Հովհաննես Ծործորեցի
«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց:
Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, ում նրա տերը կարգեց իր ծառաների վրա` ժամանակին կերակուր տալու նրանց:
Նախ նեղությունների մասին հայտնեց, ապա Իր արագ գալստյամբ մխիթարեց: Բայց որպեսզի չկարծեին, թե Նրա գալուստն ամենքի փրկությունն է, այդուհետև հավատքի ու գործերի մասին է ուսուցանում: Կամ` որ ասաց, որ հանդում, կամ երկանքի մոտ, կամ մահճում գտնվող երկուսից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի, այժմ ասում է, թե ովքեր են, որ վերցվելու են, և ովքեր` թողնվելու: «Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան» [այստեղ] «իսկ»-ը ստուգություն է ցույց տալիս, իսկ «ով»-ը ոչ թե հարցի, այլ հիացման օրինակ է` ըստ այսմ. «Ո՞վ է դիմել գալիս Եդոմից» (Ես. 63:1), և` «Ո՞վ է սա, որ ելնում է անապատից» (հմմտ. Երգ 3:6): Կարծեք ասվում է` ով ճշմարիտ, հավատարիմ ու իմաստուն ծառա է, զարմանալի է շատերի համար: Եվ ցույց է տրվում, որ սա նախ վերաբերում է [հոգևոր] ուսուցիչներին ու նրանց, ովքեր օժտված են խոսքի կարողությամբ, հոգևոր ու մարմնավոր իշխաններին, ինչպես նաև հարուստներին, և ապա` յուրաքանչյուրի, ով օժտված է որևէ շնորհով: Ուրեմն` սրանցից ո՞վ է հավատարիմ ու իմաստուն ծառա, քանի որ բոլորն էլ [Աստծո] ծառաներն են ըստ արարչության, ինչպես ասում է Դավիթը 1365, ինչպես նաև ըստ [աստվածային] տնտեսության` ըստ առաքյալի. «Դուք ձեր անձի տերը չեք, որովհետև գնով գնվեցիք» (Ա Կոր. 6:19-20): Բայց այստեղ ծառան իր տիրոջ կամքը կատարում է` լինելով հավատարիմ ու իմաստուն. հավատարիմ` որովհետև չի թաքցնում, գողանում կամ ծախում տիրոջը պատկանածը, իսկ իմաստուն` որ գիտի ուրիշների օգտի համար մատակարարել և ո՛չ թե ի վնաս ծառայակիցների: Որովհետև լինում են նաև շատ անմիտ [ծառաներ], ինչպես նա, ով մի քանքարը վերցրեց և իմաստությամբ չաճեցրեց ուրիշների համար 1366, կամ նրանք, ովքեր ուրիշների համար տնօրինում են, իսկ իրենց անձն անտեսում: Այդ պատճառով էլ [Տերն] ասաց` «հավատարիմ ու իմաստուն ծառա»:
Կամ էլ «հավատարիմ»-ը հասկացիր հավատին վերաբերող, իսկ «իմաստուն»-ը` գործերին, որովհետև ով հավատում ու գործում է, կատարյալ է, այլապես երկուսն էլ [առանց միմյանց] մեռած ու դատարկ են` ըստ առաքյալի 13637: Կամ էլ` այն հավատը, որ պարզամտությունն է` ըստ այսմ. «Պարզամիտը հավատում է ամեն ինչի» (հմմտ. Առակ. 14:15), և առանց խորամանկության ու նենգության իմաստությունը, միմյանց ընդխառնված, գեղեցիկ առաքինություն են [կազմում], ինչպես [Տերն] այլուր էլ ասաց. «Եղեք օձի պես խորագետ և աղավնու պես միամիտ» (Մատթ. 10:16): Այսպիսին էին Պետրոսը, Պողոսն ու նրանց նմանները, որովհետև աղավնի լինելու պատճառով համբերում էին վշտերին ու չէին հրաժարվում ուսուցանելուց, իսկ իմաստության պատճառով էլ ըստ ժամանակի, տեղի ու դեմքի էին ջամբում հոգևոր կերակուրը:
«Ում նրա տերը կարգեց իր ծառաների վրա», ասում է [Հիսուսը]: Ղուկասը [«ծառաներ»-ի փոխարեն] «գերդաստան» է ասում 1368, ինչը նշանակում է ունեցվածք 1369, և այդ տարբեր բառերը ցույց են տալիս, որ [մարդիկ] ոչ ծառաների տերերն են, ոչ էլ ունեցվածքի, այլ նրանց տնտեսներն ու վերակացուները, որոնց առաջ պահանջ է դրվելու` ըստ Պողոսի. «Պահանջվելու է տնտեսներից, որ հավատարիմ լինեն» (Ա Կոր. 4:2):
Ստեփանոս Սյունեցի
«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց:
«Արդյոք ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»։
Երբ հավատքն ու իմաստությունը ընկալվում են որպես առաքինություն, միմյանց հետ են ընթանում, այսինքն՝ հավատարմությունն ու իմաստությունը, և ով իմաստուն է, նաև հավատարիմ է: Իսկ նա, ով ունի իմաստությունը որպես խորամանկություն, այնպիսին կարող է հավատարիմ չլինի, սրանք իմաստուններ են օձի և անիրավ տնտեսի նման:
Արդ, ով հավատարիմ է և իմաստուն, ինչպես Պողոսը, Պետրոսը և նրանց նմանվողները, և ովքեր իրենց վարդապետության կերակուրը տալիս են արժանավորներին իր ժամանակին, այդպիսի ծառաներին, որոնց Քրիստոս կարգեց Իր տան վրա աշխարհի, Իր գալստյան ժամանակ երանելիներ կդարձնի:
Մաղաքիա արք. Օրմանյան
«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:42
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: