Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:54

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»:
   

    Իսկ հարյուրապետն ու նրա հետ եղածները, որ պահպանում էին Հիսու սին, երբ տեսան շարժումն ու կատարված բաները, հույժ վախեցան ու ասացին. «Արդարև՛ Աստծո Որ դի էր Սա»:

    Նախ` երբ հարյուրապետը տեսավ, որ [Հիսուսն] իշխանաբար մեռավ, ըստ Մարկոսի` երբ հարյուրապետը տեսավ, որ [Հիսուսն] աղաղակեց ու հոգին ավանդեց, հավատաց ու փառավորեց Աստծուն 1630: Երկրորդ` [պատահած] հրաշքների պատճառով [հավատաց], ինչպես ասաց [Մատթեոս] ավետարանիչը: Եվ երրորդ` ժողովուրդը, կուրծքը ծեծելով, կոծում էր, ինչպես ասում է Ղուկասը 1631, և ասում. «Վա՛յ մեզ, հասել է Երուսաղեմի ավերը», ուստի սա տեսնելով` [հարյուրապետը] հավատաց: Որովհետև խաչի զորությունն այնպիսին էր, որ այդքան ծաղրուծանակից, անարգանքից ու չարախոսությունից հետո էլ հարյուրապետին ու ռամկին զղջալ տվեց: Եվ [հարյուրապետը], հեթանոսներից լինելով, օրինակը դարձավ հավատացյալ բոլոր ազգերի, [որոնց անունները] գրվեցին երանության համար: Որովհետև նա հրաշքները տեսնելո՛վ հավատաց, իսկ սրանք լսելո՛վ հավատացին` Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի խոստովանելով:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»:
   
    Հրաշալի երևույթները հանկարծակի և սաստիկ սպավորություններ թողեցին ներկաների վրա, որովհետև հանկարծակի ու սաստիկ տպավորությունները միշտ արտասովոր և հրաշալի երևույթների հետևանքն են: Խաչի տակ, այդ սաստիկ և հանկարծակի տպավորությունների տեղի ունենալը՝ հրաշալի երևությների իրական լինելու փաստն է: Առաջին ազդեցությունը թողեց հարյուրապետի վրա, որ հսկում էր երեք մահապարտների պատիժների գործադրությանը և որ մտադրված ու բարեսեր զգացումով հետևել էր տեղի ունեցած ամեն մանրամասնություններին: Մարկոսն ասում է, թե հարյուրապետի վրա մեծ ազդեցություն է թողնում Հիսուսի վերջին անգամ արձակած ուժգին ձայնը, որովհետև բնականորեն անհնար էր համարում, որ ամբողջությամբ նվաղած, տկարացած, արյունը սպառած ու կենսական ուժերը կորցրած մարմնից այսպիսի ուժգին ձայն ելներ: «Տեսեալ հարիւրապետին, որ կայր, թէ աղաղակեաց եւ եհաան զոգի ասէ»: Իսկ ըստ Մատթեոսի՝ հարյուրապետի: Իսկ ըստ Մատթեոսի՝ հարյուրապետի վրա ազդեցություն գործող երևույթներից էր՝ երկրաշարժը և դրան զուգակցող երևույթները, որոնք բնական բաներ չէին և ցույց էին տալիս Հիսուսի բնականից վեր անձ լինելը: «Եւ տեսեալ հարիւրապետին զոր ինչ եղեւն, փառաւոր արար զԱստուած եւ ասէ»: Ղուկասը երկու կետերն էլ միացնում է, և ընդհանուր կերպով ասում է. «Իսկ հարիւրապետն եւ որք նմա, իբրեւ տեսին զշարժումն եւ զեղեալսն, երկեան յոյժ եւ ասեն»: Մենք կարող ենք երեքի գրածներն ամփոփելով, ասել՝ թե հարյուրապետի միտքը արդեն հուզված էր խաչված Նազովրեցու վրա առաքինության և վեհության, բնականից շատ բարձր նշանները տեսնելով և վերջին շնչի ուժգին աղաղակն էլ մարդկային կարողությունից վեր լինելը հայտնեց, բնության ցնցվելն ու շարժվելն էլ ավելանալով, ամբողջովին ծանրացավ նրա մտքի վրա և չկարողանալով իրեն այլևս զսպել, բացահայտ և համարձակ կերպով սկսեց գոչել. «-Արդարեւ այրս այս Որդի Աստուծոյ էր»: Հիսուսի անմեղության համար դատավորի կողմից տված վկայությանն այժմ դահճապետ հարյուրապետի վկայությունն էլ է ավելանում և Աստվածային տնօրինությամբ այնպիսի իմացություն է հաստատվում, որ թե վճիռը տվողը և թե վճիռը գործադրողը գործի անիրավության վկան հանդիսանան:
    Հիսուսին խաչելության պահին հավատացող հարյուրապետի անունն ավետարանում չկա, բայց ավանդությունը մեզ է հասցրել նրա Ղունկիանոս անունը (որ սխալմամբ Ղունկիանոս կամ Խունկիանոս էլ գրված է), և որ իբրև տոնելի սուրբ ընդունված է ամեն եկեղեցիներում և մեր եկեղեցու կողմից էլ: Պատմում են, թե մկրտվելով՝ զինվորությունը թողնում է և իր հայրենի Կապադովկիա նահանգն է քաշվում և Հիսուսի խաչելության ու Աստվածության ականատես վկան և քարոզիչը լինելով, հրեաների դավաճանությամբ դասալիք համարված՝ կայսերական հրամանով նահատակվել է Սատաղա քաղաքում, իր դարձից մի քանի տարի հետո։
    Հարյուրապետի կրած ազդեցության ընկերակից են եղել Հիսուսի խաչելության գործողությունը կատարող և մինչև խաչյալի մահը, խաչի մոտ պահպանություն կատարող չորս զինվորները նույնպես։ Մատթեոսը բացահայտորեն գրում է․ «Հարիւրապետն եւ որ ընդ նմա պահէին զՅիսուս»։ Նրանք էլ հարյուրապետին ձայնակից են լինում, համարձակ հայտարարելով․ «Արդարեւ Աստուծոյ Որդի էր սա» և Հիսուսի անմեղության վկայությունը կրկնվում է նույնիսկ պատիժը գործադրողների բերանով։ Այս չորս զինվորներից մեկը նա էր, ով հետո Հիսուսի կողը խոցում է և ում մասին առանձին պիտի խոսենք։ Երկուսի համար էլ պատմում են, թե, հարյուրապետի հայրենակիցը լինելով, նրա հետ մկրտվեցին և Կապադովկիա հեռացան, և հարյուրապետի հայտարարություններին և քարոզություններին ձայնակից լինելու համար նրա հետ նահատակվեցին։ Այս երկուսի անուններն ամենևին չեն հիշվել, իսկ չորրորդ զինվորի մասին ավանդություններից ոչ մի հիշատակություն չունենք։
    Եթե նույնիսկ հռոմեացի հեթանոս և կարծրասիրտ զինվորները Հիսուսի մեռնելու պահին տեղի ունեցած հրաշալի նշաններից ազդվում են, ապա հնարավոր չէր, որ ժողովրդի մի մասի վրա էլ խոր տպավորություն չթողներ։ Եթե ժողովրդի մի մասի մեջ չարասիրտ և չարամիտ ատելությունն էր արմատացած և քահանայապետերը, դպիրները և նրանց անսացող դասակարգերը համառությամբ իրենց չարության մեջ ամրանում էին, ապա այնտեղ կար բազմաթիվ մի ամբոխ, որ պատահական դեպքերից էր ազդվում և հադիպած պարագաների համեմատ զգացմունքները փոխում։ Եթե Հիսուսի հրաշագործությունների ետևից բազմությունը խռնվում էր ու օրհնաբանում, Հիսուսի կատարած բժշկությունների և բարությունների համար ովսաննաներ էր աղաղակում ու նույն հեշտությամբ Հիսուսի տկարացած և կապված տեսնելով՝ Նրանից երես դարձնում ու քահանայապետերին և դպիրներին անսալով՝ «խաչեսցի» գոռում, ապա ամենևին էլ զարմանալի չէ, որ հրաշքների հանդեպ էլ դարձյալ կփոխվեր, արածների վրա կցավար, կորուստի վրա կողբար և զղջումով կուրծքը կծեծեր ու գլխիկոր և ամոթապարտ Գողգոթայից ետ կդառնար․ «Ամենայն ժողովուրդքն որ եկեալ էին, եւ տեսանէին զտեսիլն զայն եւ զգործ բախէին զկուրծս եւ դառնային»։ Ահա հեղհեղուկ ժողովրդի կենդանի օրինակ, ամեն ժամանակի և ամեն տեղի հասարակ ամբոխի ճշգրիտ տիպար։