Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:7

Հովհաննես Ծործորեցի

Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը:
   

   Վա՛յ աշխարհի գայթակղություններին. գայթակղությունները հա՛րկ է, որ գան, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով գայթակղություն կգա:

   Այս «վայ»-ը հասցեագրում է կամ գայթակղեցնողներին, ովքեր աշխարհասեր են և շատերին են գայթակղեցնում, այսինքն՝ ուղիղ ճանապարհն արգելում ու խափանում են, և նրանց «վայ» է ասում նրանց գայթակղեցուցիչ գործերի և խոսքերի պատճառով, որովհետև նախ ասաց. «Ավելի լավ կլիներ, եթե էշի երկանաքար կախվեր նրա պարանոցից», այժմ էլ ավելացնում է, թե [գայթակղեցնողը] դրանով չի ազատվելու, առջևում դարձյալ վայ ու անեծք կա՝ ըստ օձի օրինակ 943, որպեսզի սրանով արթուն լինեն և ոչ ոքի չգայթակղեցնեն, որովհետև [Տերը] ոչ միայն գարշում է սրանից, այլև նախապես ողբում սրա վրա: Կամ էլ ողբում է գայթակղվածներին, որովհետև ոչ միայն կործանողներն են տանջվելու, ասում է, այլև կործանվածները, քանի որ վրեժ է խնդրվելու ոչ միայն նրանցից, ովքեր չարն են գործում, ասաց առաքյալը, այլև «ովքեր կամակից են լինում [չար] գործերին» (Հռոմ. 1։32):

   Բայց թող ոչ ոք չասի, թե եթե գայթակղությունը հա՛րկ է, որ գա, ինչո՞ւ է [Տերը] վայ կարդում նրան, ում պետք էր օգնության ձեռք մեկնել, որովհետև սա է [պատշաճում] բժշկին, մյուսը [հատուկ է] չնչին մեկին: [Սա ասողը] թող իմանա, որ ինչպես այն հիվանդին, ով բազմաթիվ բուժամիջոցներ վայելելով հանդերձ՝ չի կատարում բժշկի պատվերը, բժիշկը ողբում է թե՝ «Վա՛յ այսինչին, որովհետև իր ծուլությամբ է՛լ ավելի է հիվանդությունը բարդացնում», որովհետև [վայ կարդալը] նույնպես բժշկության ձև է, այդպես էլ Տերն արեց, քանի որ շատերը չխրատվեցին լավ վերաբերմունքից, այլ այն ժամանա՛կ օգուտ ստացան, երբ նրանց ողբացին:

   Իսկ «հարկ է» ասելու պատճառով թող ոչ ոք չկարծի, թե եթե հա՛րկ է, որ [գայթակղությունը] գա, ինչպե՞ս փախչենք [դրանից]: Որովհետև հարկ է, որ գայթակղությունը գա՝ ըստ Ղուկասի. «Հնարավոր չէ, որ գայթակղություն չգա» (Ղուկ. 17։1)՝ մեր սխալական ու նյութական բնության և սատանայի նախանձաբեկության պատճառով, սակայն հարկ չէ, որ կործանումը գա, որովհետև [Տերը մեր] անձնիշխան ազատությունը չի վերացնում և [մեր] վարքն ու ընթացքը չի դնում հարկադրանքի տակ, այլ նախապես ասում է այն, ինչ լինելու է: Ուստի ոչ թե Նրա կանխաճառությունն 944 է գայթակղություն առաջ բերում, այլ որովհետև դա լինելու էր, կանխագուշակեց, որպեսզի Նրա կանխագիտությունը ցույց տրվի՝ ըստ առաքյալի 945, և մարդիկ զգուշանալով փրկվեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6