Հովհաննես Ծործորեցի
Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»:
Երկրորդ անգամ ևս Հիսուսը գնաց աղոթեց` ասելով. «Հա՛յր Իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող հեռանա Ինձնից, ապա թե ոչ` կխմեմ այն, թող Քո կամքը լինի»:
Ցույց է տալիս, որ խիստ համաձայն է Աստծո կամքին, որովհետև ըստ ամենայնի պետք է հետևել դրան և դա՛ փնտրել: Բայց պետք է գիտենալ, որ [Տերը] ոչ միայն աղոթում էր, այլև [դա անում] մեծ եռանդով, այնքան, որ «քրտինքը հոսում էր Նրանից արյան կայլակների նման` կաթիլ առ կաթիլ թափվելով գետնին» (Ղուկ. 22։44): Վկայում է նաև Պողոսը. «Իր մարմնի օրերին պաղատանք էր մատուցում Հորը և լավը լինելով` լսելի եղավ» (հմմտ. Եբր. 5։7), Ղուկասն էլ ասում է, որ հրեշտակները զորացնում էին [Նրան] 1520: Նախ` քրտինքը թափվում էր, որպեսզի կատարվող բաները կասկածելի չթվային, նաև ընդդեմ հերձվածողների, որպեսզի չպատճառաբանեն, թե [Տերը] ձևականորեն էր վախ ապրում: Այլև` այլաբանական նկարագրությամբ է ասվում, թե արյան շիթեր էին կաթիլ առ կաթիլ ելնում մարմնից: Ինչպե՞ս և ինչո՞ւ: Որովհետև մեր մարմնին հատուկ է շատ ջանք թափելուց քրտինք արտադրել, քանի որ խիստ ջանքերից ջերմացած սիրտը ներսից գոլորշիներ է արտազատում մարմնի մակերևույթին, մանավանդ եթե [մարմինն] անսովոր է չարչարանքին ու ջանք թափելուն: Ուրեմն` քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ոչ միայն աստվածությամբ էր անընդունակ չարչարվելու, այլև մարդկությամբ, որովհետև սուրբ Կույս Մարիամը Նրան փափկությամբ ու գրգանքով էր մեծացրել, և հասունանալով` Նա ուրիշ ոչ մի բանով չէր զբաղվել, բացի քարոզելուց և ուսուցանելուց, ուստիև ավելի շատ քրտինք էր թափվում Նրանից:
Իսկ ասվում է, որ [քրտինքի կաթիլներն] արյան կայլակների պես էին թափվում, որովհետև Քրիստոսի արյունը մերի պես թանձր ու ախտավոր չէր, այլ անոսր ու անապական` ոսկու պես, ուստիև քրտինքի հետ, որ ջերմության պատճառով թուլացած մաշկից հոսում էր, նաև անոսր արյունը, դուրս գալով և խառնվելով, քրտինքը կարմրացրել էր: Կամ էլ, [ինչպես ասացինք], քրտինքն էր իջնում արյան նման կաթելով:
[Տերը] քրտնեց, որպեսզի առողջացներ հիվանդոտ Ադամին, ինչպես նաև սրբեր նրա երեսի քրտինքը, որով էր հրամայվել հաց ուտել 1521, և Իր մարդեղությունը հավաստի ցույց տար: Իսկ հրեշտակների 1522 զորացնելը Նրա՛ն չէր հարկավոր, Ով «ստեղծեց Իր հրեշտակներին իբրև հոգիներ» (Սաղմ. 103։4), և Ում առաջ «է ամեն ծունկ խոնարհվում` երկնավորների թե երկրավորների» (հմմտ. Փիլպ. 2։10), այլ [հարկավոր էր] կամ իրականացնելու համար մարգարեությունը թե` «Կզորացնեն նրան Աստծո բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32։43), ոչ թե Խոսքին, Ով անկարոտ էր և զորացնում էր մարմինը, այլ Նրա մարմինը, որպեսզի մենք էլ իմանանք, որ փորձության ժամանակ մեզ ևս զորացնում են: Կամ էլ` ըստ իրենց սովորության` [հրեշտակները] փառաբանություն էին մատուցում Տիրոջը, որովհետև նրանց հատուկ է սրբաբանելով ասել. «Քոնն են փառքն ու իշխանությունը, և Քոնն են զորությունը, լուսավորությունն ու պատիվը: Թեպետ մարդկանց փրկության համար տկար մարմին հագար, սակայն զորավոր ես ամեն ինչում և աննվազ փառավոր»: Սա՛ է զորացնելը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:40

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: