Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 18:1

Ստեփանոս Սյունեցի

1-2. Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում:
   
    «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»:

    Ոմանք Քրիստոսին վերագրեցին այս առակը, քանզի որպես Աստված՝ Աստծուց չի երկնչում և մարդկանցից չի ամաչում, որովհետև անարգ ոչինչ չի գործել: Արդ, եթե Քրիստոս արդարության Դատավորն է, և Նրա բոլոր ճանապարհները արդար են, և [իրոք դա] այդպես է, հետևաբար՝ ըստ ոմանց մեկնության՝ Քրիստոս անիրավ դատավոր է լինում, քանզի ավետարանիչը քիչ հետո ավելացնում է. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը» (Ղուկ. 18:6): Եվ քանի որ այդպես հասկանալը հետին հիմարություն է, և հակառակ են միմյանց արդար ու անիրավը դատավորները, ապա պետք է մեկնել այսպես:

    Երկուսի՝ անիրավի և չարի մասին այստեղ պետք է հասկանանք, որ մեկն անիրավ դատավորն է, իսկ մյուսը՝ այրու ոսոխը, որ անիրավ դատավորի իշխանության տակ է: Եվ չարերի մեջ էլ է հնարավոր, որ մեկն իշխի, իսկ մյուսը՝ ենթարկվի, ինչպես և Բեղզեբուղը դևերի իշխան կոչվեց:

    Արդ, անիրավ դատավորը չերկնչեց Աստծուց, քանզի Նրա Որդուն մատնեց խաչելու, իսկ Նրա մարգարեներին ու առաքյալներին՝ սպանելու, և մինչև այժմ իսկ քրիստոնյաների վրա հալածանքներ է հարուցում՝ Աստծու թույլտվությամբ: Նա ամբարտավան ու ամբարհավաճ դատավոր է և մարդկանցից էլ չի ամաչում՝ արհամարհելով մարդկային ցեղը: Իսկ քաղաքի այրին մարդու հոգին է, այրիացած Քրիստոսից, Ով էլ եկեղեցական Հոգու Փեսան է:

    Այս այրին, թողած Քրիստոսին, ապավինում էր անիրավ դատավորին՝ հալածված ոսոխից՝ դևից, իրավունք էր խնդրում [մեկ այլ] դևից, որպեսզի ձերբազատվի ոսոխի բռնությունից: Այս ոսոխը, ինչպես ասացի, կա՛մ դև է, որ ճնշում էր, կա՛մ էլ սատանային հնազանդված մարդ: Իսկ անիրավ դատավորը այրուց հոգնելով կատարեց այն, ինչը խնդրվում էր:

    Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորը, որ ոչ Աստծուց է երկնչում և ոչ էլ մարդկանցից ամաչում, այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ ևս առավել Քրիստոս՝ արդարության Արեգակը և Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում և պաղատում են Նրան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-8․ Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»»: Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»:
   
    Հիսուսի քարոզությունը, թեպետ մեծ մասամբ առակներից է կազմված, սակայն հաճախ ընդհատվում է մեսիական և ավետարանական խնդիրներով։ Սակայն մենք պահում ենք Ղուկասի դասակարգությունը, որովհետև ուրիշ տեղից բաղդատելու և փոփոխելու մասեր չունենք։ Մեսիական գալստյան մասին բացատրություններից հետո, Ղուկասը մի նոր առակ է մեջբերում՝ հենց սկզբից հայտարարելով, թե ինչ նպատակով է ասված այն․ այսինքն՝ հայտնելու համար․ «թէ պարտ է յամենայն ժամ կալ նոցա յաղօթս, եւ մի՛ ձանձրանալ»։ Աղոթքում հարատևությունը ինքն իրեն նկատված, գեղեցիկ և օգտակար մի խրատ է, և ծառայում է մեր տկարության հանդեպ աստվածային օժանդակության վստահությունը ավելացնելուն։ Իսկ հիշվելով Մեսիական գալստյան խնդրից հետո, մի ներքին կապակցություն էլ է դիտվում երկու կետերի մեջ։ Քանի որ Մեսիական հայտնությունը ցավալի պարագաներով հանդերձ պետք է լինի, ինչպես բացատրվեց նախորդ հադվածում, ուրեմն, դրանցից զերծ մնալու համար պետք է աղաչել Աստծուն և աղաչանքի կատարումը անմիջապես չտեսնելու համար չվհատվել, այլ շարունակել աղոթքը կամ աղաչանքը և հարատևել առանց ձանձրանալու․ ի վերջո Աստված, անշուշտ, կպաշտպանի իր մերձավորներին։ Այս կապակցությամբ է բերվում առակը։
    Կար մի խեղճ այրի կին, որ մի անպիտան մարդու հակառակության առարկա էր դարձել և շարունակ նեղվում էր նրանից։ Թե ինչ տեսակ նեղություն է, բացատրված չէ․ կարող է այրի կնոջ պարկեշտության և պատվի դեմ լարված մեքենայություն լինել, բայց ավելի հավանական է ենթադրել, որ այրուն տկար գտնելով, նրա հողերը կամ կալվածքը գրավելու համար, բռնության մի գործ է խնդիրը։ Խեղճ այրին, չկարողանալով թշնամու դեմ կանգնել, դիմում է քաղաքի դատավորին, աղաչում, որ արգելի իր թշնամու անիրավ ձգտումները, նրա բռնությանն ու խարդախությանը վերջ տա, իրավունք ու արդարություն պաշտպանի և իրեն ազատի հակառակորդի ձեռքից։ Այրին գնում է, գալիս է, աղաչում-պաղատում է, բայց դատավորն անգամ ուշադրություն չի դարձնում։ Ո՛չ խեղճությունից է ազդվում, ո՛չ անիրավությունից, բնավ չի էլ մտածում։ Այրին Աստծու անունով է երդվեցնում, բայց դատավորն Աստծու վախն էլ չի զգում և լկտիաբար ասում է․ «Աստծուց վախենալու չափ փոքրոգի չեմ»։ Ամեն կողմից իրեն հիշեցնում են, որ այդ գործի մասին ամենուրեք խոսվում է, բոլորի բերանն է ընկել, բոլորը պախարակում են իրեն՝ այդքան անհոգ լինելու համար։ Իսկ նա ասում է․ «Սրա-նրա խոսքը ինձ վրա չի ազդում, նրանց խելքով գործելու չափ տկար չեմ, ինչ ուզում են թող խոսեն, ինձ համար նշանակություն չունի»։
    Սակայն խեղճ այրի կինը այդ անհոգությունից և լկտիությունից հետո էլ չի ձանձրանում և շարունակ, «ի բազում ժամանակս» նույն դատավորի դուռն է գալիս ու կրկնում, որ միայն ինքը՝ դատավորը, կարող է իրեն ազատել իր անիրավ հակառակորդից։ Դատավորը, ոչ պակաս անիրավ, քան հակառակորդը, որ ո՛չ Աստծու վախով էր փափկում և ո՛չ էլ մարդկանց խոսքերից էր ամաչում, վերջապես պարտվեց այրու հայտարարությունից ու ասաց․ «Այս կնոջ գործը վերջացնեմ, որ աղաչանքից ազատվեմ, ուզածն անեմ, որ շարունակ աղաչելը վերջանա»։ «Այսպես,- եզրակացնում է Հիսուս,- անիրավ դատավորն էլ է հարատևությունից հաղթվում, զիջում է և կատարում աղաչողի ուզածը։ Մի՞թե Աստված էլ չպետք է զիջի ձեր աղոթքներին, եթե տոկուն հարատևությամբ շարունակեք, մի՞թե նա չպետք է կատարի իր ծառաների խնդրանքները և չպետք է օգնի նրանց, եթե գիշեր ու ցերեկ շարունակ աղոթեն, մի՞թե կկարողանա անհոգ մնալ նրանց հարատև աղաչանքների հանդեպ։ Ո՛չ, չի կարողանա անհոգ մնալ, չկատարել իր ծառաների խնդրանքները, այլ պետք է զիջի և, վերջապես, պետք է օգնի նրանց իրենց նեղության պահին։ Աստված չպետք է լքի իր մերձավորներին, սրա վրա կարող եք վստահ լինել, բայց արդյո՞ք իր մերձավորները հավատարիմ կմնան իրեն մինչև վերջ։ Ահա բուն խնդրի լուծման կետը։ Մարդիկ աշխարհում կունենա՞ն այն հավատքը, որ իրենց մղիԱստծու նկատմամբ կատարյալ վստահության և երբ դիմեն Աստծուն, արժանի պիտի լինե՞ն վայելելու Աստծու ողորմածությունը, պիտի աղոթե՞ն Աստծուն կատարյալ հավատքով և առաքինական հարատևությամբ»։
    Հիսուսի այս խոսքերն ընդհանուր և բարոյական առմամբ հարմար են բոլոր աղոթքներին․ իսկ «Որդի Մարդոյ եկեալ» խոսքերը, ավելի մոտիկից են շոշափում մեսիական խնդիրներն ու Երկնքի Արքայության հայտնությունը և թելադրում են ավետարանական իմաստով մեկնաբանելու Դատավորի առակը։
    Տնտեսի առակի մասին խորհրդածեցինք, որ տգեղ մի օրինակով էր բացատրվում Աստծու դերը և անիրավ գործի մի օրինակով բացատրվում է առաքինական մի գործ։ Այս առակում էլ նույնն է․ անիրավ դատավորը իր անիրավ ընթացքով Աստծու ողորմությունը ստանալու օրինակով է գործածվում։ Սակայն ոչ թե «նմանութեամբ», այլ «բաղդատութեամբ»։ Հիսուս չի ասում, թե Աստված գործում է այնպես, ինչպես անիրավ դատավորը, այլ պատճառաբանում է, որ եթե անիրավ դատավորն էլ, ում վրա ո՛չ Աստծու երկյուղը և ո՛չ էլ մարդու ամոթը չէին ազդում, պարտվում է հարատևության ազդեցությունից, որքան ավելի բարության ու գթության աղբյուրը՝ Աստված։ Ոչինչ, որ օրինակները շատ քնքուշ չէին, հասարակ ժողովրդի հետ խոսելու ժամանակ ավելի ազդեցիկ են մեծ տպավորություն գործող օրինակները։
    Աղոթքի հարատևության համար էլ բավական է այդ առակը մերձեցնել մյուս պատվերին, որտեղ հրամայվում է․ «Մի՛ շատախօսք լինիք» Մատթ․ 6:7 և որն արդեն բացատեցինք (Մատթ. 6:1-18), որ Հիսուս չի արգելու շատ աղոթելը, այլ արգելում է դատարկաբան, սնափառ և անձնապաստան աղոթքները։
    Մեր, վերևում ասած, պարզաբանությամբ լուծած կլինենք նաև այն դժվարությունը, որ ոմանց կողմից առաջ է բերված, թե՝ «Իսկ Որդի Մարդոյ եկեալ՝ գտանիցէ արդեօք հաւատս յերկրի» խոսքերը, նախորդ առակի հետ չեն կապում և դիտում են որպես բոլորովին տարբեր և անկախ մի նյութ։ Մինչ, ինչպես տեսանք, աղոթքում նկատվող երկու կետերը բաղդատվում են իրար հետ, աղոթողը և աղոթք ընդունողը, Աստված ու մարդ։