Ծննդոց գրքի մեկնություն 33:18

Ա. Լոպուխին

Վերադառնալով Ասորիների Միջագետքից՝ Հակոբն եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը քանանացիների երկրում էր, և բնակվեց քաղաքի դիմաց: [18] (Սինոդական թարգ․)
   
   Մոտ երկու տարի Սոկքոթում մնալուց հետո Հակոբը բարեհաջող գնում է Սյուքեմ և այդպիսով ավարտին է հասցնում իր ճանապարհորդությունը Միջագետքից և ոտք է դնում Քանան՝ հայրերի երկիր: Ըստ հրեա և որոշ քրիստոնյա մեկնիչների՝ «բարեհաջող» կամ էլ «ողջ–առողջ» արտահայտությունը մատնանշում է Հակոբի ազդրի ապաքինումը, որը  վնասվել էր առեղծվածային պայքարից:  Յոթանասնիցը (ἤλθεν Ιακωβ εἰς Σαλημ πόλιν Σικιμων), Վուլգատան (transivit ih Salem, urbem Sichimorum), սիրիական տեքստը (Փեշիտո) և սլավոնականը եբր. schalem բառը ընդունում են որպես հատուկ անուն,  որոշ մեկնիչներ այս բառը հավասարապես ընդունում են նաև որպես տեղանքի անուն, որը կա′մ Սյուքեմի (Սալիմ գյուղ, այժմ Սյուքեմի մոտ), կա′մ էլ Սալիմ–Երուսաղեմի մոտ էր: Սակայն վերջինս Սյուքեմից բավականին հեռու է, իսկ Սյուքեմի մոտ գտնվող Սալիմ վայրը Հին Կտակարանում  չի հիշատակվում: Սամարացիների Հնգամատյանում schalem բառի փոխարեն կարդացվում է schalom՝ խաղաղություն, բարեկեցություն, որն ուղղակիորեն հիշեցնում է Հակոբի աղոթական խոսք–երդումը (Ծննդ. 28:21)՝ իր հոր տուն, իր աշխարհ  վերադառնալու մասին: Տերն էլ կատարում է Հակոբի այս ցանկությունը՝ վերադարձնելով նրան Սյուքեմի աշխարհ: Միջագետքից ժամանելիս ոտքը դնելով հայրենի հող՝ Հակոբն անցնում է նույն ուղիով և նույն վայրերը, ինչպես Աբրահամը. Սյուքեմ (Ծննդ.  33:18, հմմ. Ծննդ. 12:6), Բեթել (Ծննդ.   35:1-15 ,  հմմ.  12:8)  և վերջապես Քեբրոն (Ծննդ. 35:27,  հմմ. Ծննդ. 13:18): Հակոբի  օրոք սկսվում է քանանացիների երկրորդ ժամանակաշրջանը:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Վերադառնալով Ասորիների Միջագետքից՝ Յակոբն եկաւ սիկիմացիների Սաղէմ քաղաքը, որը գտնւում էր Քանանացիների երկրում, եւ բնակուեց քաղաքի դիմաց:
(Արարատ թարգ․) Եվ Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում և բնակվեց քաղաքի դիմաց:
(Գրաբար) Եւ եկն Յակոբ ի Սաղէմ քաղաք Սիկիմացւոց, որ է յերկրին Քանանացւոց` իբրեւ եկն ի Միջագետաց Ասորւոց, եւ բնակեցաւ յանդիման քաղաքին: