Ծննդոց գրքի մեկնություն 41:2

Ա. Լոպուխին

2-3․ Եվ ահա գետից դուրս եկան  գեղեցիկ և պարարտ յոթ երինջներ, որոնք սկսեցին արածել  ճահճուտներում, [2] բայց նրանցից հետո գետից դուրս եկան տգեղ ու նիհար յոթ այլ երինջներ և մյուս երինջների հետ սկսեցին արածել  գետի եզերքին։ (Սինոդական թարգ․)
   
   Նեղոսը, իր պարբերական վարարումներով (հունիսից հոկտեմբեր), ըստ ջրի առատ կամ սակավ քանակի (Բ Օր․ 11։10), Եգիպտոսի պտղաբերության հիմնական աղբյուրն էր։ Փարավոնի երազի նման յուրօրինակ եգիպտական  բնույթը հաջորդիվ լրացվում է Եգիպտոսին բնորոշ այլ գծերով․ Նեղոսից դուրս են գալիս եզներ (եղջերավոր անասունները շոգ կլիմա ունեցող երկրներում երկար են մնում ջրի մեջ)։ Այս կենդանիները շատ բարձր էին գնահատվում Հին Եգիպտոսում, քանզի նաև որպես պաշտամունքի առարկա էին ծառայում։ Ցուլն առավել հայտնի է որպես Ապիս, եղել է Նեղոսի և Օսիրիսի (քրմերը վերջին անունը տալիս են նաև Նեղոսին), ուստի նաև  հողագործության և պտղաբերության  խորհրդանիշը։ Եգիպտական ​​սիմվոլիզմի մեջ կովը հողի, ինչպես նաև բերրիության  պատկերն է, հենց Եգիպտոսի անձնավորումը (Երեմ. 46:20, 21): Ինչպես ցուլն է ընծայվում հողագործության ստեղծող Օսիրիսին, այնպես էլ կովն է ընծայվում պտղաբերության և սիրո աստվածուհի Իսիդային։ Երինջները արածում էին «եղեգնուտում»։ Սա Նեղոսի մոտ աճող բույս է, եբրայերեն՝ «աքհու» (Հոբ․ 8։11)։ Յոթանասնիցի որոշ բնագրերում «εν τω Αχει», ուրիշներում՝  «εν τω οχθη» է, սլավոնականում՝ «գետափին», Վուլգաթայում ավելի մոտ  է եբրայերեն բնագրին՝ «in locis palustribus»: Նեղոսից դուրս եկող յոթը պարարտ եզները խորհրդանշում էին Նեղոսի շնորհիվ եգիպտական հողի տված յոթնապատիկ բերքը։ Հակառակ դրան՝ Նեղոսից դուրս եկող յոթը նիհար երինջները խորհրդանշում էին սովի յոթ տարիները, ինչը նույնպես կապված է Նեղոսի սակավ վարարման և երաշտի հետ։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:
(Արարատ թարգ․) Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմիններով յոթ երինջներ ու սկսեցին արածել եղեգների մեջ:
(Գրաբար) Եւ ահա որպէս թէ ի գետոյ անտի ելանէին եւթն երինջք գեղեցիկ տեսանելով, եւ ընտիրք մարմնով, եւ արածէին ի խաղի անդ: