Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:37

Հովհաննես Ծործորեցի

37-39. Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ,ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ:
   
    Այլ ինչպես Նոյի օրերն էին, այդպես կլինի Մարդու Որդու գալուստը: Որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը, չիմացան, մինչև ջրհեղեղը եկավ և վերացրեց ամենքին, այդպես կլինի նաև Մարդու Որդու գալուստը:

    Տեսնո՞ւմ ես, թե ինչպես ստույգ գիտի, որ նույնիսկ նշաններն է հայտնում թե` «Ինչպես Նոյի օրերն էին, այդպես էլ Իմ գալուստը կլինի»: «Ինչպես Նոյի ժամանակ»-ով ցույց տվեց, որ կամ հանկարծակի կգա, երբ ոչ ոք չի սպասի, կամ էլ դա ասաց [մարդկանց] անհավատության ու փափկակեցության պատճառով: Որովհետև ոչ թե չգիտեին, որ ջրհեղեղ էր լինելու, երբ Նոյը հարյուր տարի շեփորահարում էր այդ մասին տապանի կառուցմամբ, այլ չէին հավատում, ուստի ուտում ու խմում էին, մինչև ջուրը եկավ և կորստյան մատնեց ամենքին, և միայն Նոյը փրկվեց: Այդպես էլ [Տերն] ասում է, որ Իր գալուստն է [լինելու]. ոչ թե չեն իմանա [այդ մասին], ինչը միշտ քարոզում է Աստվածաշունչը Եկեղեցու տապանի կառուցմամբ, այլ չեն հավատալու և սպասելու Նրա գալստյանը, որը ստույգ լինելու է, ինչպես և ջրհեղեղը, ուստի հաճույքայլից փափուկ կյանքով են ապրելու, ցանկասիրությամբ տղամարդիկ` կանանց, կանայք էլ տղամարդկանց հետ պոռնկություն են գործելու, այլև անզգամ խոսքեր բարբառելու թե` «Չեմ սասանվի իմ բարօրության մեջ» (Սաղմ. 29:7): Այդ ժամանակ էլ կհասնի նրանց կորուստը` ըստ առաքյալի. «Երբ ասեն, թե խաղաղություն ու բարօրություն է, կործանումը կհասնի նրանց» (Ա Թես. 5:3): Իսկ եթե մեկն ասի. «Եթե խաղաղություն է լինելու, ինչո՞ւ [Տերը] նեղության մասին խոսեց», [կպատասխանենք]. [առաքյալը] չասաց, թե խաղաղություն է լինելու, այլ թե [ուրիշնե՛րն այդպես] «կասեն», այսինքն` անմիտները, որ չարիքների մեջ հաճույքների են տրվելու, իսկ արդարների համար նեղություն ու տրտմություն է [լինելու], քանի որ նեռի ժամանակ անպատեհ ցանկություններ են հորդելու անօրենների մեջ, և հալածանքի վտանգն է սպառնալու արդարներին: Սա՛ է ասելը. «Ինչպես Նոյի օրերն էին, այդպես կլինի Մարդու Որդու գալուստը»:

    Իսկ ի՞նչ է այն թե` «մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը, և չիմացան, մինչև ջրհեղեղը եկավ և վերացրեց ամենքին»: Սա երկու բան է հայտնում: Մեկը` փրկվածները սակավաթիվ են լինելու, և շատերն են ապականվելու` ըստ այսմ. «Ութ հոգի փրկվեց» տապանի մեջ (Ա Պետ. 3:20). նրանք ոչ միայն այս կյանքի յոթերին բաժանեցին, այլև ութերին 1351 և նեղ [ճանապարհով] ընթացան, որի վրա սակավն է ոտք դնում, և շատերի հետ լայնով չգնացին, որը դեպի կորուստ է տանում: Նաև` նախ արդարներն են փրկվելու, այսինքն` այս ստորին Եկեղեցին մտնելու է վերին Եկեղեցի, երբ [վերջինս] երկնքից իջնի, և այդ մուտքը տապանի մեջ [մտնելն] է ցույց տալիս, և ապա կրակի գետն [է հոսելու]` կորստյան մատնելով ամենքին, որպեսզի կրկնակի տանջանք կրեն [մեղավորները]` տեսնելով արդարների փառքը, որով վերջիններս փրկվեցին, և, ինչպես [արդեն] ասվել է 1352, այրվելով անվերջանալի կրակով, որով իրենք` [մեղավորները], բռնվեցին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:36