Հովհաննես Ծործորեցի
«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի` ոչ երկնքի հրեշտակները և ոչ Որդին, այլ միայն Հայրը:
Կարծում եմ` [աշակերտները] կամենում էին այս մասին էլ հարցնել, այդ պատճառով է [Տերը սա] նշում: Բայց ի՞նչ է սա, որ ինչ որ լինելու էր հետո` Երուսաղեմի ավերը, աշխարհի նեղությունն ու Իր գալստյան նշանը, նախապես հայտնեց, իսկ թե [շաբաթվա] յոթ օրերից որում կամ քսանչորս ժամից որում է գալու, ինչը միշտ փա փագում էին իմանալ, այս մասին հրաժարվում է [խոսել], ինչպես մեկ այլ տեղ ասաց. «Չգիտեք, թե որ ժամին կգա` երեկոյան, կեսգիշերին, հավախոսին, թե առավոտյան» (Մարկ. 13:35): Նույնը Նրա հարությունից հետո էլ հարցրին. «Այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի արքայությունը». պատասխանեց նրանց. «Դուք չէ, որ պիտի իմանաք այն ժամերն ու ժամանակները, որոնք Հայրն Իր իշխանության տակ առավ» (Գործք 1:67): Այդտեղ հարցրին եղանակի մասին` գարնանային, թե աշնանային, սակայն ոչ օրը հայտնեց, ոչ ժամանակն ու եղանակը, իսկ այստեղ էլ օրվա վերաբերյալ ասաց, թե ոչ ոք չգիտի այդ օրը:
Արդ` շատ են [այս խոսքն ասելու] պատճառները, և առաջինն այն է, որ [Տերը] ոչ թե չգիտի [այդ օրը], այլ ինչպես մեղավորներին ասաց. «Չգիտեմ ձեզ» (Մատթ. 25:12)` ըստ նրանց գործերի, որոնց քաջատեղյակ էր, այդպես էլ այստեղ [է ասում], որպեսզի արգելի [աշակերտներին] այդ հարցը տալ: Երկրորդ` քանի որ շատ էր պատվում նրանց և ոչինչ չէր թաքցնում նրանցից, եթե ասեր. «Չեմ ասի ձեզ», կտրտմեին, այդ պատճառով էլ ասաց. «Ոչ ոք չգիտի` ոչ երկնքի հրեշտակները, ոչ էլ Որդին», որպեսզի չտրտմեին: Երրորդ` ծածուկ պահեց, որպեսզի արթնությամբ [սպասենք] Նրա գալստյանը. որովհետև ասաց, որ կգա, և եթե ասեր, թե ե՛րբ կգա, Նրա գալուստն անհամ կլիներ, իսկ քանի որ Իր գալստյան ժամանակը չհայտնեց, ամեն սերունդ ցանկանում է Նրան, և յուրաքանչյուրը կարծում է, թե իր ժամանակ է Նրա գալուստը լինելու, որովհետև նախկին մարգարեները, այժմ ծնվածներս և նրանք, որ լինելու են, հավասարապես են սպասում Նրա գալստյանը և հավատալով կարոտում Նրան: Չորրորդ` [Հիսուսը] գիտի որպես Աստված և անգիտանում է որպես մարդ, քանի որ [Սուրբ] Գիրքը միշտ երկու կերպ ներկայացնում [Աստծուն], ինչպես այստեղ` «Ո՞ւր դրեցիք նրանե (Հովհ. 11:34), «Ադա՛մ, ո՞ւր ես» (հմմտ. Ծննդ. 3:9), և` «Այդ ի՞նչ է ձեռքիդ» (հմմտ. Ելք 4:2). [այսպես է ներկայացնում նաև Հիսուսին], որպեսզի ցույց տա, որ մեկը մարդկությանն է հատուկ, մյուսը` աստվածությանը, ապա թե ոչ` [Հիսուսն] ինչպե՞ս հավաստի գիտի այն, ինչ դեռ չի կատարվել, իսկ ժամանակին տեղյակ չէ: Սա առակի է նման. ասես մեկը նախապես գիտի, թե պարիսպն ինչ է, բայց ասում է, թե չի ճանաչում պարիսպը, կամ օրվա վախճանը քաջ գիտի, բայց գիշերվա սկիզբը չգիտի, այն դեպքում, որ մեկն իմանալը հարկավ ներառում է նաև մյուսին [տեղյակ լինելը]: Հինգերորդ` [ասում է, որ ժամը չգիտի], որպեսզի Հորը հակառակ չկարծվի, այլ ինչպես որ Իր բոլոր խոսքերն ու գործերը վերագրում էր Հորը, այդպես էլ ժամը գիտենալը, որպեսզի հայտնի լիներ, որ Հորը հնազանդ է` ըստ առաքյալի 1347: Վեցերորդ` քանի որ Քրիստոսը Եկեղեցու գլուխն է, իսկ մենք` Նրա մարմինը 1348, մեր Գլուխն Իրենն է համարում մեր անգիտությունը, ինչպես նաև անհնազանդությունը` ըստ Պողոսի. «Այնժամ նաև Ինքը Որդին կհնազանդվի» (Ա Կոր. 15:28), և ինչպես որ «Ով մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձավ» (Բ Կոր. 4:21) և, ինչպես գրված է, անեծք կոչվեց 1349, բայց ոչ թե Ինքը, քա՛վ լիցի, այլ մերն է ասվել, թե Նրանն է, ուրեմն` ինչպես [մեր] ամեն ինչն [է Նրանն ասվում], այդպես էլ անգիտությունը: Յոթերորդ` ինչպես հրեշտակներից, այդպես էլ շնորհով որդիներից հեռացրեց գիտությունը, որովհետև «որդիե բառը հոմանուն է` ըստ այսմ. «Ելնում եմ Իմ Հոր և ձեր Հոր մոտ» (Հովհ. 20:17), և գրված է, որ «Բարձրյալի որդիներ են ամենքըե (Սաղմ. 81:6): Ուստի [Տերը որպես թե] ասում է.
«Ոչ հրեշտակները գիտեն, ոչ էլ մարդիկ, ովքեր Աստծո որդիներ են շնորհով, այլ միայն Հայրը և Ես» : Եվ ութերորդ` պետք է ճշմարիտն ասել. որովհետև բազմաթիվ օրինակներում այսպիսին է [այս խոսքը], թեպետ մեր [օրինակում] բառերի շարադրությունը փոփոխված է թե` «Մարդկանցից ոչ ոք չգիտի, ոչ էլ հրեշտակները երկնքում, ոչ էլ Որդին այլ կերպ գիտի, քան Հայրըե 1350, որովհետև [այս խոսքը] հավասար է հետևյալին. «Ոչ թե Իմ կամքն է, այլ Քոնը»:
Ստեփանոս Սյունեցի
«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
«Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»:
Օրն ու ժամը, երբ պիտի լինի աշխարհի վերջը, ոչ ոք չգիտե: Եվ հարց է՝ ինչո՞ւ չգիտի Որդին [այն], ինչը գիտի Հայրը:
Ոմանք ասացին, թե առաջ, քան չարչարվելը, քանի դեռ մարմնով չէր փառավորված, [այդպես] ասաց, [թե չգիտեմ], ինչպես և ասաց. «Ո՞ւր դրիք Ղազարոսին» (Հովհ. 11:34). որպեսզի ցույց տա իրեն [որպես] ճշմարիտ մարդ: Իսկ երբ փառավորվեց և Աստված նրան առավել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն (Փիլիպ. 2:9), ապա մարմնական աղտերը թոթափեց Իր վրայից, և ամեն ինչ, որ գիտեր Հայրը, գիտի և Որդին:
Իսկ ոմանք ասացին, ըստ Պողոսի հետևյալ խոսքի. «Այն ժամանակ և Որդին կհնազանդվի Հորը» (Ա Կորնթ. 15:28): Իսկ ե՞րբ էր [Նա Հորը] անհնազանդ: [Նա] Եկեղեցու Գլուխն է, իսկ մենք մարմինն ենք Նրա և անդամները (հմմտ. Ա Կորնթ. 12:27): Եվ դեռևս չեն հնազանդվել Նրան [մարմնի] բոլոր անդամները և անդամների անհնազանդությունը Գլուխն Իրեն վերագրվեց, քանզի եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները (տե՛ս Ա Կորնթ. 12:26): Նույնպես և այն օրվա մասին մեր անգիտությունը իրենը համարվեց:
Դարձյալ ասվեց. «Նրան, Ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր արեց» (Բ Կորնթ. 5:21): Ո՛չ թե Որդին մեղք գործեց, քա՜վ լիցի, այլ մեր մեղքերը Իրենը համարվեցին, և մեր անեծքները նույնպես Իրենը համարվեցին, ըստ խոսքի. «Անեծք դառնալով մեզ համար, որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որ կախված է փայտից» (Բ Օր. 21:23, Գաղ. 3:13): Նույն օրինակով և իմացիր ասվածի վերաբերյալ. «Ո՛չ հրեշտակները գիտեն օրը և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»:
Մաղաքիա արք. Օրմանյան
36-41․ «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ: Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
 
Երևում է, որ առաքյալներն այդքան ստույգ նշաններ և ժամանակի առումով տեղեկություններ ստանալուց հետո, ծայրաստիճան հետքրքրությունից մղված, կամեցել են եղելության օրն ու ժամը ևս իմանալ: Հիսուս նրանց հետաքրքրասիրության չափն անցած համարելով՝ զլացել է նրանց գոհացում տալ: «Այդքն իմացածներդ ձեզ բավական է, - ասում է, - սրանից ավելին իմանալու կարիքը չունեք: Օրվա ու ժամի տեղեկությունը Երկնավոր Հայրն Իրեն է պահել, երկնքի հրեշտակներն իսկ այդ տեղեկությունը չունեն, անգամ Մարդու Որդին, իբրև սոսկ մարդու որդի, չունի այդ տեղեկությունը»: Երբ Հիսուս, որպես որդի մարդու, այդ կետի վերաբերյալ Իր անտեղյակ լինելն է հայտնում, ապա դրանից չի հետևում, որ նա որպես Աստծո Որդի անտեղյակ է: Հիսուս պարզապես այս բացատրությամբ, չափազանցյալ ոճով, կամենում է շեշտել, որ այդ տեղեկությունը միմիայն Աստծո մենաշնորհն է:
Այդ բացատրությունը տալու հարցում զլանալը ոչ այնչափ առաքյալներից, որչափ մեղավորներից ծածկելու համար է: Աստված չի զլանում՝ նրանց համար ընդհանուր տեղեկություններ և ազդարարություններ տալու: Օրը օրին և վայրկյանը վայրկյանին սպառնալիքներ չի թելադրում, որպեսզի նրանք իրենց չա րության մեջ չքաջալերվեն, այլ մինչև սահմանված վայրկյանի մոտենալը որոշ ժամանակ ևս համարձակ գործելու հնարավորություն ստանան: Ցանկանում է, որ աստվածային հայտարարությամբ խրատվելով, օր և ժամ առաջ հրաժարվեն իրենց վատ և մեղեպարտ ընթացքից: «Այսպես եղավ, - ասում է Հիսուս,- Նոյի ժամանակ ևս: Աստված ջրհեղեղով սպառնաց Նոյին՝ իբրև փրկության միջոց, տապանի շինությունը հրամայեց. Ամենքի աչքերի առջև շինվեց տապանը, սպառնալիքները կրկնվեցին շարունակաբար՝ առանց սակայն ջրհեղեղի օրն ու ժամը հայտնելու: Բայց ժամանակին մեղավորներն ուշադրություն չդարձրեցին, չփոխեցին իրենց կերուխումով լի կյանքը, շվայտություններով ու ցոփություններով լի ընթացքը: Այլ ամբողջովին մարմնասեր ու անօրեն կյանք անցկացրին: Երբ չէին կասկածում, վրա հասավ ջրհեղեղը: Ամենքը խեղդվեցին ու կորան: Իսկ Նոյն իր հարազատներով ազատվեց, որովհետև գտնվում էր տապանի մեջ: Նոյան օրինակին պիտի նմանվի Երուսաղեմի կատարածը ևս: Երբ չեն սպասի, այն ժամանակ վրա կհասնի վտանգը: Այնքան մեծ պիտի լինի շփոթությունը, որ ագարակում երկու աշխատողներից մեկը, քաղաքում եղող երկու աղացողներից մեկը պիտի կարողանան ազատվել, մյուսները պիտի չկարողանան ճողոպրել»: Հիսուս այդ եղելությունը երկու անգամ անվանում է Որդւոյ Մարդոյ գալուստ Մատթ. 24:37 և 39: Այդ կերպ Մարդու Որդու գալստյանը վերաբերող վերը տված բացատրությունները մեկ անգամ էլ են հաստատվում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: