Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:41

Հովհաննես Ծործորեցի (†1338)

41-42. Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կը հաւատանք:

 

    Քահանայապետերը նույնպես ծաղրում էին օրենսգետների ու ծերերի հետ և ասում .«Ուրիշներին փրկեց, Իրեն չի կարողանում փրկել:

    Տե՛ս նրանց չարությունը, որ սրանով ջանում էին նաև նախկին հրաշքները մերժել` ասելով. «Եթե Աստծո ճշմարիտ Որդի է և շատերին փրկեց հիվանդությունից ու մահվանից, Իրեն ինչո՞ւ չի փրկում. ուրեմն դրանք թվացյալ [հրաշքներ] էին և ո՛չ ճշմարիտ»: [Իրականում] այդ ծաղրով բարձրացրին Նրան, որովհետև թեպետ խաչից չիջնելու պատճառով կարծվեց, թե տկար է Նա, սակայն վկայեցին Նրա մասին, որ ուրիշներին փրկել է և ուրեմն ողջ է: Որովհետև Եղիսեն ևս մեռած ժամանակ կենդանացրեց ու հարություն տվեց մեռյալին 1593` գծագրելու համար Նրա խորհուրդը, Ով Իր մահվամբ բացեց գերեզմանները և հանեց մեռելներին, որպեսզի դսրովեին Նրան մեռցնողներին:
    Եթե Իսրայելի թագավորն է, թող այժմ իջնի այդ խաչից, և կհավատանք Նրան:

    Սրա վերաբերյալ նույնպես ստում էին, թե թագավոր չէ: Որովհետև Պիղատոսին ասացին, որ սպանի Նրան, և [Պիղատոսը] հենց դա գրեց որպես [Նրա մահապարտության] պատճառ. «Սա է հրեաների թագավորը», իսկ նրանք ասացին. «Ո՛չ, այլ [գրիր], թե Նա՛ ասաց` հրեաների թագավորն եմ»: Սակայն չկատարեց [նրանց պահանջը], այլ վիճում էր և ասում. «Ինչ որ գրեցի` գրեցի», ուստի դրանից հետո ջանում էին համոզել, թե Նա թագավոր չէ, այդ պատճառով էլ ասում են. «Եթե Իսրայելի թագավորն է, ինչպես ասաց և գրեցիր, թող այժմ իջնի խաչից, և կհավատանք Նրան»: Սա թերահավատությա՛ն բարուրանք ու պատճառաբանություն է. որովհետև խաչից իջնելուց ավելի մեծ էր այն, որ դևեր հանեց, բորոտներին մաքրեց, հինգ նկանակով կերակրեց հինգ հազարին, նրանց մեռելներին հարություն տվեց և չորեքօրյա մեռել Ղազարոսին կենդանացրեց, բայց չհավատացին: Այդպես էլ այժմ չէին կամենում հավատալ. [չէին հավատա], թեկուզ խաչից իջներ էլ. որովհետև եթե Աստված, Ով քննում է սրտերը, իմանար, որ նրանց խոսքերն ազնիվ էին, դա էլ կաներ, քանի որ եկել էր ոչ թե դատելու աշխարհը, այլ փրկելու 1594:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում.

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:39