Սրբ. Եփրեմ Ասորի
1-11. Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ: Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց. «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ: Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը »: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»: Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը
Քանզի մինչև հրեշտակների նրա մոտ գալը գրված է, թե. «Աստված Աբրահամին երևաց Մամբրեի կաղնու մոտ», այնուհետև նոր տեսավ երեք մարդկանց: Եւ նրանց ընդառաջ գնաց որպես օտարների, և ճանաչեց Աստծուն, որ երևացել էր իրեն: Եւ երբ գնաց նրանց հետ, այն Աստվածը, որ նրան նախապես երևացել էր, նրանցից մեկն էր, նրանցից մեկի վրա նա տեսավ այդ նշանը և նրանից էր խնդրում, և նա հենց ինքն էր, որ իրեն իր որդի Իսահակի ծննդյան ավետիսը տվեց: Եւ երբ այն երկուսը ճանապարհ ընկան դեպի Սոդոմ, մնաց Աստված, որ խոսում էր նրա հետ:
Աբրահամը ոչ թե իր ծերության պատճառով ասաց. «ծերացա, անցել է ծնելու ժամանակը», այլ՝ գործի մեծության, որ իր և Աստծո մեջ էր, իր զավակի և այլոց մեջ, քանի որ Իսահակից հետո Աբրահամը Քետուրայից բազում այլ զավակներ էլ ունեցավ: Նույնպես նաև Դավիթը վաթսունամյա էր, նրա մոտ մի կույս ուղարկեցին, որպեսզի տաքացնի նրան, այսինքն՝ ոչ թե չէր կարող հաղորդակցվել կույսի հետ և անցել էր նրա ժամանակը, այլ քանի որ նա խրատվել էր առաջինից, ցույց տվեց նա իր կամքի սանձերը, փորձվել էր Բերսաբեից և որպեսզի էլ ավելի չբարձրամտի, ինչպես և ուրիշներն են ասում. այդ պատճառով «Փորձեց ինձ Աստված և քննեց ինձ» կամ երբ սրա փոխարեն ասաց.«Փորձիր ինձ Տեր, և քննիր ինձ Տեր» (Սղմ. 25։2):
Ա. Լոպուխին
Աստված Աբրահամին երևաց Մամբրեի կաղնու մոտ, երբ սա կեսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մոտ: (Սինոդական թարգ․) [1]
«Աստված նրան երևաց Մամբրեի կաղնու մոտ»... Աբրահամի անվան փոխարեն օգտագործվող «նրան» անձնական դերանունը վկայում է այն մասին, որ այս գլուխը անմիջականորեն կապված է նախորդ գլխի հետ, և կարծես՝ շարունակում է այն։ Սակայն գլխի առաջին բառերը անկասկած վկայում են այն մասին, որ այստեղ խոսքը նոր Աստվածհայտնության մասին է, թեև այն լինում է նախորդից (12հմր. հմմտ. 27։21) հետո։ Այս Աստվածհայտնության վայրը եղավ Աբրահամի դաշնակցի ամորհացի Մամբրեի նույն հովիտը, որտեղ բնակություն հաստատեց Աբրահամը Եգիպտոսից վերադառնալուց հետո(13։18, 24։13), և որը գտնվում էր Քեբրոնի շրջակայքում։
«Երբ նա կեսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մոտ»... Աստվածհայտնության ժամանակի հայտնումը, հատկապես այն հանգամանքը, որ այն կատարվեց ոչ գիշերով՝ երազի մեջ, այլ՝ կեսօրին, մեկնիչների կարծիքով հաստատում է իրողության լիովին իրական լինելը։ Տեսարանի մանրամասնությոնները համապատասխանում են Արևլքի բնակիչների վարքուբարքին. նրանք սիրում էին կեսօրվա տապին դուրս գալ իրենց վրանների հովանու տակ և սպասել այստեղ հյուրերին, որոնք սնունդի և հանգստի կարիք ունեն (19։1, Ա Թագ. 9։11)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Տերը Մամբրեի կաղնիների մեջ երևաց Աբրահամին, երբ օրվա տաք ժամին նա նստած էր վրանի մուտքի մոտ:
(Գրաբար) Եւ երևեցաւ նմա Աստուած առ կաղնեաւն Մամբրէի, մինչ դեռ նստէր առ դուրս խորանի՛ իւրոյ ի մէջօրէի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: