Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
Այդ ժամանակ եթե ագարակում երկու հոգի լինի, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:
[Տերը] մի ուրիշ նշան էլ է տալիս, որ անտեղյակ չէ այդ օրվան, որովհետև այս բոլորը [այդ մասին] իմանալու ապացույց են: «Այդ ժամանակ,-ասում է,-թե ագարակում երկու հոգի լինի»: Ղուկասն ասում է. «Այդ գիշեր» (Ղուկ. 17:34): Կամ Նրա գալուստը գիշերն է լինելու, կամ էլ այդ օ րը շատերի համար գիշեր է դառնալու: Իսկ «ագարակում երկու հոգիե ասելը նշանակում է հետևյալը. «ագարակ»-ն այս աշխարհն է` ըստ Տիրոջ խոսքի 1353, և այս աշխարհի ագարակում գտնվող երկուսը` մարդկանց միտքը: Ուրեմն` ով ըստ Աստծո կամքի է մշակում այս աշխարհի անդաստանը` աղքատների հանդեպ հոգատարությամբ, ինչպես Նոյն ու Աբրահամը, և ոչ թե աշխարհային հոգսերով, այդպիսին ամպերով կընդունվի արքայություն, իսկ ով մարմնական ցանկությամբ է գործում, ինչպես Կայենը, կվտարվի վերին կյանքից, ինչպես խոտան [ձկները]` ուռկանից: Ագարակ են նաև Եկեղեցին և հավատացյալ ժողովրդի սիրտը, իսկ երկուսը Եկեղեցում քարոզիչների դասերն են: Հետևաբար, ովքեր ծուլությամբ ու ագահությա՛մբ չեն մշակում հավատացյալ հոտերը և նրանց պտղաբերել են տալիս Տիրոջով, հարյուրապատիկ պտուղ կստանան, ինչպես Իսահակը գարին ստացավ 1354, իսկ ովքեր ծուլանում են կամ ագահության պատճառով քարոզում, կթողնվեն դժոխքում:
Նաև եթե երկու ունևոր ու հարուստ լինի աշխարհում, հավասարապե՛ս չեն կորչի, այլ մեկը, եթե ըստ Աստծո կամքի է տնօրինում ինչքը, ինչպես Հոբը, և «բարեկամներ ձեռք բերում անիրավ մամոնայի միջոցով» (Ղուկ. 16:9), կընդունվի հավիտենական հարկերի տակ, իսկ մյուսը, որ այն [առակի] հարուստի կամ ունևորի պես ուտում և ուրախանում է առատապես, [կտեսնի] իր բարիքներն այս կյանքում թողնված` ըստ այսմ. «Ընդունեցիր բարիքներդ այս կյանքում», [և կլսի]. «Գնա՛ դեպի տանջանքներ» (հմմտ. Ղուկ. 16:25):
[Տերը սա] ասում է նաև Իր հանկարծակի գալստյան պատճառով. եթե երկու հոգի պատահի միևնույն ագարակում սերմանելիս կամ ոռոգելիս, մեկը հանկարծակի կփոխադրվի, և այդ արագության պատճառով նրա ընկերը չի հասկանա, թեպետ ինքն էլ կփոխադրվի նույն պահին կամ էլ չի անհայտանա ու թաքնվի` նրանց հավասար վարք ունենալու պատճառով:
Ստեփանոս Սյունեցի
Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
«Այն ժամանակ երկուսը, որ ագարակում լինեն, մեկը պիտի վերցվի, և մյուսը պիտի թողնվի»։
«Ագարակը», աշխարհը և անդաստանը խորհրդանշում են մարդկանց միտքն ու հոգիները: Ով իր ագարակում գործում է համաձայն մտքի, ինչպես Նոյը և Աբրահամը, և ոչ մարմնական ոգով, այնպիսին պիտի ընդունվի արքայության մեջ: Իսկ մյուսը, որ իր ագարակում գործում է մարմնական ցանկություններով, ինչպես Կայենը, նա դուրս կթողնվի արքայությունից: Նույնպես և երկուսի դեպքում, ովքեր աղում են աշխարհի երկանքը, այսինքն՝ ուսուցանում են և իրենց վրա կրում աշխարհի ծանրությունը: Ով բարությամբ է ուսուցանում և համբերությամբ կրում աշխարհի բեռն ու տանջանքները, պիտի ընդունվի արքայության մեջ, իսկ մյուսը՝ որպես անարժան, աքայությունից դուրս պիտի թողնվի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:36
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: