Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:4

Հովհաննես Ծործորեցի (†1338)

4-5. Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն:
   

    Հիսուսը պատասխանեց` ասելով նրանց. «Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը խաբի ձեզ. որովհետև շատերն են գալու Իմ անունով և ասելու` «Ես եմ Քրիստոսը», և շատերին մոլորեցնելու:

    Քանի որ նրանք Երուսաղեմի վրա գալիք պատերազմն անիրական էին համարում, ուստի կարծում էին, թե իրենք խռովություններից հեռու են, և սպասում էին բարի բաների, և որ դրանք արագապես գային, ինչպես որ [Քրիստոսի] հարությունից հետո էլ ասում էին. «Ներկա ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի արքայությունը» (Գործք 10:6)` Դավթի, Եզեկիայի կամ Հովսիայի 1299 պես թագավորելով, [կարծում էին], որ չարչարանք չեն կրելու, այլ Քրիստոսին թագակից են լինելու: Այս պատճառով էլ [Հիսուսը] նրանց նախօրոք տեղեկացնում է դժվարությունների մասին և հրամայում արթուն լինել, քանի որ կրկնակի պատերազմ էր լինելու մոլորեցուցիչների կողմից` ներքին և արտաքին: Ներքինն այն է, որ «գալու են Իմ անունով և ասելու. «Ես եմ Քրիստոսը»»․ այդպիսիք էին շատերին մոլորեցրած Հուդասն ու Թևդասը 1300, որ նույն ախտով տառապեցին, ինչպես պատմվում է «Գործք առաքելոց»-ում 1301, այլև Սիմոնն 1302 ու Մարկիոնը 1303 կամ էլ նույն ինքը հակաքրիստոսը: Իսկ արտաքին [պատերազմի] մասին այժմ է ասում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

4-5. Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն:

   
    Հիսուս համաձայնվում է առաքյալների ուզած բացատրությունը տալ և խնդրված նշաններն էլ ցույց տալ, որովհետև նպատակ ուներ իրենների թե՛ հավատքը զորացնել` երբ Իր գուշակություններն իրականանան և թե՛ օգնած լինել, որպեսզի տեսնելով նշանները, հետևանքը ճանաչեն, պարտ ու պատշաճ զգուշությունները ձեռնարկեն ու զերծ մնան վտանգներից: Նախորդ համարում ասացինք, թե Տեր Հիսուսի խոսքերը մոտակա ու անմիջական իմաստով վերաբերվում էին Երուսաղեմի կործանմանը, որն իրոք տեղի ունեցավ Հռոմի 823 և Քրիստոսի 70 թվականին, Հիսուսի ասած օրվանից ճիշտ 40 տարի հետո, այնպիսի ճշգրտությամբ, որ հիացում է պատճառում ամեն մի մեկնաբանի: Այդ գուշակությունների մասին միմյանց շատ նման և կատարելապես համաձայնեցված կերպով գրել են Մատթեոսը, Մարկոսն ու Ղուկասը, երեքն էլ վերոհիշյալ 70 թվականից առաջ իրենց մահկանացուն կնքած հեղինակներ: Իսկ այդ մասին գրելը խորին խորհրդով զանց է անում Հովհաննեսը, որ տեսավ գուշակությունների իրականանալը և այս աշխարհից մեկնեց տեսնելուց շատ տարիներ հետո և այդ պատճառով էլ գուշակությունների մասին գրելն ավելորդ համարեց: Վերադառնանք Տեր Հիսուսի ասածներին:
    Առանց շատ կանխաբանությունների, Տեր Հիսուս սկսում է մեկ առ մեկ թվարկել այն եղելությունները, որոնք պիտի տեղի ունենան Երուսաղեմի և տաճարի կործանումից առաջ և հետևաբար ապագա գործողություններին իբրև նշան կծառայեն: Այդ կարգում, որպես առաջին, նշում է սուտ-քրիստոսների բազմանալը: Հրեա ժողովուրդը, իր մարգարեների խոստումների ու կանխագուշակությունների համաձայն, սպասում էր Մեսիա-Քրիստոս-Օծյալ փրկչի գալստյանը և նույն մարգարեությունների զորությամբ էլ զգում էր, որ հասունացել էր Մեսիայի գալստյան ժամանակը: Այդ համոզումը հիմք էր ծառայում ամեն մի խաբեբայի` ինքն իրեն որպես Մեսիա հռչակելու, մեջ ընկնելու, միամիտներին խաբելու և շփոթությունների պատճառ դառնալու համար: Ուստի Տեր Հիսուս խրատելով ասում է. «Զգույշ եղեք, չլինի, թե սրա-նրա խոսքերից խաբվեք, քանի որ շատերն իրենց Մեսիա կամ Քրիստոս անվամբ պիտի կոչեն, իրենք իրենց փրկիչ պիտի ձևացնեն ու պիտի հռչակեն իրենց խոստացյալ Մեսիա լինելը և պիտի հաջողացնեն որոշ միամիտների էլ խաբել ու մոլորեցնել, բայց դուք զգույշ եղեք, չլինի, թե այդպիսիների խոսքերից խաբվեք»:
    Տեր Հիսուսից հետո երևացած սուտ-քրիստոսներից Սուրբ Գիրքը հիշատակում է Թևդաս Գալիլիացուն Գործ. 5:36, Սիմոն Մոգին Գործ. 8:9 և Անանուն Եգիպտացուն Գործ. 21:38: Սակայն այսպիսիները շատ ավելի բազմացան Հռոմի 813 և Քրիստոսի 60 թվականներից հետո, ինչպես գրում է նույն ինքը`Հովսեպոս Հրեա պատմիչը, որ այդ ժամանակվա գործերն ու Երուսաղեմի կործանումը մանրամասն պատմում է, ըստ ամենայնի հաստատելով Տեր Հիսուսի գուշակությունները: Բացի Հովսեպոսից, Տակիտոս և Դիոն Կասսիոս հեթանոս պատմիչներից էլ շատ կարևոր վկայություններ ունենք Տեր Հիսուսի գուշակությունների հաստատման համար: