Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
4-6. «Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Դուք չե՞ք կարդացել, որ Արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց»»։ «Ու ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»»։ «Որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։
Ի՞նչ է Հիսուս պատասխանում նրանց։ Նա չի ասում. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր» (Մատթ. 22:18)։ Թեև հետո այդպես պիտի ասեր, բայց այստեղ դա չասաց։ Ինչո՞ւ ուրեմն։ Ա՛յն բանի համար, որպեսզի Իր զորության հետ միասին ցույց տա նաև Իր հեզությունը։ Հիսուս բոլոր պարագաներում չէ, որ լռում է, որպեսզի չմտածեն, թե Նրան անհայտ է որևէ իրողություն, և ոչ միշտ էլ հանդիմանում, որպեսզի ուսուցանի մեզ, թե ամեն ինչ պիտի հանդուրժել հեզությամբ։ Ուրեմն ինչպե՞ս է Նա այստեղ պատասխանում փարիսեցիներին։ «Դուք չե՞ք կարդացել, որ Արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց։ Ու ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին»։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19:4-6)։ Հիացի՛ր Վարդապետի իմաստությամբ։ «Թույլատրվո՞ւմ է (արդյո՞ք վայել է)» հարցին Հիսուս անմիջապես չի պատասխանում․ դրա անհրաժեշտությունը չկար, որպեսզի ներկաները չխռովվեին ու աղմուկ չբարձրացնեին։ Ուստի Հիսուս վճռական պատասխանը տալուց առաջ նախապես իսկ ակնհայտ է դարձնում Իր պատասխանը՝ բացատրելով, որ Իր հրամանն էլ Իր Հոր պատվիրանն է, և որ Նա այն սահմանել է ոչ թե Մովսեսին հակասելով, այլ Նրա հետ լիակատար համաձայնությամբ։ Նկատի՛ր նաև, որ Հիսուս հաստատում է Իր խոսքերը ոչ միայն նրանով, որ Աստված այր ու կին է ստեղծել մարդկանց, այլև ա՛յն պատվիրանով, որը Տերն արտաբերել է նրանց արարելուց հետո։ Հիսուս միայն չասաց, թե Աստված ստեղծել է գեթ մեկ տղամարդու ու մեկ կնոջ, այլև ա՛յն ասաց, թե Արարիչը նրանցից յուրաքանչյուրին հրամայել է միմյանց հետ միանալ։ Իսկ եթե Աստված ցանկանար, որ կինն արձակվի և մարդը մեկ ուրիշ կնոջ առնի, ապա կստեղծեր մեկ տղամարդու և շատ կանանց։ Այսպիսով, և՛ արարչագործության ձևով, և՛ օրենքի սահմանումով Հիսուս Քրիստոս ցույց տվեց, որ ամուսինն ու կինը պիտի հավիտենապես միանան իրար և երբեք չբաժանվեն։ Եվ տե՛ս, թե ինչպես է ասում այդ մասին. «Արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց», այսինքն՝ քանի որ նրանք առաջացել են մեկ արմատից, ապա պիտի միանան մեկ մարմնի մեջ. «Երկուսը, - ասում է, - մեկ մարմին պիտի լինեն»։ Ապա, ցույց տալով, թե որքան սարսափելի է խախտել այս հրամանը, և հաստատելով օրենքը՝ Հիսուս չի ասում․ «Ուրեմն, մի՛ քայքայեք, մի՛ բաժանեք», այլ ասում է. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ Եթե դու հղում ես անում Մովսեսին, ապա ես մատնանշում եմ Մովսեսի Տիրոջը, և ընդ որում հաստատում եմ հրամանի հնամենիությամբ։ Աստված՝ «Արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց»։ Եվ այս օրենքն ամենահինն է (թեև, ըստ երևույթին, այժմ ներկայացվում է միայն Իմ կողմից), և այն սահմանված է առանձնահատուկ նախանձախնդրությամբ։ Աստված ոչ թե պարզապես ամուսնուն բերեց կնոջ մոտ, այլ հրամայեց թողնել և՛ մորը, և՛ հորը, ու ոչ թե պարզապես հրամայեց գալ կնոջ մոտ, այլ կապվել նրան՝ արդեն իսկ այդ խոսքերով ցույց տալով միության անբաժանելիությունը։ Բայց Հիսուս միայն սա ասելով էլ չբականացավ. Նա դեռ պահանջեց նաև մեկ այլ, ավելի սերտ միություն. «Երկուսը, - ասում է, - մեկ մարմին պիտի լինեն»։
Այսպիսով, ներկայացնելով հին օրենքը՝ սահմանված գործով ու խոսքով, և ապացուցելով դրա արժանահավատությունը նրանո՛վ, թե Ով է այն սահմանել, Հիսուս նաև իշխանությամբ բացատրում և ամրապնդում է այն հետևյալ խոսքերով. «Որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին»։ Հետևաբար, ինչպես մարմինը հատելը հանցավոր գործ է, այնպես էլ կնոջից բաժանվելն է անօրինական մի արարք։ Եվ այսքանով էլ Հիսուս կանգ չառավ, այլ խոսքը հաստատելու համար մատնանշեց Աստծուն՝ ասելով. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ Այս խոսքերով Հիսուս ցույց է տալիս, որ բաժանվելը թե՛ բնությանը, և թե՛ օրենքին հակառակ մի արարք է. բնությանը՝ քանի որ կտրվում է նույն ինքը մարմինը, և օրենքին՝ քանի որ դուք ձեռնարկում եք բաժանել այն, ինչ Աստված միացրել է և չի հրամայել բաժանել։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց.
Պատասխանեց նրանց և ասաց. «Չե՞ք կարդացել, որ ով հաստատեց ի սկզբանե, արու և էգ ստեղծեց նրանց և ասաց:
Տե՛ս Փրկչի իմաստությունը, ինչպես նաև հեզությունը, որ թեպետ մի ուրիշ կերպ ցույց տվեց աստվածային խոսքերի մեջ նրանց տգիտությունը, սակայն որպեսզի չխռովվեին, իսկույն չասաց թե` օրինավոր չէ [արձակել]: Այլ նախքան վճիռ կայացնելը օրինակով նույնը հայտնեց, թե Իր Հոր նույն հրամանն է դա և հակառակ չէ Մովսեսին, այլ խիստ համաձայն: Եվ տես, որ ոչ միայն արարչության ժամանակ վճռված լինելով է հաստատում դա, այլև [Աստծո] հրամանով: Որովհետև չասաց, թե [Աստված] միայն մեկ տղամարդ և մեկ կին ստեղծեց, այլ որ հրամայեց մեկ տղամարդուն մեկ կնոջ հետ ամուսնանալ. եթե կարելի էր մեկին թողնել և մյուսին նրա փոխարեն բերել, մեկ տղամարդուն ստեղծելիս [Աստված] շատ կանանց կստեղծեր: Եվ այսպես արարչության օրինակով [Հիսուսը] ցույց տվեց այդ օրինադրությունը` որ մեկ տղամարդը միշտ մեկ կնոջ հետ պիտի բնակվի, և չպետք է երբևէ բաժանել [նրանց], որովհետև մեկ արմատից այդպես ստեղծվեցին, ինչպես ասաց. «Ով ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց և ասաց։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: