Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:11

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

11-12. «Իսկ Հիսուս ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է»»։ «Որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, և ներքինիներ էլ կան, որոնք Երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել։ Ով կարող է տանել, թող տանի»:
   
   Եվ ի՞նչ ասաց Քրիստոս։ Չասաց՝ «այո, իսկապես, ավելի հեշտ է», - և այդպես չասաց, որպեսզի մարդիկ չմտածեին, թե դա օրինական քայլ է, - այլ արտաբերեց հետևյալ խոսքերը. «Ոչ բոլորն են տանում այս խոսքը, այլ նրանք, ում տրված է» (հմմտ․ Մատթ. 19:11)։ Հենց սրանով Նա բարձրացնում է խնդրո առարկա նյութը, ներկայացնում է այն որպես մի մեծ իրողություն, և այսպիսով ձգում ու մղում է դեպի այն։ Բայց ուշադրություն դարձրու այստեղ առկա հակասությանը. Հիսուս դա «մեծ» է կոչում, իսկ նրանք՝ «հեշտ»։ Իսկապես, և՛ մեկը, և՛ մյուսը հարկավոր էին։ Հիսուսին անհրաժեշտ էր այն «մեծ» կոչել, որպեսզի նրանց ավելի ջանասեր դարձնի, իսկ նրանք պիտի իրենց խոսքերով ցույց տային դրա հեշտությունը, որպեսզի հենց այդ պատճառով էլ նախապատվեին կուսությունն ու ողջախոհությունը։ Քանի որ կուսության մասին խոսքն աշակերտներին կարող էր շատ ծանր թվալ, ուստի Քրիստոս ամուսնական օրենքի անփոփոխելիությամբ նրանց մեջ արթնացրեց կուսության ցանկությունը։ Ապա, ցույց տալով անամուսին կյանքի հնարավորությունը, ասում է. «Կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, և ներքինիներ էլ կան, որոնք Երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել» (Մատթ. 19:12)։ Այս խոսքերով աշակերտների մեջ աննկատորեն արթնացնելով կուսության ճանապարհն ընտրելու ցանկությունը և վստահեցնելով այս առաքինության հնարավորության մասին, Հիսուս ասես այսպես է ասում. «Պատկերացրու, թե դու բնությունից այդպիսին ես, կամ դարձել ես այդպիսին ուրիշների բռնության միջոցով. ի՞նչ պիտի անեիր դու՝ վայելքից զրկվելով և դրա փոխարեն պարգև չստանալով։ Այսպիսով, շնորհակա՛լ եղիր Աստծուն, որ հանուն պարգևների ու պսակների կրում ես այն, ինչ մյուսներն են կրում՝ առանց դրանք նկատի ունենալու»։ Ի դեպ, սա էլ ավելի թեթև է դառնում, երբ դու ինքդ քեզ ամրապնդում ես հույսով ու առաքինության գիտակցությամբ և անձնատուր չես լինում ցանկությանը, որը սաստիկ հուզում է քեզ։ Իրապես, ոչ այնքան անդամահատումը, որքան բանականության ուժը կարող է սանձել այդպիսի ալիքները և հանդարտություն հաստատել։ Այսպիսով, աշակերտներին ուսուցանելու համար Քրիստոս թվարկեց ներքինիների տեսակները։ Եթե Նա այս նպատակը չունենար, ապա ինչի՞ համար պիտի թվարկեր մյուս տեսակի ներքինիներին։ Իսկ երբ Քրիստոս ասում է՝ «իրենք իրենց են ներքինի դարձրել», այդժամ նկատի ունի ոչ թե անդամահատումը, - դա բնավ թող չպատահի, - այլ չար մտքերի՛ ոչնչացումը, որովհետև անդամը կտրողն անեծքի է ենթարկվում։ Այդ մասին նաև Պողոսն է ասում. «Երանի՜ թե արմատախիլ լինեին նրանք, որ ձեր միտքը խռովում են» (Գաղ. 5:12)։ Եվ շատ արդարացիորեն է ասվում։ Այդպիսի մարդը վարվում է ասես մարդասպանների նման. աջակցում է նրանց, ովքեր նսեմացնում են Աստծու արարչագործությունը, բացում մանիքեացիների բերանը և խախտում է օրենքը՝ ա՛յն հեթանոսների նման, որոնք կտրում են իրենց մարմնի անդամները։ Անդամահատումը հին ժամանակներից ի վեր սատանայի գործն է եղել և սատանայի խորամանկությունը, որպեսզի դրանով խեղաթյուրի Աստծու արարչագործությունը, որպեսզի վնաս պատճառի Աստծու ստեղծած մարդուն, և որպեսզի շատերը, ամեն ինչ վերագրելով ոչ թե ազատ բանականությանը, այլ հենց մարմնի անդամներին, անվախորեն մեղանչեն՝ իրենք իրենց անմեղ համարելով։ Անդամահատությունը հենց այս նպատակով է հորինվել, որպեսզի մարդուն կրկնակի վնաս պատճառի. թե՛ անդամների հատումով, թե՛ բարիք գործելու կամքի առջև խոչընդոտներ սահմանելով։ Այս ամենը հորինել է սատանան, որը, ցանկանալով մարդկանց տրամադիր դարձնել այս մոլորությունն ընդունելուն, ներմուծեց նաև մեկ այլ սուտ ուսմունք՝ ճակատագրի ու անհրաժեշտության մասին, և այդպիսով ամեն կերպ ջանում էր ոչնչացնել Աստծու կողմից մեզ պարգևված ազատությունը՝ համոզելով, թե չարիքը ֆիզիկական բնության հետևանք է, և դրանով թեև գաղտնաբար, սակայն տարածելով բազում այլ սուտ ուսմունքներ։

   Ահա սատանայի նետերը։ Դրա համար, աղաչում եմ, փախե՛ք այսպիսի հանցանքից։ Ասվածին պիտի ավելացնել նաև, որ մեր ցանկություններն անդամների հատումով ոչ միայն չեն սանձվում, այլև էլ ավելի են գրգռվում, քանի որ մեր մեջ գտնվող սերմն ունի ուրիշ աղբյուրներ և ուրիշ կերպ է արթնանում։ Ոմանք ասում են, թե ցանկությունն առաջանում է ուղեղից, ուրիշները՝ որովայնից. իսկ ես ասում եմ, թե այն առաջանում է ո՛չ այլ աղբյուրներից, քան միայն՝ ապականված կամքից ու մտքերի հանդեպ անուշադրությունից։ Եթե կամքը ողջախոհ է, ապա բնական շարժումներից ոչ մի վնաս չի լինի։ Այսպիսով, խոսելով ներքինիների մասին, թե՛ նրանց մասին, ովքեր իզուր են ներքինի դառնում՝ մտքերում ողջախոհ չլինելով, թե՛ նրանց մասին, ովքեր Երկնային արքայության համար են կուսություն պահպանում, Քրիստոս ավելացնում է հետևյալը. «Ով կարող է տանել, թող տանի»։ Եվ այսպիսով, Իր անպատում հեզությամբ ցույց տալով, թե որքան կարևոր է կուսության պահպանումը, և չսահմանափակելով այն օրենքի անհրաժեշտ պատվերներով, Հիսուս աշակերտների մեջ էլ ավելի է բորբոքում կուսության հանդեպ սերը։ Եվ հենց սրանով Նա ցույց է տալիս այդ առաքինության լիակատար հնարավորությունը, որպեսզի կամքի մեջ առավել ուժգնորեն արթնացնի կուսության պահպանման ցանկությունը։

   Բայց եթե սա կախված է կամքից, ապա մեկը գուցե հարցնի. ինչո՞ւ ուրեմն Հիսուս սկզբում ասաց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է»։ Ա՛յն բանի համար, որպեսզի դու մի կողմից ճանաչես, թե որքան մեծ է կուսությունը պահպանելու սխրանքը, մյուս կողմից՝ այն քեզ համար անխուսափելի անհրաժեշտություն չհամարես։ Տրված է նրա՛նց, ովքեր ցանկանում են։ Եվ Քրիստոս այսպես էր ասում, որպեսզի ցույց տա, թե որքան մեծ կարիք ունի աստվածային օգնության նա՛, ով ձեռնարկում է այս սխրանքը, օգնությո՛ւն, որը փափագողը, անկասկած, ստանում է այն։ Փրկիչը սովորաբար գործածում է այս արտահայտությունը, երբ խոսքը ինչ-որ կարևոր բանի մասին, ինչպես, օրինակ, երբ ասում է. «Ձեզ տրված է գիտենալ խորհուրդները․․․» (Ղուկ. 8:10)։ Իսկ որ սա ճշմարիտ է, երևում է նաև ներկա հատվածից։ Իսկապես, եթե այս առաքինությունը միայն վերևից տրված ընծա լիներ, և կույսերը ներքնապես որևէ սխրանք չգործեին, ապա Հիսուս զուր տեղը նրանց կխոստանար Երկնքի արքայությունը և չէր տարբերակի նրանց մյուս ներքինիներից։ Բայց ուշադրությո՛ւն դարձրու այն բանին, թե ինչպես են ոմանք սա արհամարհում, իսկ ուրիշներն այս խոսքից օգուտ են ստանում. հրեաները հեռացան՝ ոչինչ չսովորելով, և չհարցրին էլ, որպեսզի ինչ-որ բան սովորեն, իսկ աշակերտները օգուտ քաղեցին այս խոսքից։

   Հիսուս այստեղ «ներքինիներ» է կոչում ոչ թե նրանց, ովքեր իրենց մարմնի անդամներն են կտրել, այլ նրա՛նց, ովքեր կտրել են ապականված ու անառակությամբ լցված միտքը՝ դրա համար օգտագործելով ոչ թե երկաթե դանակ, այլ միտք ու իմաստասիրություն, և դա արել են Աստծո՛ւ օգնականությամբ։ Ահա ներքինիների երկու տեսակ. ոմանք մարդկանց կողմից են անդամահատված, իսկ մյուսներն անձամբ իրենց բարեպաշտությամբ են կտրել-դեն նետել ապականված միտքը։ Բայց, թեև նրանք ոչ միանման ձևով են ներքինի դարձել, սակայն և՛ մեկ, և՛ մյուս տեսակին պատկանող ներքինիները հավասարապես ձեռնպահ են մնում կանանց հետ հաղորդակցությունից։ Ասացի «հավասարապես»՝ նկատի ունենալով ոչ թե տրամադրվածությունը, այլ գործի էությունը, որովհետև և՛ ֆիիկապես ներքինին չի կարող հաղորդակցվել կնոջ հետ, և՛ մտովի իրեն ներքինի դարձրած վանականը։ Գործողությունը մեկն է, բայց նպատակը՝ տարբեր։ Դրա համար էլ, առաջինների մասին ասելով, թե նրանք մարդկանցից են ներքինի դարձված, Քրիստոս այդպիսինների համար ոչ մի պարգևատրում չսահմանեց, քանի որ դա բնության «գործն» է, և ոչ թե՝ սխրագործություն։ Իսկ ահա վերջիններին հիշատակելով՝ Հիսուս նրանց պսակեց Արքայությամբ՝ ասելով. «Երկնքի արքայության համար»։ Թեև ոչ մեկը, ոչ մյուսը հաղորդակցություն չունեն կնոջ հետ, բայց մեկն անհրաժեշտությունից դրդված է այդպես վարվում, իսկ մյուսը կատարում է այդ սխրանքն իր կամքով, ինքն անձամբ է որոշել և կատարում դա։ Իսկ եթե մարդիկ իրենք ինքնուրույն կարող են անել դա՝ կարող են և՛ կատարել, և՛ իմաստասիրել, և՛ խոսել, և՛ գործել անթիվ բազում ուրիշ գործեր, ապա մի՞թե հրեշտակների Տերն Ինքն իսկապես չի կարողանա կատարել ո՛չ փոքր, ո՛չ մեծ որևէ բան։ Եվ ո՞վ կհամաձայնի սրան։ Չե՞ս լսում Պողոսին, որն ասում է. «Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկյա և արծաթյա անոթներ են լինում, այլ նաև՝ փայտյա և խեցե։ Կան այնպիսիք, որոնք պատվավոր գործածության համար են, կան էլ, որ ոչ պատվավոր գործածության համար են։ Եթե մեկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կլինի պատվավոր անոթ՝ սրբագործված և պիտանի իր Տիրոջը, պատրաստված ամեն բարի գործի համար» (Բ Տիմ. 2:20-21
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է.

   

   Իսկ Նա ասաց նրանց. «Ամենքը չունեն դրա կարողությունը, այլ նրանք, ում տրված է:

   Չասաց. «Այո՛, ավելի հեշտ է չամուսնանալ», որպեսզի դա օրենք չհամարվեր, բայց գրեթե նույն բանն է ասում: «Ամենքը չունեն դրա կարողությունը». սրանով հարգանք ընծայելով` ցույց է տալիս, որ շատ մեծ բան է, երբ հոժարում են [չամուսնանալ] և պարտադրանքի տակ չընկնել: Քանի որ կուսության մասին խոսելը ծանր էր թվում, այս օրենքի դժվարության պատճառով միայն դեպի [դրա] ցանկությունն է հորդորում` ըստ առաքյալի. «Կուսության մասին չունեմ հրաման Տիրոջից, այլ խրատ եմ տալիս» (հմմտ. Ա Կոր. 7։25): Այդպես էլ Տերն է [վարվում], որպեսզի ցույց տա, որ կուսությամբ ապրելը հնարավոր է: Իսկ ի՞նչ [նկատի ունի] «ում տրված է» [ասելով]: Մի՛ կարծիր, թե տալը վիճակով և հարկադիր է, այլ [Տերն այսպես է ասում], որպեսզի ցույց տա, որ [կուսությամբ ապրելը] մեծ պատերազմ է և վերին օգնականության կարիքն ունի: Ուրիշ կերպ ևս [կարելի է հասկանալ]. [այս շնորհը] ստացողն այն խնդրելով է ստանում, ուստի կուսություն պահողը պետք է նաև աղոթքներով օգնություն խնդրի և Աստծո կամքի համաձայն շարժվի: Այսպիսիների՛ն է տրված:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:10

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:10