Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:41

Հովհաննես Ծործորեցի

Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:

 

    Եվ եթե երկուսը մի երկանքով աղան, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:

    Սա էլ իրենց պարենը նեղությամբ հայթայթող աղքատների օրինակն է, որովհետև ինչպես որ ո՛չ ամեն հարուստ է դժոխք կամ արքայություն գնում, այդպես էլ ո՛չ ամեն աղքատ: Այլ համբերողներն ու ժուժկալները կվերցվեն, ինչպես Ղազարոսը 1355, իսկ տրտնջացողները, անհամբերներն ու վատերը դժոխքում կթողնվեն, ինչպես պատառոտուն զգեստ հագած քնածը` ըստ Սողոմոնի 1356: Կամ էլ [Տերը] սա նույնպես արագ փոխադրվելու մասին է ասում. քանի որ ագարակում կարող են միմյանցից հեռու գտնվել, այստեղ ասում է, որ մեկ երկանքով են աղում` [այնքան մոտ լինելով], որ միմյանց ձեռքերին են հասնում, սակայն նրանց հափշտակվելն այնքան արագ կլինի, որ չեն հասցնի միմյանց տեղեկացնել [այդ մասին]: Ուրիշ կերպ ևս [կարելի է բացատրել]. այս աշխարհը պտտվելու պատճառով երկանքի է նման, որն աղում է մարդկանց և իր միջից հեռացնում: Երկուսն են, որ այս կյանքի փորձություններից ճնշվելով` գալիս են աղորիք` թեփն ու ալյուրը, որոնցից մեկը` ալյուրը, դառնում է Աստծո և Նրա հրեշտակների կերակուր, իսկ մյուսը` թեփը, անարգանքով ու արհամարհանքով թողնվում է` ըստ այսմ. «Ցորենը կժողովի, իսկ հարդը կայրի» (հմմտ. Մատթ. 3:12): Որովհետև թեպետ փորձությունները հավասար են, սակայն փառքն ու տանջանքը` անհավասար, քանի որ մեկն Աստծո համար է [փորձությունները կրում], իսկ մյուսը մարդկանց փառքի համար ու թեթևամտությամբ է համբերում փորձություններին: Նաև երկանքի աղորիք է [Տերը] կոչում բերանը` ըստ Ժողովողի. «Աղորիքի թույլ ձայնիցվ» Ժող. 12:4): Արդ` այս աղորիքը երկու բան է աղում` Աստծո օրհնություն և մարդկանց անեծք, որոնցից մեկն ընդունվում է, իսկ մյուսը` ոչ` ըստ այսմ. «Քո խոսքերից ես արդարանալու և քո խոսքերից դատապարտվելու» (Մատթ. 12:37):

    Եվ եթե երկուսը միևնույն մահճում 1357 լինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:

    Նախ ասաց «ագարակումե, հետո` «երկանքիե մոտ, այժմ էլ բոլորովին մոտեցրեց` «միևնույն մահճում», սակայն մի ընկերը մյուսին լուր չի տա արագ վերցվելու պատճառով: Ասվածները ցույց են տալիս [Տիրոջ գալստյան] ժամանակի նրբությունն ու րոպեի ոչ մի մաս չունենալը: Այդ պատճառով էլ չհայտնեց օրն ու ժամը, քանի որ ոչ օրվա մեջ է լինելու, ոչ էլ ժամի, այլ ակնթարթից էլ արագ: «Մահիճ»-ով նաև ցույց է տալիս հաճույքասերներին ու աշխարհիկ բաներում անհոգության տրվածներին, որ թագավորներն ու իշխաններն են: Ուստի կպատահի, որ սրանցից մեկն արժանի կդառնա վերին կոչմանը, ինչպես Աբգարը, Տրդատը, Կոստանդիանոսը, Թեոդոսը և այլ շատեր, իսկ ոմանք էլ կմերժվեն, ինչպես կռապաշտ ինքնակալներից ու իշխաններից շատերը: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]: «Մահճով», ինչպես Եղիայի ու Եղիսեի մահիճները 1358, կարծում եմ, [եկեղեցական] կարգ ունեցողներն են նկատի առնված, քանի որ [հոգևոր] կարգ ստանալն այլ բան չէ, քան մահվան մեջ իջնել: Արդ` նույն կարգում, ասում է [Տերը], երկու դաս է գտնվում. ովքեր Աստծուն են ծառայում` ըստ երեք [առաքինության]` պահելով իրենց ուխտած կուսությունը, կամքի ուրացմամբ մահուչափ հնազանդությունը և կամովին աղքատ ու անինչ շրջելն աշխարհում, վերցվելու են կյանքի համար, ինչպես Անտոնն 1359 ու այլ սուրբ հայրեր: Իսկ ովքեր միայն ձևով ու անունով են մտնում այդ կարգի մեջ և ծառայում մարմնին, իրենց կամքին ու ինչքին, դրա՛նք են, որ կթողնվեն [Քրիստոսի] առագաստից դուրս, երբ Նա ասի. «Չգիտեմ ձեզ» (Մատթ. 25:12):

    Բայց կարիք կա պարզելու, թե [Տերն] ինչո՛ւ [օրինակները] երեքի տրոհեց և յուրաքանչյուրը դարձյալ բաժանեց: Պետք է գիտենալ, որ, ըստ կենսակերպի, երեք [դասակարգ] կա աշխարհում` կամ քարոզիչների և [հոգևոր] ուսուցիչների, կամ աշխարհական ժողովրդի, կամ [Եկեղեցու] կարգավորների, ինչպես ասացինք: Ուստի այս երեքը Դատաստանի օրը երկուսի կբաժանվեն Աստծո հրամանի սրով, ինչպես որ [այս նյութը] զարգացնելով` [Տերը] բոլորին բաժանում է երկուսի` ոչխարների և այծերի, մեկին կանգնեցնում աջ կողմում, մյուսին` ձախ 1360, որովհետև այստեղ կենսակերպի զանազանություն հաստատեց և պատրաստվում է այդ երեք [դասակարգերից] ոմանց որպես ոչխարներ վերցնել և ոմանց որպես այծեր թողնել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:36