Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:42

Հովհաննես Ծործորեցի

Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը:

   

   Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա:

   [Տերը] սա ասաց կամ այս աշխարհի վերջի վերաբերյալ, կամ յուրաքանչյուր մարդու վախճանի: Եվ հրամայում է արթուն լինել ոչ թե չքնելով, քանի որ սա անհնար է, քանի [մարդիկ] միավորված են մարմնի հետ և կերակուր են ճաշակում, այլ բարի գործերով պատրաստ լինելով և Նրա գալստյանը միշտ սպասելով, որովհետև ասում է. «Չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա»: Չի ասում` չգիտեմ, այլ` չգիտեք, որպեսզի ցույց տա, թե` «Այն պատճառով չեմ հայտնում օրը, որ արթուն լինեք»: Արթնությունը, ինչպես և քունը, կրկնակի է լինում` արթնացած [վիճակը] և չգործելը, քանի որ քնած են նրանք, ովքեր միայն այս կյանքին են նայում, ինչպես նաև նրանք, ովքեր թեպետ նայում են գալիք կյանքին, սակայն ծուլանալով չեն գործում գալիք կյանքի համար [անհրաժեշտ] գործերը: Ուստի հարկավոր է այս երկու կերպով էլ արթուն լինել` այն կյանքին նայել ու ճիգ թափելով անխոնջ աշխատել և այսպիսին լինելով` միշտ [Տիրոջ գալստյան] սպասումն ունենալ, ինչպես գրում է Պողոսը. «Մարան աթա» (Ա Կոր. 16:22), այսինքն` Տերը գալու է, զգո՛ւյշ եղեք:
   

Ստեփանոս Սյունեցի

Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը:
   
   «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը»։
Այս ասաց ոչ միայն աշխարհի վախճանի վերաբերյալ, այլև յուրաքանչյուր մարդու: Արթուն եղեք բարի գործերով, քանզի չգիտեք ձեր վախճանի օրը, թե երբ Տերը կկանչի ձեր հոգին մարմնից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

42-51․ Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը: Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»: «Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց: Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ: Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»:
   
    Մարդու Որդու գալստըան ստուգությունը, իսկ օրվա և ժամի անստուգությունը միմյանց բաղդատելու ժամանակ բնականորեն առաջ է գալիս արթուն հսկողության անհրաժեշտությունը: Գալուստն անստույգ չէ, որ մարդ ըստ այդմ պատրաստություն տեսնի: Ամեն վայրկյան, ուշ թե շուտ, գալուստը կարող է տեղի ունենալ: Անհրաժեշտ է, որ մարդն ամեն վայրկյան արթուն ու պատրաստ գտնվի, որպեսզի հանկարծական գալստյան պահին անպատրաստ գտնվի և փորձանքի ու վտանգի չենթարկվի: Եթե արթնության խրատը համեմատենք մինչև այժմ բացատրված կետերի հետ, ապա ուղղակիորեն այն կբերաբերվի Երուսաղեմի կատարածի առիթով գործածվելիք զգուշություններին, սակայն այստեղ Հիսուսի խոսքերն ավելի ընդհանուր բացատրություններ ու ընդարձակ իմաստներ են ստանում: Դրանք կարող են տարածվել ոչ միայն աշխարհի վերջին դատաստանի վրա, այլ՝ սովորական առումով յուրաքանչյուր անհատի կյանքի կատարածին էլ կարող են պատշաճել և այդ իմաստով բոլոր եկեղեցիների արարողություններում քրիստոնյաների մահվան առիթով կարդացվում են այդ հատվածները: Քարոզիչներն էլ այդ բացատրում են անհատական կյանքում պահվելիք զգուշությունների տեսանկյունից: Մենք էլ այդ բոլոր առումները Հիսուսի խոսքերին օտար չենք համարում:
    Անշուշտ, նախապատվությունը պիտի տանք բառացի իմաստին, որը Ձիթենյաց քարոզի բուն նյութն ու նպատակն է: Սակայն Հիսուս ամեն առիթով ցանկացել էր օգտվել հանգամանքներից ու դիպվածներից և խորհրդական ու օրինական իմաստներ ևս խառնել Իր խոսքերին: Անհատական կյանքի կանոնները, արդարությունն ու պատվիրանապահությունը, միշտ և հարաժամ Իր ամենասիրած նյութերն էին, նրա գերագույն նպատակը՝ մեղավորներին դարձի բերելը, ամեն մի մարդու անհատապես փրկության հասցնելն էր: Հետևաբար, Հիսուս ընդհանուր բառերով է պատգամներ տալիս. «Արթուն կացէք, զի ոչ գիտէք յորում ժամու Տէրն ձեր գայ: Զգույշ եղերուք, հսկեցէք, եւ կացէք յաղօթս, զի ոչ գիտէք երբ ժամանակն իցէ: Զոր ձեզդ ասեմ, ամենեցուն ասեմ, արթուն կացէք: Արթուն կացէք այսուհետեւ, յամենայն ժամ աղօթս արէք»: Հիսուս, այսպես խոսելով, վերոհիշյալ կետերը միանգամից է ըմբռնում: Նա թե՛ ժամանակակից սերոնդին է հրամայում, որ պատրաստ լինի՝ Երուսաղեմի կատարածի փորձանքներից ազատվելու համար և թե՛ ողջ մարդկությանը, մանավանդ Ավետարանի բոլոր հետևորդներին, որպեսզի իրենց կյանքի կատարածը կնքելու համար միշտ Ավետարանի սկզբունքներին համեմատ ապրեն:
    Ամենքի սրտերում արթնության պատվիրանը լավ տպավորելու համար, Հիսուս Իր սովորական ոճով պես-պես առականման դարձվածներ է գործածում: «Մի տանուտեր կար, - ասում է, - որ կամենում էր իր տունը գողերի անակնկալ փորձանքներից ազատ պահել: Դրա համար ամեն անգամ իր տան չորս կողմերը խնամքով զննում էր, որպեսզի չլինի թե տան տակից անցք բանալով հաջողեցնեն ներս մտնել: Մանավանդ գիտեր արդեն գողերի գործելու սովորական ժամերը: Այդ ժամերին ավելի էր սաստկացնում իր զգուշավորությունը: Դուք ևս, - ավելացնում է Հիսուս, - նույն ձևով կազմ ու պատրաստ եղեք. Մարդու Որդին անակնկալ կերպով կգա, չսպասած ժամանակ»: Եթե Մարդու Որդու գալուստը Երուսաղեմի կատարածի առումով ենք վերցնում, ապա գողերի սովորական ժամի ակնարկությունը պիտի մեկնվի սկզբից բացատրված նշանների հիման վրա, որովհետև նշանների հետզհետե իրականանալը Մարդու Որդու գալստյան հարմարագույն ժամանակի նշանակությունն է ձեռք բերում: Իսկ անհատական կատարածի, այսինքն՝ մահվան նշանակությամբ հասկանալիս Հիսուսի հանձնարարությունը ուղիղ ու կանոնավոր կյանքի մի գլխավոր պատվիրան է: Միայն թե ոմանց աչքին անպատշաճ է երևում Մարդու Որսու գալուստը գողի գալստյան հետ նմանեցնելը: Սակայն, ետե բառերին ուշադրություն դարձնելու փոխարեն, ուշադրություն դարձնենք իմաստին և մահը համեմատենք գողի հետ, ապա հիշյալ նմանությունների միջև կատարյալ համապատասխանություն կգտնենք:
    Ղուկասը գողի փոխարեն գործածում է որոգայթ լարելը: Ոչ թե մարդկային դավաճանության որոգայթ է այն, այլ թռչունների համար գործածված որոգայթ, որով թռչուններին հանկարծակիի են բերում և չսպասած ժամանակ բռնում, որն էլ նրանց կյանքի կատարածն է: Ճիշտ նույն ձևով էլ այս որոգայթը պիտի հասնի «ի վերայ ամենեցուն որ բնակեալ են ընդ ամենայն երեսս երկրի»: Այստեղ էլ եթե ամենայն երկրի հիշատակությունը կարող է հրեաների երկրին վերաբերվել, ապա ընդարձակ բացատրությամբ տարածվում է ողջ աշխարհի վրա, և Հիսուսի մյուս անգամ գալստյան նպատակը ողջ աշխարհի համր լինելն է ցույց տալիս:
    Արթնության վերաբերող մի ուրիշ առակ էլ տնտեսից է վերցվել: Տնտեսը տանտիրոջ ընդհանուր գործակատարն է և բոլոր ծառաների վերակացուն: Մի տանուտեր հեռու գնալու անհրաժեշտությունն է ունենում, ի տարաշխարհ, և ստիպված է լինում իր տան ու կալվածքների հոգսը հանձնել մեկ ուրիշի: Կանչում է տնտեսին և տալիս անհրաժեշտ հրահանգներ: Հատկապես հրամայում է լավ հսկել ծառաներին, որպեսզի ամեն մեկի հոգսը հոգացվի և ժամանակին ուտելու ու մնալու տեղ ունենան: «Արդ, - ասում է Հիսուս, - եթե տնտեսն իրեն տրված հրամանները ճշտորեն կատարի, ամենքի հոգսը հավատարմորեն հոգա, ապա երանի նրան, որովհետև երբ տերը վերադառնա, տեսնելով նրա ճշտապահությունը, պիտի վարձատրի, նշանակի ընդհանուր հազարապետ և դարձնի իր անձնական ներկայացուցիչը: Իսկ եթե, ընդհակառակը, մոռանա, որ տերը կարող է ետ վերադառնալ, նրա ուշանալուց քաջալերվի, ուշադրություն չդարձնի հոգսերին ու զգուշացումներին, զրկի ծառաներին, մինչև իսկ նրանց վրա բռնանա ու հանդգնի ծեծել, ինքն էլ ընկերների հետ օրերը հարբեցողությամբ, շռայլությամբ ու ցոփությամբ անցկացնի, հանկարծ չսպասած ժամանակ տերը վերադառնա, տեսնի իր ապօրինի ու մեղադրելի գործերը, կատարած անիրավությունները, իմանա անհավատարմության մասին, ապա վարձատրելու փթխարեն, նրան արժանավոր պատիժ կտա՝ կեղծավորների համար սահմանված պատիժը, որովհետև իր երկերեսանի ընթացքով նրանց էր նմանվել: Պաշտոնից զրկված ու ունեցվածքից կողոպտված, բախտից ու դիրքից հանված, տանջված ու բանտված պիտի մնա այնտեղ, ուր ուրիշ անելիք չունի, բացի իր արածի համար արտասվելուց ու ատամները կրճտացնելուց: Այդպես պիտի լինի բոլոր արթուն չեղողների վիճակը, եթե Որդվո Մարդո գալստյան պահին արթուն չգտնվեն: Ընտրյալների հետ բաժին պիռտի չունենան, իրենց բաժինը պիտի կեղծավորների հետ լինի»:
    Մարկոսը դռնապանի վերաբերյալ, միևնույն նպատակով ասված, մի առակ է մեջբերում: Հեռու երկիր գնացող տանուտերը, ծառաներից յուրաքանչյուրին անհրաժեշտ հրահանգները տալուց ու գործերը հանձնելուց հետո, դռնապանին ապսպրում է միշտ արթուն լինել և հսկել դուռը, որպեսզի վերադարձին բաց անի; Սակայն գալու օրն ու ժամը չի ասում: Մի որևէ օր, մի որևէ ժամի կարող է վերադառնալ, իրիկուն լինի, թե կեսգիշեր, արշալույս թե արևածագ: Առակի իմաստը նույնն է. Դռնապանը պարտավոր է բոլոր ժամերին արթուն մնալ, որպեսզի տանուտերի դուռը բախած ժամանակ անմիջապես բաց անի: Եթե արթուն գտնվի, պիտի վարձատրվի ընտրյալների հետ, իսկ եթե արթուն չգտնվի, պիտի պատժվի անհավատարիմ կեղծավորների հետ:
    Հիսուսի վերջին խոսքերը նպաստում են արթնության պատվիրանը կատարելապես ընդարձակ իմաստով հասկանալուն. «Զոր ձեզդ ասեմ, ամենեցուն ասեմ, արթուն կացէք»: Այսպես են արդարանում Որդվո Մարդո գալստյան տարբեր առումները: Սրանցում իր բնորոշ տեղը կարող է գրավել նաև Հիսուսի մոտալուտ ու փառավոր վերադարձի մասին նախապաշարյալ կարծիքը, սակայն այն պարզապես չենք կարող վերագրել Հիսուսին՝ իրական և ուղիղ իմաստ չլինելու պատճառով: