանց Իմ և քո կողմից»[խոսքը] նաև սա է [նշանակում]: Քանի որ սատերը կայսերական է, կայսրի՛ն տուր, ինչպես և ասաց [Տերը] 934, իսկ քեզ տուր Ինձ համար, ինչպես որ Ես տվեցի Ինձ քեզ համար, որովհետև Իմը միայն քեզ համար է, իսկ քոնը՝ Իմ սիրո և քո փառքի:

   Այլաբանորեն՝ ծովն այս աշխարհն է, կարթը՝ առաքելական քարոզությունը, ձուկը՝ տղմասեր մարդիկ, արծաթը խորհրդանշում է [Աստծո] խոսքը ([առաքյալները] հավատքի եկողներին առաջինը մատուցեցին այն, որ Հիսուսն Աստծո Որդին է), և առաքյալները [խորհրդանշում են] նրա քարոզիչներին: Սա՛ Հայր Աստծուն [տրված] ընծա եղավ: Այլև [Հիսուսը] կամավորաբար հարկ է տալիս, որպեսզի ինձ ազատի մեղքերի հարկից, որովհետև ինչպես որ Իր նվաստանալով բարձրացրեց [մեզ], անարգվելով փառավորեց և մահվամբ կյանք տվեց, այդպես էլ հարկ տալով՝ Օրենքի և մեղքի ծանր հարկերից ազատելով փրկեց, որպեսզի, ըստ Հոբի, այլևս չլսենք հարկահանի ձայնը 935 :
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:23