Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:50

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց:

 

   Հիսուսը դարձյալ աղաղակեց բարձր ձայնով և արձակեց հոգին:

    Մեռավ, որպեսզի կյանք շնորհեր և մահվամբ խափաներ մահվան իշխանությունը: Նաև քանի որ ծաղրեցին Նրա` [խաչի վրա արտաբերած] առաջին խոսքը, որ չիջեցրեց Եղիային` փրկելու Նրան, աղաղակեց երկրորդ խոսքով, որպեսզի ցույց տար, որ նրանք մեռելներից էլ մեռած էին, որովհետև [մեռելները] լսեցին ու պատասխան տվեցին, իսկ սրանք հիմարացած պապանձվեցին: Այս աղաղակը նաև հայտնում է, որ Նրա իշխանությանն էր ենթակա կատարվող [ամեն ինչ] և ոչ թե հարկադիր էր` ըստ այնմ, որ ասաց. «Իշխանություն ունեմ տալու Իմ կյանքը և իշխանություն ունեմ դարձյալ առնելու» (Հովհ. 10։18), նաև` «Ես Ինքս եմ Իմ կյանքը տալիս» (Հովհ. 10։18): Պիղատոսն էլ զարմացավ, որ [Հիսուսն] այդքան վաղ մեռավ, և հարյուրապետը հավատաց, որ Նա իշխանությամբ մեռավ: Ըստ Հովհաննեսի` «Իջեցնելով գլուխը` ավանդեց հոգին: Իսկ հրեաները շաբաթի պատճառով կամեցան կոտրել նրանց ազդրերը, որպեսզի մարմինները չմնային խաչի վրա, և երբ երկուսինը կոտրեցին և տեսան Նրան, որ հենց նոր էր մեռել, չկոտրեցին Նրա ազդրերը, որպեսզի կատարվեր գրվածը, թե Նրա ոսկրը չէր կոտրվելու 1614: Բայց զինվորներից մեկը տեգով խոցեց Նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր հոսեցին» (հմմտ. Հովհ. 19։30-36)` որպես նշան նրանց անօրինության, որ մոլորության մեջ այնքան հեռու գնացին, որ անգամ մեռած մարմինն անարգեցին: Այլև կողի խոցմամբ ու չարչարանքով [Տերը], կողի 1615 վերքն ու [մարդկության] նախկին ցավերը բժշկելով, առողջություն պարգևեց, նաև այն մարգարեությունն իրականացրեց, ըստ որի` Երկրորդ գալստյանը հանդիմանվելու են [խոցողները]`նայելով Նրա խոցված [տեղերին] 1616:

    Բայց դու ուշադրություն դարձրու, թե ինչպես է [Տերը] նրանց չարությունն ու անօրինություններն օգտագործում մեր փրկության համար, որովհետև Նրա խոցվելուց հետո այնտեղից փրկության աղբյուրներ բխեցին մեզ համար, և դրանով Նա պատվեց բարեկամներին և անարգեց Իրեն անարգածներին: Որովհետև ինչպես որ Ադամի կողից շինվեց կինը` հոգով ու մարմնով, այդպես էլ Երկրորդ Ադամի կողից շինվեց Եկեղեցին, որ ջրով մաքրվում է և [Հիսուսի] արյունը խմում 1617` ըստ այսմ. «Տիրոջ տանից աղբյուր կբխի և կոռոգի վիճակների ձորը» (Հովել 3։19), և` «Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծո քաղաքը» (Սաղմ. 45։5), որը սուրբ Եկեղեցին է:

    [Ջրի և արյան բխումը Տիրոջ կողից] նաև Նրա մեռելության և կենդանության նշանն է. որովհետև ջուրը խորհրդանշեց մահը, իսկ արյունը` կենդանությունը` ըստ այսմ. «Ես ննջում եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ 5։2) 1618: Նաև կողից ջուր բխեց և հանգցրեց Եվայից վառված ցանկության մեղքի կրակը, իսկ արյունը [բխեց] որպես կենդանության խորհուրդ, որ [Տերն] Իր ողորմությամբ դարձավ բոլոր հավատացյալների կենդանության արդարությունը: Այլև` կողի պատռումով խրամատվեց դրախտի ցանկապատը, որով սերովբեները փակեցին [դրախտի մուտքը], և ընդունեցինք Փրկչի արյամբ ներկված երկնային թագավորությունն ու ոռոգվեցինք ջրով, այսինքն` Հոգով, որը սկզբում կորցրինք, երբ մարմին դարձանքն 1619: Որովհետև որքան ավելի էին չարչարում [Հիսուսին], Նրանում ծածկված գանձերն այնքան ավելի էին հայտնի դառնում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց:
   
    Արդեն երեք ժամ էր անցել, ինչ Նազովրեցի Հիսուս Գողգոթայի գագաթին, խաչի վրա պրկված, ոտքերն ու ձեռքերը մեխերով գամված, մարմնի ծանրությամբ Իր վերքերից կախված, գանակոծության փշե պսակի վերքերից տկարացած, շարունակ կաթիլ-կաթիլ արյուն էր կորցնում, երակների կենսական հյութը հետզհետե պակասում է, նվազում, մոտենում է կյանքի լույսը մարելու պահը։ Վերջին ժամում արտաբերված մի քանի խոսքերը մեկ-մեկ փափուկ և վեհհոգի զգացման արտահայտություններ էին և Իր սրտի արիության անշեջ և ամբողջ լինելն էին ցույց տալիս։ Իր հալած-մաշած և հյուծված մարմնի վիճակը նման էր Սաղմոսերգուի գուշակությանը․ «Եւ որպէս զջուր հեղայ, եւ ցրուեցան ամենայն ոսկերք իմ, եւ եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ ի մէջ որովայնի իմոյ, եւ ի հող մահու իջուցին զիս» (Սաղմ․ 21:5-16), իսկ հոգու քաջությունը և հոգեկան վստահությունը ասել են տալիս․ «Ի քեն է գովութիւն իմ, յեկեղեցիս մեծս օրհնեցիս զքեզ, պատմեցից զՏեառնէ ազգի որ գալոցն է, պատմեսցեն զարդարութիւն նորա՝ ժողովրդեան որ ծնալեցոն է, զոր արար Տէր» Սաղմ․ 21:26 և 32։ Մարմնի մահ և հոգու կյանք, ըստ աշխարհի տկարություն և փրկություն ըստ Աստծու։ Այս է Գողգոթայի քստմնեցուցիչ տեսարանի ճշմարիտ իմաստը։
    Ավարտված է ամեն ինչ, հասել է մահվան վերջին վայրկյանը, բոլոր շուրջը գտնվողները տեսնում են, որ այլևս ոչ մի ուժ կամ կարողություն չի մնացել խաչված Նազովրեցու վրա և , ահա, հանկարծ ուժգին և բարձր ձայն է լսվում խաչի վրայից, հստակ և զորեղ ձայն, աղաղակ լինելու պես բարձր և ազդու․ «Հա՜յր, ի ձեռս քո աւանդեմ զհոգի իմ»։ Ձայնն արձակելու համար մարմինը ձգվել էր, գլուխը բարձրացել, աչքերն ուղղված դեպի երկինք, բայց հազիվ էր հառաչանքը ավարտվել, երբ վերջին ճիգն էլ սպառվում է, գլուխը խոնարհվում է, մարմինը թուլանում, բերանի վերջին շարժումն է երևում, վերջին շունչն է, հոգին ավանդում է․ «Եհան զհոգի-Արձակեաց զոգի-Աւանդեց զոգին»։