Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն` Գալիլեայից ու Դեկապոլսից, Երուսաղեմից և Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից»։
   
    Այսպիսով, եկեք մենք նույնպես հետևենք Քրիստոսին։ Չէ՞ որ մենք էլ բազմաթիվ հոգևոր հիվանդություններ ունենք, իսկ Նա առաջին հերթին ցանկանում է հենց այդ ախտերը բժշկել։ Իսկապես որ, Հիսուս բուժում է մեր մարմնական հիվանդությունները, որպեսզի վերացնի նաև հոգևոր աղտեղությունները։ Եկեք մոտենա´նք Քրիստոսին և Նրանից խնդրենք ո´չ թե աշխարհիկ բաներ, այլ գեթ մեղքերի թողություն։ Որովհետև Քրիստոս նաև այժմ է թողություն շնորհում մեղքերին, եթե միայն մենք ջանասեր լինենք։
    Այն ժամանակ Հիսուս մասին լուրերը տարածվեցին Ասորիքում, իսկ ներկայումս՝ ամբողջ աշխարհով մեկ։ Մարդիկ հավաքվում էին Հիսուսի մոտ՝ լսելով, որ Նա բուժել է դիվահարներին, իսկ դու, Փրկչի զորության մասին շատ ավելի մեծ և կարևոր վկայություններ ունենալով, վեր չե՞ս կենում և չե՞ս ձգտում դեպի Նա։ Նրանք թողեցին թե´ իրենց հայրենիքը, թե´ իրենց ընկերներին և թե´ իրենց հարազատներին, մինչդեռ դու նույնիսկ չե՞ս ուզում դուրս գալ տնից, որպեսզի մոտենաս Նրան և շատ ավելին ստանաս։ Բայց մենք քեզնից նույնիսկ դա չենք պահանջում։ Միայն թե մերժի´ր չար սովորություններդ, և դու կկարողանաս քո տանը` հարազատներիդ կողքին մնալով էլ, դյուրությամբ ընդունել փրկությունը։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:

   

   Նրա հետևից բազմաքանակ ժողովուրդ էր գնում Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից, Հորդանանի մյուս ափից, և բժշկում էր նրանց:

   Թեպետ, ըստ նախապես նշածս պատճառի, Իր հայտնության սկզբում չգնաց Հրեաստան ու Երուսաղեմ, սակայն ուր և շրջում էր, Նրա հրաշքներն ու վարդապետությունն ինքնահոժար կամքով նրանց ձգում էին դեպի Նրան: Ոչ թե նախանձից բռնվածներին, այլ պարզամիտ ժողովրդին՝ նրանց, ովքեր Հովհաննեսից կանխապես մկրտվել ու սովորել էին և լսել [Հիսուսի] մասին վկայությունները: Երբ տեսան, որ [Հովհաննեսը] մատնվել է և Հիսուսը՝ հրաշքներով հայտնի դարձել, հասկացան, որ Նա է այն մեկը, ում մասին [Հովհաննեսը] վկայում էր: Եվ ամենքը գնացին [Հիսուսի] մոտ, որով իրականություն դարձավ Հովհաննեսի ասածը թե՝ «Նա պիտի աճի, իսկ ես նվազեմ» (Հովհ. 3։30): Եվ Նա առատապես բաշխում էր նրանց հոգու և մարմնի բժշկություն. նախ տեսանելին, ապա անտեսանելին, որպեսզի գործերի միջոցով նաև Նրա խոսքերը հավաստվեին՝ ըստ գրվածի. «Հիսուսը սկսեց գործել և ուսուցանել» (Գործք 1։1): Որովհետև Աստված սովորություն ունի, որ երբ նոր օրենք է սահմանում մարդկանց համար, նախ մեծամեծ հրաշքներ է ցույց տալիս, որպեսզի Նրա խոսքերը հավաստվեն: Օրինակ՝ առաջին մարդու դեպքում նախ ոչնչից ստեղծեց արարածներին և հետո՛ նրան տվեց պտղի պատվիրանը: Նոյի համար էլ՝ համաշխարհային ջրհեղեղից և նրան ու ուրիշներին փրկելուց հետո՛ օրենք սահմանեց արյան փոխարեն արյուն հեղել և արյուն ու շունչ ունեցող միս չուտել  190: Աբրահամին էլ, և հանուն նրա՝ նաև ուրիշներին, թլփատության ուխտը տվեց  191 թագավորներին հաղթելուց ու փարավոնին հարված հասցնելուց հետո: Հրեաներին էլ գրավոր օրենքը տախտակների վրա տվեց  192 ծառայությունից նրանց ազատելուց, ծովն անցկացնելուց և Եգիպտոսում ու անապատում գործած բազմաթիվ հրաշքներից հետո: Նույնպես էլ այստեղ, քանի որ պատրաստվում էր ավելի բարձր առաքինություններ ներմուծել աշխարհ, որոնց մասին ոչ ոք չէր լսել, հարկավոր էր հրաշքների ցուցադրում, որպեսզի [Տերն] Իր խոսքերը հրաշքներով հաստատեր: Եվ քանի որ պատվիրանները պահողներին խոստանալու էր երկնքի արքայությունը, որն այժմ [մարմնավոր] աչքերին տեսանելի չէ, ուստի տեսանելի նշաններով էր աներևույթ խոստումը հավաստում:

   Հետևաբար մենք ևս հետևենք Նրան, ինչպես ժողովուրդը՝ այն ժամանակ, և Նրա հետ բարձրանանք աստվածային լեռը՝ հայցելով Նրանից ոչ թե մարմնավոր ցավերի բժշկություն, որը փոքր է և անցավոր, այլ հոգու առողջություն՝ մեղքերի ցավերից ապաքինում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:23