Հովհաննես Ծործորեցի
32-33. «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ:
Թզենո՛ւց սովոեք առակը. երբ նրա ոստերը կակղում են և տերևները ցցվում, իմանում եք, որ ամառը մոտ է: Այդպես էլ երբ դուք տեսնեք այս ամենը, կիմանաք, որ մոտ է` դռների մոտ:
[Տերը] թզենին երկու բանի համար է օրինակ բերում` Իր սովորության համաձայն: Նախ` քանի որ ասել էր` «այն օրերի նեղությունից հետո», [աշակերտները] կամենում էին ժամանակն [իմանալ] և ցանկանում լսել նաև ճշգրիտ օրը, ուստի նրանց կասկածներն իմանալով` թզենին է օրինակ բերում, թե ո՛չ շատ ժամանակներ հետո [կլինի], այլ ինչպես որ երբ [թզենու] ոստերը պտկում են և տերևները` երևում, հասկանում եք, որ ամառը մոտ է, այդպես էլ նշված նեղություններից հետո անդորր ու հանգիստ կլինի, որովհետև հարկ է, որ սա նույնպես կատարվի առանց խափանման, ինչպես [ամառվա գալուստը]: Եվ երկրորդ` թզենին և ո՛չ ուրիշ ծառ հիշատակելու պատճառն այն է, որ երբ նախաստեղծը խախտեց պատվիրանը, իր մերկությունը թզենու տերևներով ծածկեց 1344, իսկ Քրիստոսն Իր գալստյամբ չորացրեց [թզենին]` ասելով. «Թող քեզնից պտուղ չլինի՛ հավիտյան» (Մատթ. ԻԱ 19), այսինքն` մեղքը` ըստ առաջին մեղանչման, որով մահացավ մեր բնությունը: Որովհետև [Տերը] մարդկանց մեղքերը խաչով վերցրեց Իր վրա և Ադամին վերստին տարավ նախկին դրախտը:
Ուրեմն` երբ տեսնեք, ասում է, նույն թզենին սաղարթավորված, այսինքն` նեռի ժամանակներում մեղքը վերստին ընձյուղված և դարձյալ մարդկանց դեպի նույն կռապաշտությունը հրապուրելիս` նշաններով խաբելու և հրաշքներով մոլորեցնելու միջոցով մերկացնելով աստվածային գիտությունից ու կամքից, իմացե՛ք, որ մոտ է Իմ գալուստը: Սա է այն ամառը, որում հոգևոր ու տաք գարուն է լինելու արդարների համար այստեղի ձմեռվանից հետո, և կյանքի դուռը` բացվելու, արժանավորներին արքայությունը [տրվելու]: Իսկ մեղավորներին հակառակն է [պատահելու]. ամռանը ձմեռ է լինելու, և բացվելու է դուռը դժոխքի, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում 1345: Ոմանք էլ ձմեռ են համարում այս կյանքի ալեկոծությունները, իսկ կակուղ ոստերով ու պտկած տերևներով թզենի` մարդուն, ով ունի մարմնեղեն և ոչ թե քարեղեն սիրտ, քաղցրացել է առաքինության գործերով և պատվել տերևներով, այսինքն` հույսով, քանի որ դեռ չի հասել ավետարանված պսակին, այլ ասես հայելիով է տեսնում խոստացված բարին, իսկ արդար Դատավորի գալստյան ժամանակ հայտնապես կմոտենա պտղակալությանը, այսինքն` գործնականորե՛ն կժառանգի փառքը, որն այժմ հույսով ունի:
Ստեփանոս Սյունեցի
32-33. «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ:
«Թզենուց սովորեցե՛ք առակը»: «Երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցվի»:
Այժմ «թզենին» կա՛մ ամբողջ աշխարհի օրինակն է խորհրդանշում, որի վախճանի մասին է մարգարեանում, կա՛մ էլ՝ այն բոլոր մարդկանց, ովքեր ընթանում են երանելի կենդանության [հույսով] և ցանկանում են տեսնել Աստծու Բանն, որպեսզի ուրախանան:
Քանզի ինչպես թզենին իր մեջ զորություն ունի ձմռանը ծաղկելու, նույնպես և [մարդը] առաքինությամբ զարդարվել՝ հանցավոր աշխարհում, որովհետև դեռ չի հասել ավետյաց պսակին, այլ հույս է տածում և տեսնում է խոստացված բարիքները, ինչպես հայելու մեջ, իսկ արդար Դատավորի գալստյան ժամանակ, երբ հասնի ավետյաց [պահը], այնժամ [կտեսնի] հայտնապես և ոչ հույսով: Ինչպես թզենու պտուղը, որ ձմռան ժամանակ աներևույթ է, իսկ ամռանը ամենքին տեսանելի [է դառնում]:
«Երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցվի»
Քանի դեռ ձմեռային ժամանակ է, ոստը սառած է, և տերևը ցցված չէ, իսկ երբ [եղանակը] ձմեռայինից ամառայինի փոխվի, այն ժամանակ ոստերը կկակղեն և [տերևները] կցցվեն: Նույնպես և նա, ով բարձրանում է աշխարհից՝ ալեկոծյալ խռովությունից, և ճանապարհորդում է դեպի հավիտենական խաղաղություն, բերում է կակղած ոստեր՝ մարմնեղեն սիրտ և ոչ թե քարեղեն, ապա տերևներ և կատարյալ պտուղ:
Մաղաքիա արք. Օրմանյան
32-35․ «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»:
 
Հիսուսի խոսքերը կրկին բացահայտորեն վերաբերվում են Երուսաղեմի կատարածին, այնպես որ իրավունք են տալիս ասել թե ողջ Ձիթենյաց քարոզը, եբեմն բառացի, եբեմն այլաբանական բացատրությամբ նույն կատարածի համար է ասվել: Հիսուս նպատակ ունի իրեններին համոզել, թե ինչ-որ Ինքն է գուշակում, անվրեպ պիտի կատարվի: Թզի ծառի առակն է օրինակ բերում, որ գարնանհետ ծառն սկսում է արթնանալ, ճյուղերին սկսում են երևալ պտուղների ու տերևների առաջին ցցուն ծիլերը: Տեսնողներն անմիջապես ենթադրում են, թո փոխվել է եղանակը, անցել է ձմեռը, մոտ է ամառը, ասել է, թե՝ գարունը եկել է: Այդպես են գրում Մատթեոսն ու Մարկոսը, իկ Ղուկասը թզենու հետ մեկտեղ, թվարկում է նաև այլ ծառեր և պտուղների առաջին կոկոնները երևալուց գուշակել է տալիս ամառվա մոտենալը: Երկու ձևերն էլ միյանցից էապես չեն տարբերվում:
Ծառի ծիլերից ամառը գուշակելու ստուգության չափ՝ վերոհիշյալ նշաններից պիտի գուշակվի Երուսաղեմի կատարածի, Մարդու Որդու գալստյան կամ Երկնից Արքայության մոտալուտ լինելու ստուգությունն էլ դռան առջևը հասած եկվորի գալստյան նման: Թե՛ թզենու նմանությունը և թե՛ դռանը հասած լինելու բացատրությունը ժողովրդական ոճեր են, որոնց հաճախ էր դիմում Հիսուս: Իսկ եթե խոսքն ստուգիվ վերաբերվում է Հին Ուխտի դադարին և Նոր Ուխտի սկզբնավորմանը, ապա այն բացահայտորեն հասկացվում է Ավետարաններում միևնույն բառի համար կատարած, գալուստ և Երկնից Արքայություն անվանումների անխտիր գործածությունից:
Հիսուս իր խոսքերին առավել հաստատուն երանգ տալու համար բացահայտ մի ձև է գործածում, նման երդմամբ հաստատելուն, երբ ասում է, թե ավելի դյուրին է, որ երկինքը կործանվի ու երկիրը ոչնչանա, քան իր գուշական կատարածը չկատարվի: Եվ այն էլ ոչ շատ ուշ, որովհետեև ներկա սերունդը բոլորովին չանհետացած, կանխագուշակված կատարածը, այսինքն՝ Երուսաղեմի կործանումը պիտի իրականանա: Հիսուսի գուշակությունից մինչև կործանման կատարումը ճիշտ 40 տարի անցավ: 40 տարվա մեջ Հիսուսի հետ ապրող սերունդը լիովին չեր կարող սպառվել, որովհետև նույն սերնդի անդամները, 20-ից 30 տարեկան եղողները, 60-ից 70 տարեկան պիտի լինեին: Պատմական փաստ է նաև այն, որ մինչև Երուսաղեմի կործանումը առաքյալներից ոմանք դեռ ողջ էին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: