Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:24

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»:
   

    Պիղատոսը, տեսնելով, որ ոչինչ չի օգնում, այլ խռովությունն ավե լանում է, ջուր վերցրեց, ժողովր դի առաջ ձեռքերը լվաց և ասաց. «Մաքուր եմ ես այդ Արդարի արյունից. դո՛ւք գիտեք»:

    Ինչո՞ւ նրանցից չխլեց [Հիսուսին], ինչպես Պողոսին` հազարապետը 1567, ով նույնպես կարող էր ընդառաջել հրեաներին, ովքեր [Պողոսի] դեմ աղմուկ ու աղաղակ էին բարձրացրել. [հազարապետն] ամենքին դեմ կանգնեց, իսկ սա այդպես չ[վարվեց]: [Ոմանք] ասում են` Պիղատոսը ձեռնհաս չէր [դա անելու], որովհետև ասացին, թե [Հիսուսն] Իրեն թագավոր է համարում, ուստի [Պիղատոսը] կամենում էր հնարքներ բանեցնելով ազատել [Նրան]: Արդ` եթե այդպես էր, հարկ էր պահանջել քննություն և մեղադրանքի ապացույցներ, օրինակ` թե զորք գումարեց, ունեցվածք հավաքեց, զինվեց կամ այլ այսպիսի բան, և այդ իրավունքով ու վկաներով սպանել Նրան, թե չէ ինչո՞ւ ձեռնհաս չէր: Այլ երևում է` վախկոտ, թուլամորթ ու կաշառակեր մեկն էր, այդ պատճառով էլ նրան ևս Քրիստոսը չազատեց պատիժներից, երբ ասաց. «Ով Ինձ մատնեց քեզ, նրա մեղքն ավելի մեծ է, [քան քոնը]» (հմմտ. Հովհ. 19։11):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

24-25. Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»: Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»:
   
    Որքան խորանում ենք կատարված դատավարության դատավարության մանրամասների մեջ, այնքան ավելի հայտնի է դառնում Պիղատոսի փոքրոգի ընթացքը: Ինքը ներքնապես և հաստատապես համոզված էր Հիսուսի անմեղության վրա, որն ամբաստանվում էր ժողովրդին ապստամբության մղելու, Կայսրության դեմ ելնելու և հրեական անկախ թագավորություն հաստատելու ծանր մեղադրանքով: Լինելով Հրեաստանի կառավարիչ՝ նա այսքան տարիների ընթացքում չէր նկատել Հիսուսի այդպիսի գործունեության նշան: Եթե Հիսուս իրոք այսպիսի բան աներ, ապա հրեաները, իրենց մոլի ազգասիրությամբ, անողին չէին ամբաստանի, չէին վկայի ու հաստատի և չէին թողնի, որ ամբաստանվողի հարցաքննությունից այսպիսի հետևություն արվեր: Ուրեմն, բացահայտ էր, որ եղածն անձնական հակառակության հետևանք էր, և Պիղատոսն ինքն էլ «գիտէր, թէ առ նախանձու մատնեցին զնա»: Հետևապես իրեն ոչինչ չէր մնում անելու, բացի վերջնական ու կտրուկ վչռով ամբաստանողների կամ, լավագույնս, զրպարտողների առաջարկը մերժելուց և Հիսուսին ձեռքերից վերցնելով՝ և ապահով վիճակով ազատ արձակելուց: Հակառակ այս հայտնի ու ճշմարիտ ճանապարհին, նա տարբեր հնարքների է դիմում, որ հաճելի լինի հրեաներին ու համոզի նրանց՝ ազատելու Հիսուսին, կարծելով, թե անձնական ու արմատացած ատելությունը մանր ու թեթև կերպով կկարողանա մարել: Այդ հնարքները հետզհետե բացատրեցինք. այդ թվում է նաև ձեռքերը լվանալու ձևակերպումը:
    Սովորական խոսքի ձև է, որ երբ կամենում ենք մեկին հայտնել գործին չմասնակցելու մասին, ասում ենք. «ձեռք լուաց, ու մէջէն ելաւ»: Այդ ոճի գործնական ձևը առկա է հրեական սովորություններում: Երբ մի վիրավոր գտնվեր և չգտնվեր վիրավորողը, վիրավորի եղած տեղի ղեկավարները, իրենց քաղաքի կամ գյուղի մասնակցությունը չունենալը հայտնելու համար, մի երինջ էին մեջտեղ բերում և նրա գլխի վրա լվանում ձեռքերը՝ վկայելով, թե՝ «ձեռք մեր ոչ հեղին զարիւնս զայս, եւ աչք մէր ոչ տեսին» Բ Օր. 21:6-7: Պիղատոսն այս հրեական ավանդության նմանությամբ է ցանկանում վարվել, հանդիսավորությամբ, բազմության առջև, որպեսզի նրանց վրա տպավորություն թողնի, թե անմեղ արյան վրեժն իրենց վրա է ծանրանում և կարող է իրենց վրա անեծք ու փորձանք հրավիրել: Այսպես է վարվում, որովհետև տեսնում է, որ այլևս խոսք ու հնար օգուտ չունեն, մանավանդ, որ շփոթությունն ու խառնակությունը շատանում է և «առաւել խռովութիւն լինի»:
    Քարահատակի վրա, ուր և էր դեռևս, բազմության առջև տաշտ ու կուժ պահանջեց և ջրով լվաց ձեռքերը՝ բարձրաձայն հայտարարելով. «Քաւէալ եմ ես յարենէ արդարոյդ այդորիկ, դուք գիտասձիք»: Ես չեմ ուզում անմեղի արյունը թափելով, նրա կյանքը վերցնել և պարտավորության տակ մնալ, որովհետև ես նրան մահապարտության արժանի չեմ գտնում: Բայց քանի որ դուք պնդում եք, պետք է նաև ողջ պատասխանատվությունը ստանձնեք, և դուք միայն պարտավոր մնաք այն բոլոր փորձանքների ու անեծքների համար, որ անմեղ արյուն թափողների գլխին է իջնում»:
    Պիղատոսի կարծիքով, հրեաները պիտի սոսկային այդ ահեղ պատասխանատվությունից ու տեղի պիտի տային: Ընդհակառակը, հրեաները դրանում տեսան Պիղատոսի զիջողությունը, և, իր կարծիքից հետ կանգնելով, իրենց պահանջին համակերպվելու պատրաստակամությունը, ուստի գոհունակությամբ ու խնդությամբ սկսեցին բացականչել. «Արիւն դորա ի վերայ մէր եւ ի վերայ որդւոց մերոց»: Դու հանգիստ եղիր, թող պատասխանատվությունը քեզ վրա չմնա, քանի որ կասկածում ես այդ մարդուն մահապարտության արժանի լինելու վրա: Մենք գիտենք և համոզված ենք այդ մասին, և պատրաստ ենք ամեն պատասխանատվություն մեզ վրա վերցնել: Ինչ անեծք ու փորձանք, որ այդ մարդու մահվան պատճառով պիտի տեղի ունենա, թող մեզ վրա գա և մեզանից հետո էլ, որդվոց որդի՝ մեր ողջ ազգի վրա: Մի՛ վարանիր այլևս մահվան վճիռն արձակել»:
    Մեկնիչներն ու Սուրբ Հայրերը հրեաների այդ հայտարարության առթիվ նկատել են տալիս, թե այդ բոլոր փորձանքները, որոնք Հիսուս նախօրոք գուշակեց Երուսաղեմի և տաճարի կործանման մասին խոսելիս(Մատթ. 24:4-5), հրեաներն այս ձևով կամովին իրենց վրա հրավիրեցին, և նրանց դարեդար կրած տառապանքներն ու նեղությունները հոժարակամ ստանձնած պայմանների իրականացումն է: