Ծննդոց գրքի մեկնություն 28:20

Ա. Լոպուխին

20-22․ Եվ Հակոբը ուխտ արեց և ասաց. «Եթե Տեր Աստված ինձ հետ լինի և պահպանի ինձ այն ճանապարհին, որով գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, [20]  ինձ խաղաղությամբ  վերադարձնի իմ հոր տունը, ուրեմն թող Տերը լինի իմ Աստվածը, իսկ այս քարը, որ իբրև հուշարձան կանգնեցրի, թող ինձ համար Աստծո տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, Քեզ տասանորդ կտամ»։ (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի երրորդ գործողությունը. նրա ուխտն է Աստծո հետ, որը Սուրբ Գրքում հիշատակված ուխտերից առաջինն է։ Այս ուխտում (ռաբբիներն այն համարում էին բոլոր ժամանակների բոլոր ուխտերի նախօրինակը կամ չափանիշը) առկա է երեք տարր.
   1. ներքուստ և անկեղծորեն Յահվեին որպես Աստված խոստովանելը՝ սեփական անձը Նրան ծառայելուն ընծայելով,
   2. տեսիլքի վայրի հատուկ սրբագործումն ու պաշտամունքը և
   3. ամեն ինչից Աստծուն տասանորդ տալու խոստումը։

   Ըստ երևույթին, Աստծո նկատմամբ իր հավատքը Հակոբը պայմանավորում է արտաքին և անձնական շահերով։ Սակայն, Հակոբի ուխտի այս պայմանը նախ պարզ վերաշարադրանքն է անմիջապես դրան նախորդող Աստծո խոստման (Ծննդ. 28:13–15), երկրորդ՝ Հակոբն Աստծուց ընդամենը հաց և հագուստ է խնդրում՝ այդպիսով կատարելով անընչաքաղցության ավետարանական պատվերը (Հովհան Ոսկեբերան, Ֆիլարետ), երրորդ՝ Հակոբի աղոթքից երևում է, թե ինչպիսի խոնարհությամբ և երախտապարտությամբ էր նա ընդունում Աստծո պարգևները (Ծննդ. 32:10):

   Ինչպես երևում է Աբրահամի օրինակից (Ծննդ. 14:20), թագավորներին տասանորդ տալը համակեցության հնագույն սովորություն էր: Այստեղ առաջին անգամ ենք հանդիպում Աստծուն տրվող տասանորդի մասին:

   «Քարը... թող ինձ համար Աստծո տուն լինի (beth Elohim – «Բեթ Էլոհիմ»)»…
   Հնարավոր է, որ այս տեսակետից է բխում Աստծո՝  Հին Կտակարանի անվանումներից մեկը՝  Tzur Israel («Ցուռ Իսրայել)՝  «Իսրայելի վեմ, ամրություն» (Ծննդ. 49:24, Ես. 30:29):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Յակոբն ուխտ անելով՝ ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ հետ լինի եւ ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց տայ եւ հագնելու հագուստ,
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ուխտ արեց ու ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի, պահպանի ինձ այս ճանապարհին, որ ես գնում եմ, ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տա,
(Գրաբար) Եւ ուխտեաց Յակոբ ուխտ` եւ ասէ. Եթէ եղիցի Տէր Աստուած ընդ իս, եւ ապրեցուսցէ զիս ի ճանահպարհս յայսմիկ զոր ես երթամ, եւ տացէ ինձ հաց ուտելոյ եւ հանդերձ զգենլոյ,