Հովհաննես Ծործորեցի
Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
Պատասխանեց Հուդան, ով մատնելու էր Նրան` ասելով. «Մի՞թե ես եմ, Ուսուցի՛չ»: Ասաց նրան. «Դո՛ւ ասացիր»:
Ինչո՞ւ սկզբում չհարցրեց, ինչպես մյուսները: Կարծում էր, թե կարող է թաքնվել այն պատճառով, որ [Տերն] ասաց. «Մեկը ձեզնից մատնելու է Ինձ», և երբ պատառի միջոցով հայտնեց նրան, դրանից հետո էր, որ [Հուդան] հարցը տվեց` ապավինելով Ուսուցչի հեզությանը, որպեսզի չհանդիմանվեր: «Մի՞թե ես եմ, Տե՛ր»:Տե՛ս նրա անհանճարությունը. ինչո՛ւ է հարցնում նա, ով գիտեր իր խղճի արատավորությունը: Նրա հանդգնության վրա զարմանալով է, որ ավետարանիչն ասաց սա, նաև անհավատության վրա, որովհետև [Հուդան] չէր հավատում, որ [Հիսուսը], որ բազում անգամ հրեաների ծածուկ [խորհուրդներն] էր հայտնում, սրտագետ է: Իսկ Հեզը սրան ի՞նչ [պատասխանեց]. «Դո՛ւ ասացիր»:Թեպետ վայել էր, որ ասեր. «Ո՛վ պիղծ ու ամենապիղծ, որ այսքան ժամանակ չարիք ու սատանայական խորհուրդներ էիր երկնում, նաև արծաթ ստացար, և երբ Ես ասացի [քո մասին], տակավին հանդգնում ես հարցնե՞լ»: Բայց այսպիսի ոչ մի բան չասաց, այլ թե` «Դո՛ւ ասացիր», որպեսզի մեզ համար ևս անոխակալության կանոն սահմանի:
Ուրիշ կերպ ևս [կարելի է բացատրել]: Եթե [Տերն] ասեր. «Այո՛, դո՛ւ ես», [Հուդան] հիմք կունենար հանդգնություն գործելու` ասելով. «Ես չէի կամենում մատնել, բայց քանի որ ինձ ես մեղադրում, սրանից հետո կմատնեմ Քեզ», ուստիև [Տերն] ասաց. «Ե՛ս չեմ ասում, թեպետ քաջ գիտեմ քո խորհուրդները, այլ դո՛ւ ասացիր», այսինքն` քո բերանը մատնեց քո միտքը, և քո լեզուն արտաժայթքեց սրտիդ ավելցուկը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:21
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: