Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:1

Հովհաննես Ծործորեցի

1-2. Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:

 

Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ասաց Իր աշակերտներին . «Գիտեք, որ երկու օրից Զատիկն է լինելու, և Մարդու Որդին կմատնվի` խաչը ելնելու»:

Երբ ամեն ինչ կատարելապես հայտնեց` սկսելով Երուսաղեմի ավերումից մինչև աշխարհի վախճանը` խոսելով նեռի ժամանակ լինելիք նեղությունների ու վշտերի մասին, այլև հավատի, գործերի, շնորհների, ինչպես նաև Իր փառավոր գալստյան, դատաստանի [ժամանակ կատարվելիք] զատորոշման և արդարների ու մեղավորների վերաբերյալ հավիտենական վճռի մասին, այնուհետև դիմեց աշակերտներին` ասելով. «Գիտեք, որ երկու օրից Զատիկն է լինելու, և Մարդու Որդին կմատնվի»:Սա ասելով` կամեցավ մոտ ժամանակում [կատարվելիքի Իր] կանխագիտությամբ նաև հեռավորը հավաստել: Այլև ցույց է տալիս, որ գիտի չարչարանքի ու խաչելության ստույգ ժամանակը, որոնք Զատկին էին լինելու. սրանով հայտնում է, որ Իր մահը կամավոր է, նաև նախօրոք ասում է սա մատնիչին զգուշացնելու համար: Այլև` չասաց. «Գիտեք, որ երկու օրից խաչվելու եմ», այլ` «Զատիկն է լինելու, և Մարդու Որդին կխաչվի», որպեսզի ցույց տա, որ «մի նոր խորհուրդ, տոն և ամենքին ի մի հավաքող բարեկենդանություն է լինելու Իմ մահը հավատացյալների համար, մանավանդ` արդարների, ովքեր ընթացան դեպի հավիտենական կյանքը: Եվ սկիզբն ու արմատն եմ դնելու չարչարանքներիս, որոնք Զատիկով խորհրդանշվող փրկությունն են [գործում]»: Որովհետև, ըստ Հովհաննես Ավետարանչի տեսիլքի 1429, հենց դա է հազարամյա արքայությունը 1430, որում արդարներն ուրախանում են կյանքում այդ խորհրդի գիտությամբ և Մարդացյալի չարչարանքներին հաղորդությամբ: Սա նրանց հիշեցնում է հին Զատիկով փրկության երախտիքը, որ գործվեց Եգիպտոսում: Եվ [Փրկողին] փա՜ռք հավիտյանս հավիտենից: Ամեն:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-2. Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:
   
    Ձիթենյաց քարոզը որքան էլ ընդարձակորեն է ներկայացված Մատթեոսի կողմից, սակայն այդուհանդերձ համառոտությունն ու ամփոփումն է այն հայտնությունների և բացատրությունների, որոնք Հիսուս հաղորդեց իրեններին՝ երկու նշանավոր կատարածների վերաբերյալ՝ Երուսաղեմի կատարածի և աշխարհի կատարածի։ Այդ խոսքերը գրավեցին ամբողջ չորեքշաբթիի գործունեությունը, որովհետև մենք, ինչպես մեկ այլ տեղում էլ բացատրեցինք (Մատթ. 26:6-7), չենք ընդունում, որ այս չորեքշաբթի օրը Հիսուսի Բեթանիա գնացած լինելու առիթով այնտեղ իր պատվին ընթրիք տրված լինի։ Այդպիսի մի պարագա երբեք չի կարող համատեղվել կատարածների տխուր նախատեսությունների հետ։ Ընթրիքի օրը շատ ճշտությամբ հիշում է Հովհաննեսը՝ պատմելով նախորդ երեկոյի եղածը, Մատթեոսն ու Մարկոսը, որ Ձիթենյաց քարոզից հետո հիշատակություն են անում, երբեք ընթրիքի մասին չեն խոսում, ինչը որ շատ կարևոր է, այլ լոկ նարդոս յուղի հեղվելու, նրա արժեքի և Հուդայի դիտողության խոսքն են մեջբերում՝ այն առնչությունը ցույց տալու համար, որ կար ագահ աշակերտի մատնության գրգռվելու և յուղի գնից ակնկալած շահի կորստի միջև։
    Երբ Հիսուս ավարտեց կատարածների մասին քարոզը, խոսք բացեց նաև իր վախճանի մասին և իր կյանքի վերջին օրերի հասած լինելը գուժեց՝ ասելով․ «Գիտե՞ք, որ քանիցս ձեզ ազդարարած վախճանս շատ մոտեցել է և կյանքիս միայն երկու օր է մնացել։ Երկու օրից զատիկ է, և ճիշտ երկու օրից էլ Մարդու Որդին իր գործունեությունը պիտի ավարտի։ Նա պիտի մեռնի ոչ թե բնական մահով, այլ իր թշնամիների ձեռքը պիտի մատնվի, որ երկար ժամանակ է, ինչ այն վերացնելուն են հետամտում։ Վերջապես նրանք պիտի հաջողության հասնեն, և Մարդու Որդին՝ մահվան դատապարտված, խաչի վրա պիտի կնքի իր կյանքը»։
    Թեպետ ավետարանիչը չի ավելացնում, թե այդ խոսքերը առաքյալների վրա ինչ տպավորություն թողեցին, սակայն դյուրին է մտածել, թե շատ ուժգին և ցավալի պիտի եղած լիներ այն։ Հիսուս վաղուց էր իր մահվան կանխագուշակությունները կրկնում իրեններին, բայց միշտ անորոշ ժամանակով, որից էլ նվազում էր խոսքի տպավորությունը։ Մինչդեռ այս անգամ ճիշտ ժամանակի հայտնելը, այն էլ խիստ մոտ ժամանակով՝ միայն երկու օր հետո, պետք էր, որ սաստիկ հուզիչ ազդեցություն գործեր և գործած լինելն էլ պետք է ընդունենք, թեպետև ավետարանիչը հիշելու անհրաժեշտություն չի տեսել։
    Հիսուս այդ խոսքերը ասում էր չորեքշաբթի օրը․ երկու օր հետո ուրբաթ էր, և Հիսուս այդ օրը պիտի խաչվեր ու մեռներ։ Առաքյալները Զատկին սպասում էին որպես ուրախության մի տոնի, բայց տաճարի կործանման և Հիսուսի մահվան կանխագուշակությունը ամբողջությամբ շփոթության մատնեցին նրանց։