Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանը ու Նրա մորը և փախի՛ր Եգիպտոս, և մնա՛ այնտեղ, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսն ուզում է փնտրել Մանկանը, որպեսզի սպանի Նրան»»։
   
   Այստեղ հնարավոր է որոշակի շփոթության մատնվել թե´ մոգերի և թե´ Մանկան առնչությամբ: Եթե նույնիսկ մոգերն իրենք շփոթության չէին մատնվել, այլ ամեն ինչ ընդունել էին հավատի ուժով, այնուամենայնիվ, մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչու է, որ թե´ մոգերն ու թե´ Մանուկն իրենց նույն տեղում չեն մնում, այլ մոգերը հեռանում են Պարսկաստան, իսկ Մանուկն Իր մոր հետ փախչում է Եգիպտոս: Ուրեմն ի՞նչ, մի՞թե անհրաժեշտ էր, որ Մանուկը մատնվեր ընկներ Հերովդեսի ձեռքը և, դրանով հանդերձ, մահվան չենթարկվեր։ Սակայն այդ դեպքում կարող էր կասկած առաջանալ Հիսուսի մարմնավորման խորհրդի վերաբերյալ, և թերահավատություն` աստվածային տնօրինության մեծությանը հավատալու հարցում: Եթե նույնիսկ Քրիստոսի` մարդկային այս և շատ այլ արարքներից հետո ոմանք համարձակվում էին լեգենդ համարել Փրկչի մարմնավորման իսկությունը, ապա պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչպիսի ամբարշտության խորքերը կարող էին ընկղմվել, եթե Հիսուս ամենուր գործեր այնպես, ինչպես վայել է Աստծուն ու Նրա ամենազորությանը:
   Իսկ ինչ վերաբերում է մոգերին, ապա Աստված անմիջապես հեռու է ուղարկում նրանց, մասամբ` քանի որ Տերն այդպիսով որպես վարդապետների (ուսուցիչների) մոգերին առաքելության է կոչում պարսկական երկրում, և մասամբ էլ՝ քանի որ այդպիսով Աստված ասես «մեղմում» է բռնավորի կատաղության աստիճանը` վերջինիս գիտակցել տալով, որ ինքը (խոսքը Հերովդեսի մասին է) ձեռնարկում է անհնարինը. դա կարող էր որոշակիորեն զսպել Հերովդեսի զայրույթը` նրան հեռու պահելով այդ ուղղությամբ ապարդյուն ջանքեր գործադրելուց:
   Աստծո զորությանը բնորոշ է ոչ միայն բացահայտորեն հաղթանակի հասնել Իր թշնամիների նկատմամբ, այլև թույլ տալ, որ նրանք դյուրությամբ մոլորության մատնվեն: Տերը ճիշտ այդպես վարվեց, օրինակ, երբ հրեաներին թույլատվեց մոլորեցնել եգիպտացիներին և, իրավասու լինելով եգիպտացիների հարստությունը բացահայտորեն հրեաների ձեռքը հանձնելուն, այդուամենայնիվ, Աստված պատվիրեց դա անել գաղտնաբար և խորամանկությամբ, ինչը մյուս նշաններից ոչ պակաս ավելի ահարկու դարձրեց Աստծուն Իր իսկ թշնամիների աչքին: Այդպես նաև Ասկաղոնի և մյուս քաղաքների բնակիչները, երբ գերեվարեցին ուխտի տապանակը, սակայն այնուհետև պարտվելով` իրենց համաքաղաքացիներին հորդորեցին չպատերազմել ու չընդդիմանալ, այդպիսով, այլ հրաշքների հետ մեկտեղ «արձանագրեցին» նաև Տիրոջ վերոհիշյալ հրաշագործությունը՝ ասելով. «Ինչո՞ւ եք ձեր սրտերը կարծրացնում այնպես, ինչպես եգիպտացիներն ու փարավոնն էին կարծրացրել իրենց սրտերը: Ահա, երբ Տերը ցույց տվեց Իր զորությունը նրանց վրա, նրանք բաց թողեցին Իր ժողովրդին, և նրանք (հրեաները) գնացին իրենց ճանապարհով» (Ա Թագ. 6:6): Նրանք այդպես էին ասում, քանի որ, իրենց կարծիքով, Աստծո այդ գործը նույնպես, բացահայտաբար գործված մյուս նշաններից ոչ պակաս, վկայում էր Աստծո զորության ու մեծության մասին:
   Այդ նույն կերպ` այն, ինչ այստեղ տեղի ունեցավ, բավական էր բռնակալին սարսափի մատնելու համար։ Իսկապես, պատկերացրու, թե Հերովդեսը որքան պետք է տառապեր ու չարչարվեր` մոգերի կողմից խաբված ու ծաղրված լինելու պատճառով: Իսկ ի՞նչ կպատահեր, եթե նա ավելի լավը չդառնար: Կլիներ այն, ինչ եղավ, և դրանում մեղավորը Նա չէր, Ով կազմակերպել էր այդ ամենը (խոսքն Աստծո մասին է), այլ իր իսկ (խոսքը Հերովդեսի Աստծո մասին է) չափից ավելի կուրությունը, որի պատճառով նա ունկնդիր չեղավ իրեն տրված արժանահավատ հնարավորություններից՝ իր չարությունից հրաժարվելու համար, այլ դեռ ավելին, Հերովդեսի սիրտն էլ առավել կարծրացավ` իր այդօրինակ անմտության պատճառով ենթակա դառնալով ամենադաժան պատժին:
   Հովսեփը, այդ մասին լսելով, չգայթակղվեց ու չասաց` «այս ի՞նչ տարօրինակ բան է. նախկինում Դու ասում էիր, որ Նա փրկելու է Իր ժողովրդին, իսկ այժմ Նա նույնիսկ Ինքն Իրեն չի փրկում, և մենք պետք է փախչենք, հեռանանք ու տեղափոխվենք մեկ այլ հեռավոր երկիր: Սա հակասում է այն ամենին, ինչը խոստացվել էր մեզ»։ Սակայն Հովսեփն այդօրինակ որևէ խոսք չի ասում, քանի որ նա հավատարիմ մարդ էր. Հովսեփն անգամ չի հետաքրքրվում վերադարձի ժամանակի առնչությամբ, որի մասին նույնիսկ հրեշտակը որոշակի ոչինչ չէր ասել: «Մնա այնտեղ, մինչև ես քեզ ասեմ…»: Հովսեփն այս խոսքից էլ չէր նեղսրտել, այլ, պատրաստակամ լինելով ամեն ինչին դիմագրավելու, ուրախությամբ խոնարհություն ու հնազանդություն էր ցուցաբերել։
   Եվ մարդասեր Աստված ուրախությամբ փարատեց Հովսեփի այս վշտերը, ինչպես որ սովորաբար Տերը վարվում է բոլոր սրբերի հետ՝ նրանց թույլ չտալով գտնվել ո´չ մշտական վտանգների և ո´չ էլ լիակատար խաղաղության մեջ, այլ արդարների կյանքը «լցնելով» այդ երկուսի խառնուրդով: Տերն այդպես վարվեց նաև այս պարագայում: Նայի´ր. Հովսեփը տեսավ, որ Կույսը պտուղ է կրում իր արգանդում: Այդ հանգամանքը Հովսեփին շփոթության մատնեց և ծայրահեղ անհանգստության մեջ գցեց, քանի որ նա սկսեց Կույսին կասկածել շնության մեջ: Բայց ճիշտ այդ ժամանակ հայտնվեց հրեշտակը, փարատեց այդ կասկածները և հեռու վանեց վախը, ու Հովսեփը, տեսնելով ծնված Մանկանը, մեծագույն ուրախությամբ պարուրվեց։ Սակայն իսկույն այդ ուրախությունը կրկին վերափոխվեց մի ծանր վշտի: Քաղաքը վրդովվեց, թագավորը կատաղած` ձեռնամուխ եղավ նորածին Մանկան փնտրտուքին։
   Բայց այդ անհանգստությանն էլ հաջորդեց մի նոր ուրախություն՝ աստղի հայտնվելն ու մոգերի երկրպագությունը։ Այդ ուրախությունից հետո, սակայն, դարձյալ վախ ու վտանգ. ամենուր խոսվում է, որ Հերովդեսը փնտրում է Մանկանը` Նրան սպանելու համար, և հրեշտակը կրկին պատգամում է փախչել ու տեղափոխվել մեկ այլ բնակավայր, ինչը հատուկ էր սովորական մարդուն, քանի որ հրաշք գործելու ժամանակը դեռևս չէր հասունացել։ Եթե Տերը սկսեր հրաշքներ գործել Իր ամենավաղ տարիքից, ապա այդ դեպքում մարդիկ Նրան չէին ընդունի որպես մարդու: Ահա թե ինչու «տաճարը» միանգամից կառուցված տեսքով հանդես չի գալիս, այլ Փրկչի «ձևավորումը» տեղի է ունենում բնական հղիությանը բնորոշ իննամսյա ժամանակահատվածում: Այնուհետև սկսվում են Մարիամի ծննդաբերական ցավերն ու տեղի է ունենում Հիսուսի ծնունդը, և Հիսուս սնվում է կաթով, ու ապա հաջորդում է երկարատև հանգստյան շրջանը և տղամարդկանց հատուկ կատարյալ տարիքին հասնելու սպասումը, և այս ամենը` աստվածային տնօրինության խորհուրդն առավել դյուրըմբռնելի դարձնելու համար:
   Գուցե հարցնես, թե այդ դեպքում ինչ իմաստ ունեին կանխապես տեղի ունեցած վերոհիշյալ նշանները: Այդ նշանները Մանկան մոր, Հովսեփի, արդեն մահամերձ Սիմեոնի համար էին, հովիվների, մոգերի ու հրեաների համար։ Եթե նրանք ցանկանային էլ ավելի խորամուխ լինել այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մեջ, ապա դրանից զգալիորեն մեծ օգուտ կքաղեին ապագայի համար։ Այն, որ մարգարեները չեն խոսում մոգերի մասին, դա թող քեզ շփոթության չմատնի. ամեն ինչ չէ, որ մարգարեները կանխատեսել էին` ճիշտ այնպես, ինչպես ամեն ինչի մասին չէ, որ լռել էին։ Եթե մարդիկ ականատես լինեին տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մասին նրանք նախկինում բնավ չէին լսել, դա նրանց մեծ շփոթության և տարակուսանքի կմատներ: Այդ նույն կերպ, եթե նրանք նախկինում ամեն ինչ իմանային, ապա ոչինչ նրանց չէր մղի ուսումնասիրություններ ձեռնարկելու, իսկ ավետարանիչներին էլ ոչինչ չէր մնա անելու։
   Հրեշտակը հայտնվում և խոսում է ոչ թե Մարիամի, այլ Հովսեփի հետ։ Եվ ի՞նչ է ասում նրան։ «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանը ու Նրա մորը»: Այստեղ հրեշտակն այլևս չի ասում՝ «քո կնոջը», այլ` «Մանկան մորը»։ Քանի որ Փրկչի Ծնունդն արդեն իսկ տեղի էր ունեցել, ուստի կասկածները փարատվում են, և Մարիամի ամուսինը համոզվում է իր կնոջ անաղարտության հարցում, ու հրեշտակն այժմ բացահայտորեն խոսում է նրա (Հովսեփի) հետ՝ անվանապես չհիշատակելով Մանկանն ու Նրա մորը, այլ միայն ասելով հետևյալը. «Վերցրո՛ւ, - ասում է, - Մանկանը ու Նրա մորը և փախի՛ր Եգիպտոս»: Այնուհետ նաև, հրեշտակը մատնացույց է անում այդ փախուստի պատճառը. «…որովհետև Հերովդեսն ուզում է փնտրել Մանկանը, - ասում է հրեշտակը, - որպեսզի սպանի Նրան»:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

13-15․ Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»: Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը,  որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
   

    Երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանն ու Նրա մորը և փախիր Եգիպտոս. այնտեղ կմնաս, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը կամենում է սպանել Մանկանը»: [Հովսեփն] արթնացավ, գիշերով վերցրեց Մանկանն ու Նրա մորը, գնաց Եգիպտոս և այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը , որպեսզի կատարվեր Տիրոջ ասածը մարգարեի միջոցով. «Եգիպտոսից եմ կանչելու Իմ Որդուն» 69: Ինչո՞ւ հրեշտակը երևաց ոչ թե Մարիամին, այլ Հովսեփին: Որովհետև վերջինի՛ս հանձնարարվեց Կույսի և Մանկան սպասավորությունը. [նրանք] չէին կարող առանց խնամատարի մնալ, մանավանդ այսպիսի օտարության մեջ:

   Իսկ ինչո՞ւ չասվեց «քո կնոջը», ինչպես ավելի առաջ, այլ «Մանկանն ու Նրա մորը»: Որովհետև ծնունդը տեղի ունեցավ, կասկածները փարատվեցին, և մարդը հավատաց, որ տեղի ունեցածն աստվածային բան էր, ուստի [այլևս] կարիք չկար խորհուրդը քողարկելու:

   Բայց այստեղ պատշաճ էր, որ Հովսեփի միտքն այսուայն կողմ տարուբերվեր՝ ասելով. «Ինչո՞ւ հրամայվեց մոգերին գաղտնի հեռանալ և Մանկանն Իր մոր հետ Եգիպտոս փախչել. ուրեմն ծաղրա՞նք է սա, չէ՞ որ սրանից առաջ [հրեշտակն] ասաց, որ [ծնվող Մանուկը] փրկելու է Իր ժողովրդին, իսկ Նա ահա Իրեն էլ չի կարողանում փրկել. եթե այսպես է, ապա [տրված] ավետիսն ավետիս չէ»: Բայց [Հովսեփը] մեծ հավատ ուներ, ուստի նման բան չմտածեց, ոչ էլ հարցաքննեց [Եգիպտոսից] վերադարձի ժամանակի վերաբերյալ: Հրեշտակն էլ չհայտնեց այն նրան, այլ միայն ասաց. «Այնտեղ կմնաս, մինչև ասեմ քեզ», նաև չասաց. «Ես ձեզ հետ կգամ», որով ցույց տվեց, որ իրենց հետ իբրև մեծ ուղեկից ունեն Մանկանը:

   Բայց ինչո՞ւ էր [Աստված] այսպիսի փորձանքի մեջ գցում արդարին: Աստված սովոր է այսպես վարվել բոլոր ժամանակներում, ինչպես Աբրահամի, Հակոբի և բոլոր արդարների հետ, որպեսզի հայտնի դառնա արդարների պատվականությունը: Այդպես էլ Հովսեփին ոչ թե մեկ, այլ զանազան ձևերով էր տարուբերում՝ երբեմն տրտմեցնում էր, երբեմն մխիթարում, ինչպես, երբ [Հովսեփը] խռովվեց Կույսի հղիության պատճառով, [Աստված] հրեշտակի տեսիլքով փարատեց նրա կասկածները, և մինչ [Հովսեփն] ուրախ էր Մանկան, տեսիլքի, աստղի երևման, մոգերի, հովիվների ընծայաբերության ու երկրպագության համար, [Աստված] նրան տրտմեցրեց Հերովդեսի հանդեպ երկյուղով ու Եգիպտոս փախուստով:

     Ասում են՝ բայց ինչո՞ւ էր Աստված թույլ տալիս, որ այսպես լիներ: Քանի որ [աստվածային] տնօրենության [իրականացման] ժամանակն էր և չէր կարելի, որ [Քրիստոսի] մանուկ հասակում ամեն ինչ հրաշքներով գործվեր, որպեսզի չկարծվեր, թե Նա [ճշմարտապես] չի մարդացել, ուստիև Նա հանձն առավ իննամսյա հղացումը, ծնունդը, կաթով սնվելն ու մարմնով աճելն ըստ մեր բոլորի բնության: Որովհետև եթե այս ամենը եղավ, և դեռևս հանդգնում են ասել, թե Նրա մարդեղությունը ճշմարիտ չէր, ապա ինչե՛ր կմտածեին, եթե այս ամենը եղած չլիներ: Սակայն Աստծո զորությունը միայն հրաշքներով չէ՛, որ հայտնի է դառնում, այլև իմաստության գործերով, ինչը կարելի է տեսնել նաև Հին [Ուխտում]. որովհետև [Աստված] կարող էր եգիպտացիների հարստությունը հայտնապես տալ եբրայեցիների ձեռքը, սակայն հրամայեց խորամանկությամբ վերցնել 70: Այդպես էլ այս դեպքում [Աստված] իմաստությամբ ու խոնարհ ընթացքով էր նվաճում ամենքին:

    Իսկ ինչո՞ւ հրամայեց փախչել Եգիպտոս և ոչ թե մի այլ տեղ: Նախ՝ որպեսզի Տիրոջ խոսքը կատարվեր. «Եգիպտոսից եմ կանչելու Իմ Որդուն» (Ովս․ 11:1): Այլև՝ որպեսզի աշխարհին հենց սկզբից մեծ հույս տար: Քանի որ Եգիպտոսն ու Բաբելոնը բոլոր երկրներից ավելի էին խրված ամբարշտության մեջ, շտապեց ուղղության բերել նախ նրանց՝ մեկին՝ [Իր այնտեղ] գնալով, մյուսին՝ աստղի միջոցով, և ապա՝ նրանց հանդեպ նախանձով լցնելով՝ [ուղղության բերել] ամբողջ աշխարհը: Նաև՝ Իսրայելը չարչարվեց այդ երկու [տերություններից]՝ Եգիպտոսում՝ ծառայությամբ, իսկ Բաբելոնում՝ գերությամբ, և ժողովրդի Փրկիչն Իր ծնունդով նրանց Իրեն ենթակա դարձրեց: Այլև՝ Եվայի ծնունդները գերվեցին երկու ախտից՝ հպարտությունից ու պոռնկությունից, որոնց առավել տրվեցին Բաբելոնն ու Եգիպտոսը, որովհետև Բաբելոնը հպարտացած Բելի երկրպագուներին ազատություն շնորհում, իսկ ճշմարիտ Աստծո երկրպագուներին հրկիզում էր 71, իսկ Եգիպտոսը տղամարդկային խորհուրդներն ընկղմում էր ջրերի հոսանքների տակ և էգերին [նրանց հանդեպ] հեշտալի ցանկության պատճառով փրկում 72: Ուստիև [Աստված] Բաբելոնին աստղով է հրավիրում՝ երկնային մեկ Աստծուն երկրպագության գալու, իսկ Եգիպտոս Ի՛նքը գնաց Կույսի հետ, որպեսզի նրանց սովորեցներ կուսությամբ պատերազմել պոռնկության դեմ 73, և կատարվեր Եսայու այս մարգարեությունը.
   «Ահա Տերը, նստած թեթև ամպի վրա, կգա Եգիպտոս, և կշարժվեն եգիպտացիների ձեռքի գործերը» (Ես. 19:1): Խոնավ ջրերից զերծ թեթև ամպի նմանեցնում է Կույսի գիրկը, որը մաքուր էր գաղջ ցանկություններից: Նաև քանի որ [Աստված] Իսրայելին՝ իբրև Իր անդրանկի 74, կանչեց Եգիպտոսից, ինչպես Աստծո անունից ասաց Ովսեն. «Մանուկ էր Իսրայելը, և սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի» (Ովս․ 11:1), և քանի որ [իսրայելացիները] կուռքերին երկրպագելու պատճառով իրենց վրայից ջնջեցին որդեգրության գիրը, Աստծո ճշմարիտ Որդին իջավ Եգիպտոս, որպեսզի արդարացներ մարգարեի այդ խոսքը, որում Հայրը Եգիպտոսից է կանչում [Իր Որդուն]: Իսկ եթե հրեաները հանդգնում են ասել, թե այս [խոսքը] մարգարեի կողմից ասվել է Եգիպտոսից իրե՛նց կանչվելու վերաբերյալ, ապա ասենք, որ մարգարեները շատ անգամ են ոմանց մասին ասել բաներ, որոնք իրականացել են [ոչ թե այդ մարդկանց], այլ ուրիշների միջոցով: Օրինակ՝ Շմավոնի և Ղևիի մասին ասված է. «Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ և կցրեմ նրանց Իսրայելի մեջ» (Ծննդ. 49:7), բայց սա իրականացել է նրանց թոռների միջոցով: Եվ Իսահակի՝ Հակոբին տված օրհնությունը՝ «Կերկրպագեն քեզ քո հոր որդիները» (Ծննդ. 25:29), [նույնպես] իրականացել է նրա թոռների միջոցով: Այդպես էլ այս մեկն է պետք դիտել. որովհետև ինչպե՞ս կարող է [Իսրայելն] Աստծո որդի լինել, եթե [ոսկե] հորթին էր երկրպագում 75  և [իր] դուստրերին զոհում դևերին 76: Իսկ Նա, Ով Աստծո ճշմարիտ Որդին է, Իր Ծնողին փառավորում է, Ինքն էլ Նրանից փառավորվում 77, և պարզ է, որ եթե չգար, չէր իրականանա այն մարգարեությունը, թե՝ «Եգիպտոսից եմ կանչելու Իմ Որդուն» (Ովս․ 11:1):

   Այլև՝ նահապետների՝ [Եգիպտոս] իջնելն ու [հրեա] ժողովրդի՝ այնտեղից ելնելը խորհրդանշում էր Քրիստոսի իջնելն ու ելնելը 78: Եվ ոչ միայն նախնիները, այլև ժամանակակիցները՝ ամե՛նքը սպասավորեցին Քրիստոսի ծննդյան խորհրդին. Օգոստոս կայսրը՝ աշխարհագրով, Բաբելոնը՝ մոգերի միջոցով, և Եգիպտոսը՝ Հերովդեսից Փախածին ասպնջական դառնալով: Իսկ Նրա շնորհը, այնտեղ հասնելով, Եգիպտոսի անապատը դրախտից էլ պտղալից դարձրեց, որովհետև այնտեղ երևան եկան մարդկային կերպարանքով բազմաբյուր հրեշտակներ՝ կրոնավորների միաբանություններ, ճգնավորների ու մարտիրոսների դասեր, որոնց միջից [նրանցում] բնակվող թշնամին հալածվեց, և Քրիստոսի թագավորությունը բարձրացավ:

   Քրիստոսի պանդխտությունը Եգիպտոս նաև մե՛զ համար խորհուրդ ունի. եթե մեկը, ով արժանացել է որևէ հոգևոր շնորհի, նեղության մեջ ընկնի, հիշելով իր Տիրոջ՝ Կույսի հետ փախչելով պանդխտանալը՝ թող մխիթարի իրեն և հուսա, որ փորձության հետ նաև [դրանից] ելքն է տրվելու:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

13-14․ «Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանը ու Նրա մորը և փախի՛ր Եգիպտոս, և մնա՛ այնտեղ, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսն ուզում է փնտրել Մանկանը, որպեսզի սպանի Նրան»»։ [1] «Նա վեր կացավ, գիշերով վերցրեց Մանկանը ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս»։ (Սինոդական թարգ․)
   
    Տիրոջ Հրեշտակը երազում հայտնվում է (այստեղ գործածվում է այն նույն բառը, ինչ 12-րդ համարում - «κατ᾿ ὄναρ») միայն Հովսեփին, իսկ Աստվածամորը` ոչ, ինչը միանգամայն բնական էր, քանի որ Հովսեփը, բոլոր դեպքերում, այստեղ հանդիսանում է Մանկան և նրա մոր պահապանը:
   «Փախի´ր Եգիպտոս» - կասկածից վեր է, որ Եգիպտոսն ամենահարմարն էր այն բոլոր վայրերից, որտեղ կարող էին թաքնվել մայրն ու նրա Մանուկը: Եգիպտոսը վաղուց ևեթ համարվում էր այնպիսի մի վայրն, ուր ապաստանում էին հրեա փախստականները: Քրիստոս Փրկչի Ծննդյան ժամանակաշրջանում նույնպես այնտեղ շատ հրեաներ էին բնակվում: Այդ ժամանակաշրջանում Եգիպտոսը գտնվում էր հռոմեական տիրապետության ներքո։ Ավետարանում հստակ չի նշվում այն վայրը, ուր Հովսեփը բնակություն հաստատեց Մարիամի և Մանկան հետ` ճիշտ այնպես, ինչպես որ ոչ մի մանրամասնություն չէր հիշատակվում նաև նրանց` Եգիպտոսում գտնվելու մասին։ Ավանդույթի համաձայն` Փրկչի ընտանիքը ապաստանել է Լեոնտոպոլիսի մոտ գտնվող Մատարեյա բնակավայրում՝ Հելիոպոլիսյան թաղամասում, ապա արդեն՝ ստորին Եգիպտոսում, Նեղոսի դելտայի շրջակայքում: Հայտնի է, որ Ք.ա. 150 տարի Լեոնտոպոլիսում մի հրեա փախստականի` Օնիաս քահանայի կողմից կառուցվել տաճար է։ Լեոնտոպոլիսը գտնվում էր Նեղոսից այն կողմ։ Մատարեյան երբեմն նույնացվում է Օն կամ Հելիոպոլիս բնակավայրերի հետ: Սակայն թե որտեղ է գտնվել այդ քաղաքը` հստակ հայտնի չէ։
   «Ուզում է փնտրել Մանկանը, որպեսզի սպանի Նրան» խոսքերում պարզորոշ մատնացույց է արվում Հերովդեսի մտադրությունը, որը բարձրաձայնվում է արդեն մոգերի հեռանալուց հետո։ Նախկինում Հերովդեսը գաղտնիաբար էր ցանկանում ոչնչացնել Մանկանը, իսկ այժմ նա բացահայտ փնտրում է Հիսուսին, որպեսզի սպանի նրան:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

13-15. Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։ Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։

   

   Հերովդեսի գտած միջոցը չհասավ իր նպատակին, Բեթղեհեմի փոքրիկ տղաներն սպանվեցին, բայց նորածին Հիսուս ազատվեց: Երկնային նախախնամությունը, որ մարդեղության և փրկագործության խորհուրդներն էր կարգադրել, Հերովդեսի պաշտոնյաների՝ Բեթղեհեմ գալուց առաջ, հրեշտակի տեսիլքով հայտնեց Հովսեփին վերահաս վտանգի մասին և հրամայեց, որ նա վերցնի Հիսուսին և մորը, դուրս գա Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնի, գնա այնտեղ և մնա, մինչև նոր հրաման ստանալը:

   Շտապեց Հովսեփը և տեսիլքից անմիջապես հետո, գիշերով դուրս եկավ Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնեց՝ Ելևթերուպոլիս և Գազա քաղաքներով: Ճամփորդությունը թե երկար էր և թե դժվարին, բավականին ժամանակ էր պահանջում, այնպես որ Հովսեփի համեստ վիճակը թույլ չէր տա այդ անել: Ավանդական պատկերները Հովսեփին, Մարիամի և Հիսուսի փոխադրության միջոց մի խեղճ իշուկ են ներկայացնում, որը շատ տաժանակիր և շատ երկար ճանապարհ կլիներ՝ մինչև Բեթղեհեմից հասնեին Եգիպտոս, թեպետ անապատով գնացին՝ քարավանների սովորական ուղիով:

   Թե ինչքան ժամանակում հասան Եգիպտոս, որտեղ գիշերեցին, այնտեղ ինչքան ժամանակ մնացին, ինչ գլխավոր դեպքեր տեղի ունեցան՝ Ավետարանում չենք գտնում: Միայն Մատթեոսը իր սովորության համաձայն այդ ուղևորությանն էլ հարմարեցնում է մի մարգարեական պատգամ, հիշելով Ովսեի խոսքերը. յԵգիպտոսէ կոչեցից զորդի իմ: Եբրայերենն ունի. յԵգիպտոսէ կոչեցի զորդի իմ,  իսկ մեր թարգմանության ամբողջ համարն է՝ Քանզի տղայ էր Իսրայէլ, և ես զիրեցի զնա, և յԵգիպտոսէ կոչեցի զորդիս նորա  Ովս․․ 11:1:

   Այս պատգամում Իսրայելը Հիսուսի օրինակն է, ինչպես շատ ուրիշ մարգարեություններում, և Իսրայելի՝  Եգիպտոսից  Պաղեստին գալու օրինակը նախատիպն է Հիսուսի՝ Եգիպտոսից Հրեաստան գալու: Կահիրեի մոտ, Հելիոպոլիսի տեղում, այժմյան Մաթարիե ավանում, մինչև այսօր ցույց են տալիս մի ծառ, որի տակ, ասում են, հանգստացել են Մարիամն ու Հովսեփը՝ մանուկ Հիսուսի հետ:

   Եգիպտոսից վերադառնալու հրամանը Հովսեփին տրվեց ի վախճանելն Հերովդի: Արդ, Հերովդեսը մեռավ Հռոմի նույն 450 թվականին, որի սկզբում Հիսուսն էր ծնվել, ուրեմն Հովսեփի, Մարիամի և Հիսուսի Եգիպտոսում պանդխտությունը երկար չի տևել: Ուրեմն, դեռ հիմնովին չտեղավորված, Հովսեփն ու Մարիամը նորից ձեռնարկեցին նույն երկար ու դժվարին ճանապարհը՝ մանուկ, գրկի երեխա Հիսուսի հետ: Հրեշտակային հրամանը հիշեցրեց,  որ Հերովդեսը մեռավ, հետևաբար արդեն Հրեաստանում ապրելու վախ չկար: Ըստ այնմ էլ, Հովսեփը նորից ուզեց Բեթղեհեմ գնալ, և իր նախնական և հայրենական քաղաքի մեջ մշտական բնակվել և իր քայլերն ուղղեց այնտեղ: Հազիվ էր հասել Հրեաստան, երբ իմացավ, որ Երուսաղեմում Հերովդեսին հաջորդել է իր զավակներից Արքեղայոսը, որը լավ համբավ չէր վայելում: Հովսեփը կասկածեց, որ կարող էր առաջինի նման մի նոր վտանգ էլ հասնել Հիսուսին, ուստի Հրեաստան չմտավ և Բեթղեհեմ չեկավ, այլ վերադարձավ իր առաջին բնակության տեղը՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքը:

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»:
(Արարատ թարգ․) Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։
(Գրաբար) Եւ իբրեւ գնացին նոքա անտի, ահա հրեշտակ Տեառն երեւէր ՚ի տեսլեան Յովսեփու, եւ ասէր. Արի՚ առ զմանուկդ՝ եւ զմայր իւր՝ եւ փախիր յԵգիպտոս, եւ ա՛նդ լինիջիր՝ ցորժամ ասացից քեզ, քանզի ՚ի խնդիր է Հերովդէս կորուսանել զմանուկդ: