Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ Հիսուս Հոգու կողմից տարվեց անապատ՝ սատանայից փորձվելու»։
   
    «Այդ ժամանակ» - ե՞րբ էր այդ ժամանակը։ Սուրբ Հոգու էջքից հետո, այն բանից հետո, երբ ի վերուստ հնչած ձայնը հռչակեց, թե. «Դա է Իմ սիրելի Որդին, Որն ունի Իմ բարեհաճությունը» (Մատթ. 3։17): Եվ ահա թե ինչն է զարմանալի. Հիսուս, - ինչպես ասում է ավետարանիչը, - անապատ տարվեց Սուրբ Հոգու կողմից։ Քանի որ Քրիստոս ամեն ինչ արեց ու չարչարանքներ կրեց մեզ ուսուցանելու համար, ուստի այժմ էլ Նա համաձայնում է տարվել անապատ և պայքարի մեջ մտնել սատանայի դեմ: Այդպիսով Քրիստոս մեզ ուսուցանում է, որ եթե որևէ մի մկրտված անձ մկրտությունից հետո նույնիսկ նախկինից էլ ավելի շատ փորձությունների ենթարկվի, այդ պատճառով գայթակղության մեջ չընկնի` դրանք (խոսքը մկրտությունից հետո պատուհասող փորձությունների մասին է) անսպասելի երևույթ կարծելով, այլ քաջաբար դիմագրավի բոլոր փորձություններին՝ դրանց գոյությունը բնական համարելով։ Չէ՞ որ դու զենք չես ստացել անգործության մատնվելու, այլ՝ պայքարելո´ւ համար։ Ահա թե ինչու Աստված չի կանխում, որ փորձություններն «այցելեն» քեզ։
    Նախ և առաջ, Աստված թույլ է տալիս, որ փորձություններ լինեն, որպեսզի դու իմանաս, թե որքան ավելի ուժեղ ես դարձել։
Երկրորդ հերթին՝ որպեսզի դու խոնարհության մեջ մնաս և չհպարտանաս քեզ շնորհված պարգևների մեծությամբ, այլ միշտ մտապահես, որ փորձությունները կարող են խոնարհեցնել քեզ։
    Երրորդ` որպեսզի չար հոգին, դեռևս կասկածներ ունենալով` թե արդյո՞ք դու վերջնականապես երես ես թեքել իրենից, տեսնելով փորձությունների մեջ ցուցաբերած քո համբերությունը, հաստատապես համոզվի, որ դու իսպառ լքել ես իրեն և հեռացել իրենից։
    Չորրորդ` որպեսզի փորձությունների միջով անցնելով` դու ցանկացած երկաթից էլ ավելի կարծր ու ամուր դառնաս։
    Հինգերորդ՝ որպեսզի դու ինքդ էլ հաստատապես համոզվես, թե ինչպիսի գանձեր են նախատեսված քեզ համար։ Իսկապես որ, սատանան չէր մոտենա քեզ, եթե չտեսներ քո վսեմագույն պատիվը։ Չէ՞ որ հենց այս իսկ պատճառով նա ինքը (սատանան) արարչագործության սկզբում դուրս եկավ Ադամի դեմ, քանի որ տեսավ, թե նա ինչպիսի մեծ պատվով էր զարդարված։ Այս նույն պատճառով նա (սատանան) ելավ նաև Հոբի դեմ, երբ տեսավ նրան` պսակված և փառավորված ամենքի Տիրոջ կողմից։ Ապա այդ դեպքում, - կառարկես դու, - ինչպե՞ս է ասվում` «աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26։41): Հենց դրա համար էլ ավետարանիչը քեզ ասում է, որ Հիսուս Ինքը չգնաց, այլ աստվածային նախախնամությամբ տարվե´ց անապատ, ինչը ցույց է տալիս, որ մենք նույնպես չպետք է ինքներս մեզ գցենք փորձությունների մեջ, սակայն երբ, առանց մեր կամքի, ընկնում ենք փորձության մեջ, այդժամ պետք է քաջաբար դիմագրավենք ամեն տեսակի փորձության։ Եվ տե´ս, թե Հոգին ուր տարավ Նրան. ոչ թե քաղաք, ոչ թե հրապարակ, այլ անապատ։ Նա (Սուրբ Հոգին) կարծես թե ուզում էր, Հիսուսին հենց անապատ առաջնորդելով, գրավեր սատանայի ուշադրությունը՝ վերջինիս հնարավորություն տալով Հիսուսին գայթակղել ոչ միայն քաղցով, այլև շատ մեկուսի այդ վայրով իսկ, քանի որ սատանան հատկապես հարձակվում է մեզ վրա այն ժամանակ, երբ տեսնում է, որ մենք միայնության մեջ ենք՝ միայն ինքներս մեզ հետ։ Այդպեսով նաև արարչագործության սկզբում նա (սատանան) մոտեցավ կնոջը (Եվային) հենց այն ժամանակ, երբ նա միայնակ էր` առանց իր ամուսնու։
    Իսկ ահա երբ նա (սատանան) մեզ տեսնում է ուրիշների հետ ընկերակցությամբ, այդքան էլ համարձակ չէ և չի հանդգնում հարձակվել մեզ վրա։ Այս իսկ պատճառով էլ, հետևաբար, մենք բոլորս պետք է ավելի հաճախ ի մի հավաքվենք, որպեսզի սատանան չկարողանա հեշտությամբ որսալ մեզ։ Այսպիսով, սատանան Քրիստոսին գտավ անապատում, այն էլ՝ անանցանելի մի անապատում (այն, որ անապատը հենց այդպիսին էր, վկայում է Մարկոսը` ասելով. «…գազանների հետ էր…» (Մարկ. 1։13):
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: 
   
     Այդ ժամանակ Հիսուսը Հոգուց տարվեց անապատ՝ փորձվելու սատանայից:
    Ինչո՞ւ [Հիսուսի] ծննդից մինչև երեսուն տարեկան դառնալը [սատանան] չփորձեց Նրան: Որովհետև Նրա աստվածությունը ցույց տվող նշան երկնքից չէր տեսել, և [Հիսուսը] ժողովրդի մեջ չէր վկայվել իբրև մեծ մեկը, այլ ապրում էր իբրև մի աննշան մարդ: Նաև ինչպես որ [Հիսուսն] ամեն ինչով մեզ նմանվեց, մեղք [գործելուց] բացի՝ Իրեն իբրև օրինակ ծառայեցնելով մեզ համար, կամեցավ նաև սրանո՛վ նմանվել: Ինչպես որ մեր մեջ էլ այդ տարիքում են սաստկանում կրքերի պատերազմները, այդպես Նա էլ, կրքերից վեր լինելով, նույն տարիքում կամավորապես հանձնեց Իրեն պատերազմի, որպեսզի մեզ սովորեցնի այդ տարիքում առավել զգույշ լինել թշնամու դեմ կռվում: Քանի որ [սատանան] արդեն որովայնից է սկսում մարդկանց առաջ գայթակղություն դնել և պատերազմել, թեև ավելի շատ՝ չափահաս տարիքում, այդ պատճառով մեր Տերն էլ իջավ այն վայրը, որտեղ [սատանան] սովոր էր պատերազմը սկսել, որպեսզի Իր հետ էլ համարձակվի մարտի բռնվել: Ինչպես որ զորեղ մեկն իր գանձի գողին հետապնդում է այնքան, մինչև բռնում սպանում է և գողացվածը հետ առնում, այդպես էլ Ամենազորը [վարվեց], որովհետև կամեցավ կյանքի Գողին մահ հասցնել: Դարձավ սաղմ, և [սատանան] Նրան չկարողացավ սպանել որովայնում, ինչպես շատերին: Դարձավ մանուկ, և Նրա աճման ընթացքում փորձիչը չկարողացավ Նրան հողդողդել: Երեխա դարձավ, և Նրա այրանալու ջանքերում [սատանան] չկարողացավ Նրան ծուլության մատնել: [Դարձավ] երիտասարդ, և [սատանան] Նրա մեջ չկարողացավ [անմաքուր] ցանկություն գտնել: [Դարձավ] գիտուն, և [սատանան] իր խորամանկությամբ չկարողացավ Նրան հասկանալ: [Դարձավ] ուսուցիչ, և [սատանան] չկարողացավ Նրան հանդիմանել Նրա ճշմարիտ վարդապետության մեջ: Քանի որ պահում էր պատվիրանները, ուստի [սատանան] չկարողացավ Նրան խոտորեցնել: Ամուր էր, ուստի [սատանան Նրան] սպանելիս չկարողացավ զարհուրեցնել Նրան: Մեռավ, և չնայած գերեզմանի պահպանությանը՝ [սատանան] չկարողացավ պահել Նրան [գերեզմանում]: Չհիվանդացավ, քանի որ բժիշկ էր: Չմոլորվեց, քանի որ հովիվ էր: Հանցանք չգործեց, քանի որ ուսուցիչ էր: Չսայթաքեց, քանի որ լույս էր:

    Սակայն այս պահին [սատանան] առանց պատրվակի [Նրա հետ] պատերազմի մտավ՝ բացահայտորեն փորձելու Նրան, որովհետև երբ տեսավ, որ մկրտության է եկել, և Հովհաննեսից լսեց. «Ահա՛ Աստծո Գառը, որն [Իր վրա] վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29), նայեց՝ տեսնի, թե իբրև մաքրության կարո՞տ մեկն է գալիս մկրտվելու, թե՞ անկարոտ մեկը: Երբ տեսավ, որ փայլուն լույս է ծագել Նրանից ջրերի վրա, [լսեց] Հոր՝ վերևից հնչած ձայնը և [տեսավ] Հոգու աղավնակերպ երևումը, հասկացավ, որ [Հիսուսն] իբրև կարիքների բավարարող է իջել այդ ջրի մեջ, ուստի մտքում դրեց և ասաց. «Եթե մարտի մեջ մտնելով չփորձեմ Նրան, չեմ կարող [վստահորեն] իմանալ՝ Նա ով է»: Բայց չէր համարձակվում մոտենալ Նրան, մինչև Փորձվողն Ինքը թույլ չտվեց, որ [Իրեն] փորձեն: Իսկ սա ե՞րբ եղավ: Երբ Հոգու զորությունն առավ և ելավ պատերազմելու ախոյանի հետ, ինչի մասին էլ ավետարանիչն ասում է. «Այդ ժամանակ Հիսուսը Հոգուց տարվեց անապատ՝ փորձվելու սատանայից»:

    Ի՞նչ է նշանակում ասելը՝ «Հոգուց տարվեց»: Նշանակում է, որ դա Սուրբ Հոգու կամքն էր, և Նա էր հորդորում Հիսուսին գնալու անապատ և կռվելու ախոյանի հետ, որպեսզի մեզ Հաղթածին հաղթի ոչ թե Աստվածության զորությամբ, որը հնարքների կարիք չունի, այլ մեր բնությամբ: Նաև որպեսզի սրանով ցույց տա [Սուրբ Երրորդության Անձերի] համապատվությունը: Որովհետև ինչպես որ Հոր կամքով իջավ երկիր, Հոգու կամքով էլ տարվեց անապատ, ինչպես որ Հոգին էլ ուղարկվում է ինչպես Հոր կողմից, նմանապես էլ Որդու: Սրանք ցույց են տալիս Սուրբ Երրորդության մեկ իշխանությունն ու համագո պատիվը:

    [Հիսուսը սրանով] նաև մեզ խրատ է տալիս. եթե Ինքը, որ ամենակարող է, ասվում է, որ անձամբ չի գնացել փորձվելու, այլ տարվել է Հոգուց, որքան առավել մե՛նք պիտի զգույշ լինենք և ինքնահաճ կամքով ինքներս մեզ փորձության չմատնենք: Այլ երբ մի ուրիշից տարվենք [փորձվելու], ամուր ու առաքինի մնանք, հատկապես երբ հոգևոր շնորհի ընդունումից հետո ենք պատերազմում՝ մկրտությունից կամ էլ որևէ ուրիշ աստվածային պարգև [ընդունելուց] հետո, քանի որ թշնամին սովորություն ունի այդ ժամանակ [մեր դեմ] ավելի մեծ ջանքեր թափելու:

    Պատահում է, որ Աստված թույլ է տալիս, որ փորձություն գա [մեզ] վրա՝ առաջին՝ այն պատճառով, որ երբ հաղթանակ տանենք, հասկանանք, թե որքան զորավոր ենք դարձել շնորհն ընդունելուց հետո: Երկրորդ՝ որպեսզի ավելի մեծ պարգևներով չհպարտանանք: Երրորդ՝ որպեսզի քո ընդդիմությամբ չար դևը հասկանա, որ ամբողջապես հրաժարվել ես նրանից: Չորրորդ՝ որպեսզի հասկանաս, որ երկաթից էլ ամուր ես դարձել: Հինգերորդ՝ քեզ տրված մեծ գանձերի պատճառով է [սատանան] պատերազմում, որովհետև կռվելու այդքան ջանք չէր թափի, եթե չտեսներ մեզ այդպիսի պարգևներ վայելելիս: Ուստի Ադամի վրա էլ այն պատճառով հարձակվեց, որ նրան Աստծո պատկերով ստեղծված տեսավ: Հոբի հետ այն պատճառով մենամարտեց, որ [Հոբն] ամեն ինչում Աստծուց գովեստի արժանացավ:

    Սակայն ինչո՞ւ Հոգին փորձության համար տարավ [Հիսուսին] անապատ և ոչ թե բնակավայր: Որովհետև [Տերը] ոչ միայն կամեցավ թշնամուն նեղը գցել քաղցով, որով ցույց տվեց, որ [Ինքը] մարդ է, այլև որպեսզի անապատը ևս հարձակվելու համարձակություն տար [հակառակորդին], քանի որ վերջինս այն ժամանակ է [առավելապես] ջանք թափում, երբընկերներից մեկուսացած է մեզ տեսնում: Այդպես կնոջն էլ  152 մոտեցավ խաբելու, երբ նրան ամուսնուց հեռու գտավ: Հետևաբար, մենք նույնպես պետք է միմյանց հետ բնակվենք, որպեսզի դյուրավ չընկնենք սատանայի ձեռքը: Իսկ այն անապատը հասարակ չէր, այլ հույժ խորին, ինչ պատճառով Մարկոսը գրում է, որ [Հիսուսն այնտեղ] գազանների հետ էր  153:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

1-2․ Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց:
   
    «Այնժամ Հիսուս անապատ տարվեց Հոգուց՝ սատանայից փորձվելու: Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց»:
    Հովհաննես ավետարանիչը փորձության մասին չգրեց, քանի որ աստվածաբանում էր՝ ասելով. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհ. 1։1): Եվ որովհետև Աստծուն և Լույսին, ըստ աստվածության, անհնարին է Իսկ Մատթեոսը, գրելով ծննդյան մասին ըստ մարդեղության և Հովհաննեսից մկրտվելու մասին, ինչպես և այլ մարդիկ, գրեց նաև ըստ մարմնի՝ սատանայից փորձվելը: Սատանան ուրիշներին փորձում է առանց մեծ ջանքերի, իսկ Քրիստոսին՝ այսպես [փորձեց], որովհետև եթե [ծոմ] պահելուց չքաղցեր, փորձությունը չէր սկսվի, իսկ երբ քաղցեց, կարծեց, թե սոսկ մարդ է և դրա համար մոտենալով՝ փորձում էր Նրան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-11․ Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա’, որ այս քարերը հաց լինեն»: Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է' միայն հացով չի ապրի մարդ, այլ' այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»: Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա'ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»: Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է' քո Տէր Աստծուն պիտի չփորձես»: Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի թոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»: Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե'ւս գնա, սատանա', որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո'ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց, եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան:
   
    Ավետարանում մկրտության օրը ճշգրիտ կերպով որոշված չէ, բայց Հոոմի 780 և մեր թվականության 27-րդ տարվա Հունվարը ավանդությամբ ընդունված է բոլոր եկեղեցիների կողմից: Լատինները Մկրտությունը տոնում են Հունվար 13-ին, մենք էլ թեև Հունվարի 6-ին Աստվածահայտնության ամբողջ տնօրինությունները միասին ենք տոնում և ջրօրհնեքն էլ կատարում, բայց ութերորդ օրը այսինքն, Հունվար 13-ին շարականներն ու կարգերը բացարձակ կերպով նվիրված են Մկրտության։ Հիսուս մկրտվելուց հետո նույն վայրում չմնաց, և ինչպես գրում է Մարկոսը, նույն ժամին Հոգու ազդեցությամբ հեռացավ Հորդանանից ու արևմտյան եզերքը անցնելով գնաց Հուդայի անապատի հյուսիսային կողմը' մի ապառաժուտ լեռան վրա, ուր մինչև այսօր պահվում է քառասնօրյա պահեցողության քարայրի հիշատակը, որը Հիսուսի անապատական կյանքի բնակարանը եղավ:
    Այդ քառասնօրյա առանձնությունն ու պահեցողությունը ևս միևնույն տնօրինական նախապատրաստությունների կարգից էր: Ով որ մեծ գործ պիտի ձեռնարկի և նոր կյանք պիտի սկսի, նախապես իր մեջ ամփոփվելու կարիքն ունի, ավելի անզբաղ միտք ունենալու համար պետք է աշխարհի սովորական վայելքներից կտրվել, մարմինը ճնշել, որ հոգին զորանա, արտաքիններից ժուժկալել, որ ներքինը ճոխանա: Այդ պատրաստությունը պիտի կատարվի նոր պաշտոնի և նոր կյանքի պաշտոնական գործողությունը ընդունելուց հետո և պաշտոնական գործունեություն ձեռնարկելուց առաջ: Հիսուսի մկրտությունը իր գործնական կյանքի և հրապարակային գործունեության պաշտոնականությունն էր, որը նախօրոք կատարվեց, իսկ գործելու պատրաստությունն էլ հետևեց դրան:
    Նմանօրինակ գործողություն այսօր կատարվում է նաև մեր եկեղեցում' նոր ձեռնադրյալները ձեռնադրության օրից քառասնօրյա առանձնության և ապաշխարության են անցնում և դրանից հետո ստանձնում իրենց քահանայական նորստացիկ պաշտոնը:
    Հիսուսի քառասնօրյա առանձնությունը բացառիկ եղավ, այնպես որ, ըստ Մարկոսի բացատրության իր բնակակիցները միայն լեռան գազաններն էին և պաշտպան' երկն՛քի հրեշտակները: Իսկ քառասնօրյա պահեցողությունն էլ, ըստ Մատթեոսի և Ղուկասի խոսքերի նույնպես բացառիկ եղավ' այսինքն, քառասուն օր անընդհատ ոչ ուտելիք և ոչ խմելիք Նրա բերանից ներս չմտավ. «Պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր» Մատթ․ 4։2, «եւ ոչ եկեր եւ ոչ արբ յաւուրսն յայնոսիկ, եւ ի կատարելն նոցա քաղցեաւ» Ղուկ․․ 4։2: Այս բացատրությունները պարտադրում են ընդունել, թե Հիսուս առանց նույնիսկ Հովհաննեսի նման մորեխներ ուտելու, 40 օր ու գիշեր, որ հազար ժամ է, անսնունդ մնաց: Ապա թե ոչ, եթե պահեցողությունը հին ու սովորական իմաստով ընդունենք, ըստ որի պահել նշանակում էր 24 ժամ անսնունդ մնալ և միայն 24 ժամը մեկ անգամ' երեկոյան, ապրելու համար ոգեպահիկ' բավականին թեթև ուտելիք ճաշակել և մի քիչ ջուր խմել: Այդ կերպով քառասուն օր ապրողների համար էլ է ասվում, որ քառասնօրյա պահեցողություն կատարեցին: Իսկ քառասուն օր բացարձակ անսնունդ և անոթի մնալուն կարո՞ղ է արդյոք մարդկային բնությունը դիմանալ, թե միայն գերբնական զորությամբ կարողացավ Հիսուս այն պահել, սա խնդիր է, որի մեջ մտնելը ավելորդ ենք գտնում, որովհետև ամեն առիթով բացառիկ և գերազանց կարողություն պետք է ընդունել:
Հիսուսի տնօրինական պատրաստությունների լրումը պակաս պիտի լիներ, եթե մարմնի փորձությունների հետ հոգու փորձություններ էլ չունենար և եթե իր անձնական փորձառությամբ ցույց չտար, որ մարմնի ճնշումը զորացնում է հոգին և, թե մարդու հոգին ավելի ուժեղ է դառնում, երր տկարանում է մարմինը: Այս է միայն Հիսուսի փորձությունների նպատակն ու բացատրությունը և ոչ թե մեզ համար, որ Հիսուսի ով լինելը լավ գիտենք, թե ստույգ ինչ է և թե Հիսուս փորձությունների չէր կարող ենթարկվել, նաև որ սատանայական փորձություններին հաղթելը Հիսուսի համար չէր կարող նշանակություն ունենալ։
    Մատթեոսի խոսքերի հաջորդականությունից պետք էր ենթադրել, թէ փորձիչն այն ժամանակ միայն հանդգնեց փորձել Հիսուսին, երբ Նա քառասնօրյա պահեցողությունից հետո սկսեց քաղցից նեղվել՝ «Ապա քաղցեաւ: Եկ մատուցիալ փորձիչն» Մատթ․ 4։2-3: Բայց Մարկոսն ու Ղուկասը բովանդակ քաասուն օրերի ընթացքում առավել ընդարձակ կերպով են նկարագրում փորձության հատվածը, «էր նա անդ զաւուրս քառասուն փորձեալ ի սատանայէ» Մարկ․ 1։13: Հետևաբար երեք փորձությունները, որոնք առաջ են բերում՝ Մատթեոսն ու Ղուկասը միայն և միակ փորձությունները չեն, այլ օրինակներն են այն փորձությունների, որոնք Հիսուսին գայթակղեցնելու համար սատանան ջանաց ավելի ընդարձակ կերպով հյուսել: Եվ կամ ինչպես Սուրբ հայրերից ոմանք են ասում, ինքը' սատանան, աշխատում էր ստուգել Հիսուսի անձնավորությունը և Նրա աստվածության մասին վստահանալ: Այնպես որ «Ապա եթող զնա սատանայ» Մատթ․ 4։11 խոսքերն թելադրում են հասկանալ այսպես, ինչպես կասվեր, թե Հիսուսի աստվածությունը ստուգելով ձեռք քաշեց Նրանից: Իսկ Ղուկասի ասելը, թե «Ի բաց եկաց ի նմանէ աո ժամանակ մի» Ղուկ․ 4։13, մեկնում են, ասելով, որ թեև ձեռք քաշեց, բայց նորից փորձելու մտադրությունից չհրաժարվեց: Սատանայի երեք փորձությունները նպատակ ունեցա փորձելու մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը։ Այս բառերն ենք օգտագործում և չենք ասում' մարմնասիրություն, շահասիրություն և փառասիրություն, որովհետև թե' մարմնի, թե' շահի և թե' փառքի օրինավոր սեր կա, որը երբեք մոլի կիրք չէ և մարդուն ուղիղ ճանապարհից չի շեղում: Առաջին փորձության ժամանակ սատանան, օգուտ քաղելով Հիոուսի պահեցողությունից, գրգռում է նրան, որ Իր աստվածության զորությամբ քարերը հացի վերածի և իր քաղցը հագեցնի, քանի որ Հուդայի անապատում քարերից բացի ուրիշ ոչինչ չկար:
    Երկրորդ փորձության ժամանակ սատանան մի բարձր լեռան վրայից, որ հնարավոր է նույնիսկ պահեցողության լեռը լիներ, ցույց է տալիս երկրի ամբողջ հարստություններն ու ճոխությունները և հայտարարում, թե կարող է այդ բոլորը Հիսուսին պարգևել, միայն իրեն երկրպագելու և պաշտելու պայմանով:
    Երրորդ փորձության ժամանակ սատանան Հիսուսին հանելով տաճարի բարձր աշտարակի վրա, հորդորում է Իրեն այնտեղից ներքև նետելով ցույց տալ և հայտնել Իր աստվածության փառքը, քանի որ Սուրբ Գրքում էլ գրված է, որ հրեշտակները Աստուծո սպասավորներն ու պահապաններն են և Նրան պաշտպանում են բոլոր գործերի մեջ, իրենց ձեռքերի վրա են վերցնում նրան և թույլ չեն տա, որ ոտքը քարին դիպչի Սաղմ․ 90։11, 12:
    Հիսուս երեք փորձություններն էլ մերժեց միշտ Սուրբ Գրքի սկզբունքներին դիմելով և աստվածային պատգամները սատանայի դեմ որպես զենք օգտագործելով և ամեն մեկ փորձությանը Սուրբ Գրքից թելադրված խոսքերով դիմադրելով:
    Առաջին փորձության դեմ հիշեց Մովսեսի խոսքը. «Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ» Բ Օր․ 8։3:Երկրորդ փորձությանը դիմադրեց դարձյալ Մովսեսի մեկ այլ պատգամով․ «Երկիրպագցես Տեառն Աստուծոյ քում և զնա միայն պաշտեսցես» Բ Օր․ 6։15: Վերջապես նաև երրորդ փորձությանը դարձյալ Մովսեսից վերցված մի սկզբունքով պատասխանեց. «Ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո» Բ Օր․ 6։16:
Հիսուսի կիրառած եղանակը կատարյալ ազդեցություն ունեցավ և փորձչին ամոթահար թողեց, իսկ մեզ ուսուցանեց, որ փորձություններին դիմագրավելու, զորությունը միայն աստվածային պատգամների մեջ կարող ենք գտնել և, թե մեր անձից կամ աշխարհից փնտրված միջոցները չեն կարող ազդեցիկ լինել ընդդեմ փորձությունների:
    Երբ սատանան իր ճիգերի մեջ ձախողվելով հարկադրվում է ամոթապարտ ձեռք քաշել և դադարեցնել փորձությունները, «Ահա հրեշտակք մատեան եւ պաշաէին գՆա» Մատթ․ 4։11: Արդեն Մարկոսը հիշատակում է ամբողջ քառասնօրյա պահեցողության ընթացքում հրեշտակների պաշտելության և սպասավորության մասին. «Եւ էր ընդ գազանս եւ հրեշտակք պաշատէին զՆա» Մարկ․ 1։13: Բայց կարծես թե փորձության պահի սատանային թույլատրվել էր իր ուժը փորձել, իսկ Հիոուսի հաղթությունը՝ փառաբանելու պաշտամունքն էր, որը հրեշտակները կատարում էին փորձությունների ավարտին: