Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:27

Հովհաննես Ծործորեցի

որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի:
   

   Որովհետև ինչպես փայլակն է արևելքից դուրս գալիս և երևում մինչև արևմուտք, այդպես կլինի Մարդու Որդու գալուստը:

   Այսինքն` ո՛չ ծածուկ, ինչպես առաջինը` մի վայրում երևալով, այլ հայտնի` ըստ Դավթի. «Մեր Աստվածը հայտնապես կգա և մեր Աստվածը դադար չի առնի» (Սաղմ. 49:3), ինչպես արևի ծագումը, որ ոչ քարոզվում է, ոչ էլ պատմողի կարիք ունենում: Նաև տներում ու սենյակներում, անապատներում ու շտեմարաններում նստողներին` բոլորին, հանկարծակի մի վայրկյանում է երևալու [Տիրոջ] գալուստը. որովհետև նախ լռելյայն [եկավ]` ասես բրդի վրա 1327, իսկ երկրորդ անգամ` ահեղապես` ըստ Մաղաքիայի. «Ո՞վ կդիմանա Նրա մուտքի [օրվան]» (Մաղ. 3:2): [Տերը] նաև ցույց է տալիս, որ արևելքից է լինելու Իր գալուստը` լի Հոր փառքով և Իր աստվածության լույսի ծագմամբ, այլև կիրակի օրվա առավոտյան` արևածագի ժամանակ, երբ նաև գերեզմանից «ծագեց» մարմնով: Եվ արևելքից` Հոր մոտից, նույն մարմնով կմտնի աշխարհ, որն արևմուտքն է` ակներև լուսավորելով Իր բոլոր հավատացյալներին: Նաև Իր գալուստը արևի հետ բաղդատելով` ցույց է տալիս, որ Ինքը նույն Նա է, Ում առաջին գալստյան մասին մարգարեացան մարգարեները` ըստ այսմ. «Կծագեցնեմ Ինձնից երկյուղածների համար արդարության Արեգակին, և բժշկություն կա Նրա թևերին» (հմմտ. Մաղ. 4:2), և` «Ահա՛ մարդ, և նրա անունն է Ծագում» (Զաք. 6:12): Ուրեմն` Նա, Ով առաջին անգամ եկավ փրկելու, երկրորդ անգամ գալու է, որ դատի: Դավիթն էլ ասում է. «Արևածագին ժողովվում են և դադար առնում իրենց որջերում. մարդը դուրս է գալիս իր գործերի և իր ձեռքով վաստակելու համար» (Սաղմ. 103:22-23). այդպես Տիրոջ գալստյանը, Ով արևի պես է ծագելու, գողերը, զրկողները, նենգավորները և այլ գազանաբարոներ հավաքվելու են իրենց կայաններում` ըստ արժանիքների, և Աստծո պատկեր մարդը, որ գործեց ու վաստակեց Եկեղեցու այգում մինչև աշխարհի ավարտի երեկոն, ելնելու է իր պատիվն ու փառքը [ստանալու]: Կամ էլ` ինչպես որ արևն է փախուստի մատնում գիշերը, այդպես էլ Տերն Իր գալստյամբ [կվտարի] մեղքերը` ըստ այսմ. «Կպակասեն մեղավորները, և ամբարիշտներ այլևս չեն լինի» (Սաղմ. 103:35):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

27-31․ որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»: «Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»:
   
   Ավետարանի ամբողջականության մեջ ստեպ-ստեպ հիշատակվում է Գալուստ Որդւոյ Մարդոյ բացատրությունը, որի նշանակությունը պարզորեն բացատրելու համար կարող ենք ասել, թե խոսքը վերաբերում է Քրիստոսի հայտնվելուն: Ամենքին հայտնի է, որ Որդի Մարդոյ բացատրությունը միշտ կիրառվել է Հիսուսի անձը մատնանշելու համար: Հիսուս էլ նույն ինքը` խոստացյալ Քրիստոսն է, որ է Մեսիան կամ Օծյալը: Իր գալուստը զանազան ձևերով է հասկացում, երբեմն` անձամբ գալ, երբեմն` փառքով հայտնություն, երբեմն` գործով ներկայություն: Այս բոլոր պարագաների համար էլ տրված են գալու կամ հայտնվելու կերպն ու նշանակությունը: Այստեղից է ծագել Ավետարանի մեկնաբաններ Գալուստ Որդւոյ Մարդոյ խոսքերին զանազան իմաստներ հասկանալը` նկատի առնելով գալստյան հանգամանքների և խոսքի ամբողջության պահանջը:
   Մարդու որդու առաջին գալուստը տեղի ունեցավ Հիսուսի ծննդյամբ` արտաքուստ, կամ Բանի մարգարեությամբ` ներքուստ:Մի գալուստ էլ եղավ այն ժամանակ, երբ Հիսուս աշխարհին հայտնվեց երկնավոր վկայություններով և հրապարկային կյանքի սկիզբը դրեց իր վարդապետությամբ ու հրաշագործությամբ: Ամենքն անխտիր ընդունում են մի գալուստ էլ, երբ Հիսուսի սկսած Ավետարանի գործը վերջնական լրումն ստացավ, տաճարի կործանմամբ վերջնականորեն դադարեց Հին Ուխտը, քանի որ Հին Ուխտի կյանքը կապված էր տաճարի հետ, և դրանից դուրս ինքն իրեն կյանք չէր վերագրում: Գալուստ է կոչվում անգամ Նրա վերջին երևալը` համբարձումից հետո, ինչպես կարծում էին ժամանակակիցները` նյութապես հասկանալով նրա խոստումները, մինչդեռ իսկական իմաստը նախորդ բացատրվածն էր, Ավետարանի ու Նոր Ուխտի վերջնական հաստատումը: Աշխարհի վերջում, ողջ մարդկության դատաստանը կատարելու համար. Դարձյալ սպասվում է Մարդու Որդու գալուստը, ինչը նույնանում է աշխարհի վախճանի հետ: Քանի որ աշխարհի կյանքը յւուրաքանչյուր անհատի համար վերջանում է իր մահվամբ, ինչպես աշխարհի դադարումը` հանրության համար, այնպես էլ իր կյանքի դադարումը անհատի համար` համարվում է Մարդու Որդու գալուստը, և մահն էլ նույն անվամբ է հորջորջվում:
Բոլոր այս իմացածներից առաջին երկուսը` մարդեղությունն ու հանրային կյանքը, չէին կարող այլևս գուշակության կամ խոստման նյութ լինել: Իսկ նորից մարմնով երկրում երևալու իմացությունը արդեն փարատված նախապաշարու էր, և յուրաքանչյուր անհատի մահվան իմացությունն էլ փոխաբերական առում էր, որով էլ որպես մեր դիտողությունների նյութ են մնում տաճարի կատարածը, և այդ երկուսի շուրջն էին պտտվում առաքյալների հարցումները, ինչպես իր տեղում նշեցինք արդեն: Ավետարանի զանազան հատվածներում, Մարդու Որդու գալստյան հիշատակություններին հանդիպած ժամանակ, այս հատվածին թողոցինք կատարյալ բացատրությունը, թեև այս տեղերում ևս, տարբեր առումներով, փոքրիշատե ակնարկեցինք այդ տարբերությունները:
   Հիսուսի բերանից մինչև այժմ հնչած նշաններն ու հանձնարարությունները բացահայտորեն վերաբերվում էին Երուսաղեմին ու տաճարի կործանմանը և նման ակնարկների կհանդիպենք սրանից հետո ևս: Միայն թե հատվածում մեջ բերված ակնարկներ ավելի ընդաևձակ առումներ ու տարբեր իմաստներ ունեն, որովհետև Հիսուս մի պահ փոխում է իր խոսքերի սովորական ոճը, բացատրում ոչ միայն տեղական և անձնական պարագաներ, այլ շոշափում երկնային ու վերացական կետեր, խոսում հեռավոր գալստյան մասին: «Մարդու Որդու գալուստը,- ասում է,- պիտի կատարվի հանկարծակիու ահեղ կերպով, փայլակի նման, որ փայլատակում է երկնքումև մինչև աշքներս փակում, բացում ենք, արևելքից մինչը արևմուտք է հասնում: Այդ գալուստ պիտի լինի արդեն պատմված նեղության օրերից հետո, և երկնային նշանները պիտի ընկերանան նրան: Արևը պիտի խավարի, դադարի լուսնի լույսը, աստղերը երկնքից պիտի ներքև թափվեն, ողջ երկիրը պիտի շարժվի ու սասանվի: Երկնային այս ահեղ շփոթությունների միջից պիտի երկնքում երևա Մարդու Որդու նշանը, այսինքնէ իր լուսավոր ու փառավոր խաչը տեսնեք: Ողջ աշխարհը, ահուդողի մատնված, պիտի սկսի լալ ու ողբալ: Բոլոր կողմերից պիտի ահեղ ձայներ ու սոսկալի տագնապներ լսվեն: Աշխարհը պիտի ալեկոծյալ ծովի նմանվի: Մարդիկ պիտի ամեն տեսակի կասկածի ու վախի մատնվեն, քանի որ աչքերը վեր բարձրացնելով, պիտի տեսնեն, որ կամաց-կամաց, աթոռի ձևով վայր են իջնում երկնքի ամպերը և այդ աթոռին նստած է Մարդու Որդին` փառավոր կերպով ու զորավոր տեսքով, այլ ոչ տե տկար ու անշուք կերպարանքով, ինչպես որ այժմ եք տեսնում: Հանկարծ նա իր ամպեղեն աթոռի վրայից պիտի կանչի հրեշտակներին, որ իր սպասավորներն են, պիտի հրամայի նրանց, որ գնան աշխարհի չորս կողմը և մեծամեծ փողերի ազդարարությամբ ձայն տան բոլոր ընտրյալներին, որտեղ էլ լինեն, աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, որպեսզի շտապեն, Մարդու Որդու հրավերի համաձայն, իր մոտ հավաքվել»:
   Ահա այս հատվածն է, որ շատերի կարծիքով չի կարող համապատասխանել Երուսաղեմի կործանմանը կամ կատարածին, այլ պետք է պատշաճեցնել աշխարհի վերջին կատարածին: Ուշադրությյան արժանի գլխավոր կետն այն է, որ իբր թե Երուսաղոմի կատարածի համար նախընթաց նշանները ցույց տված և զգուշությունները հանձնարարված են, մինչդեռ այս հատվածում ամեն ինչ իբր հանկարծակի ու անակնկալ կերպով է ցույց տրվում և միայն դիտելով հասկանալու տեղիք չի տալիս: Այս առիթով սույն հատվածն իբրև միջանկյան պիտի նկատել և ասել, թե Հիսուս, Երուսաղոմի կատարածից եզրակացնելով, ինչպես նաև առաքյալների երկրորդական հարցումները նկատի առնելով, իր խոսքին զարտուղի մաս էլ է ավելացրել` պատմելով վերջին կատարածի պարագաները:
   Սակայն Ավետարանի ուղուց շեղված չենք լինի, եթե ասենք, թե այդ հատվածը ևս կապ ունի Երուսաղեմի կործանման հետ` ոչ թե բառացի, այլ փոխաբերական իմաստով: Մարգարեները երբեմն այս ձևն են գործածել, երբ կամեցել են հայտնել Աստվածային բարկության սաստկությունը: Եսային (15:9-10), Եզեկիելը (32:7-8) և Հովելը (3:14-15) միևնույն ձևով են հիշատակում արևի խավարումը, լուսնի մթագնումը և աստղերի ընկնելը, երբ կամենում են բացատրել Աստծո խիստ բարկությունը, ինչպես որ Հիսուս է կամենում այստեղ հասկացնել: Մարդկանց կոծը, տագնապը և վախը շուտով կբացատրվեն` Երուսաղեմի կործանմամբ ամենքի զգացած տագնապով: Իսկ հրեշտակների ձեռքով ընտրյալներին հղած հրավերը հեթանոսներին կոչելու արտահայտությունն է, քանի որ հրեական Հին Ուխտին պիտի հաջորդեր Նոր Ուխտը, որը գլխավորաբար հեթանոսներով կազմվեց, տարածվեց ու հաստատվեց:
   Ուշադրության է արժանի նաև այն, որ այստեղ հրեշտակների փողերը ոչ թե ողջ մարդկությանը դատաստանի են հրավիրում, ինչպես պիտի տեսնենք ավելի ստորև (Մատթ.25:31-32), այլ հրավիրում են լոկ ընտրյալներին` Ավետարանին հետևելու և Երկնից Արքայության Նոր Ուխտը կազմելու: Նոր պարագա է միայն Մարդու Որդու նշանի, այսինքն` Խաչի երևումը, սակայն սա էլ փոխաբերաբար է առնվում և բացահայտորեն ունի խաչով Հիսուսի փրկագործության ու փառավորության նշանակությունը:
   Ինչպես նախորդ անգամ հիշեցինք, եթե ողջ Ձիթենյանց քարոզում, մերձավոր ու անմիջական կերպով, բացատրվում է Երուսաղեմի կատարածը, ապա հեռավոր ու օրինական իմաստով հասկացվում է աշխարհի կատարածը: Մարդու Որդու գալուստը միևնույն, մերձավոր ու հեռավոր առումներով, ցույց է տալիս երկու կատարածները, կամ լավագույնս` երկու սկսվածները, այսինքն թե Նոր Ուխտի և թե հանդերձյալ կյանքի սկզբնավորումը: