Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:52

Հովհաննես Ծործորեցի (†1338)

եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան
   
    Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերի շատ մարմիններ հարություն առան:

    [Սրանք եղան] ի նշան Նրա ճշմարիտ հարության և ի հավատ գալիք ընդհանուր նորոգության` ըստ այսմ. «Կբացեմ ձեր գերեզմանները և կհանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ժողովո՛ւրդ Իմ» (Եզեկ. 37։12): Բայց ո՛չ ամենքը [հարություն առան], այլ միայն սրբերի մարմինները, ովքեր նախքան Նրա գալուստը Նրա խորհուրդով մաքրվելով արդարացան, և նրանց բաղձանքի մասին է ասվում Ավետարանում թե` «Շատ արդարներ ցանկացան տեսնել» (Մատթ. 13։17) և տեսան Նրան դժոխքում, հավատացին, Նրա հետ մարմնով հանդերձ բարձրացան դեպի կյանք և շարունակում են անմահությամբ նորոգված մնալ: Թեպետ ոմանք ասում են, թե նրանք մեռել են դարձյալ, սակայն մեծապես սխալվում են, որովհետև նրանք, ում Քրիստոսը նախքան խաչելությունը հարություն տվեց, ինչպես հարյուրապետի 1624 դուստրը, այրու որդին և չորեքօրյա [մեռյալ] Ղազարոսը, դարձյալ մեռան, ինչը երևում է նրանից, որ նրանց մերձավորները խնդրեցին նրանց կենդանանալը մարմնավոր կյանքով, ինչպես որ [Տերը հարյուրապետի] աղջկան կերակրել թելադրեց, որը մարմնավոր կենդանության նշան է, մինչդեռ ում որ Իրենից հետո հարություն տվեց, հոգևոր կյանքի անմահության մեջ փոխադրեց, ուստի այդուհետև նրանք այլևս չեն կարող մեռնել: Այդ սրբերից մեկն էր նաև Դավիթ արքան, որ հարություն առավ Հիսուսի հետ, Ով նրա որդին էր ըստ մարմնի, ինչպես վկայում է Պետրոս առաքյալը թե` «Նրա գերեզմանը մինչև այսօր ձեզ մոտ է» (հմմտ. Գործք 2։29). չի ասում` մարմինը, [այլ գերեզմանը], որովհետև մարմինը հարություն առավ, ինչպես ասացի, զգեստավորվելով հոգու անապականությամբ 1625:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

52-53․ եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին:
   
    «Եվ ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան ու Նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին»:
    «Սուրբ քաղաք» վերին Երուսաղեմն է անվանում, ինչպես բացատրեց նախկին մեկնիչներից մեկը: Բայց ասածի վերաբերյալ ինձ թվում է, թե «շատերին երևացին» ասելով՝ այս երկրավոր Երուսաղեմի [մասին] է ասում:

    Բայց արդյոք ինչո՞ւ սուրբերը Նրա հարությունից հետո [միայն] մտան սուրբ քաղաքը և ոչ նույն ժամին: Որովհետև, նախ հարկ էր, որ մեռելներից Անդրանիկն երևա շատերին և ապա մյուսները, ովքեր կերպարանակից եղան Նրա մահվանն ու հարությանը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:51