Ծննդոց գրքի մեկնություն 42:9

Ա․ Լոպուխին

Հովսեփը հիշեց այն երազները, որոնք նա տեսել էր նրանց մասին,  և ասաց նրանց․ «Դուք լրտեսներ եք և եկել եք՝  երկրի թույլ տեղերը ուսումնասիրելու»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի կողմից եղբայրներին ներկայացված լրտեսության  կեղծ մեղադրանքը մի կողմից նրանց որոշակիորեն պատժելու և փորձելու, իսկ մյուս կողմից՝ անմիջապես օտարերկրացիների նկատմամբ նրա ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքի պատճառով եգիպտացիների առաջանալիք դժգոհությունները կանխարգելելու նպատակ ուներ։ Եգիպտական քաղաքականության ոգով՝ Հովսեփը իր հյուսիս−արևմուտքից Եգիպտոս եկած եղբայրներին այն բանում է մեղադրում, որ նրանք եկել են՝ երկրի ամենախոցելի վայրերը (եբրայերենից՝ «մերկությունը») լրտեսելու, իսկ Եգիպտոսում այդպիսի խոցելի հատված էր հենց հյուսիսարևմտյան սահմանը, որը բաց էր ասիական քոչվոր ցեղերի հարձակումների համար (հավանաբար, այստեղից են Եգիպտոս ներխուժել նաև հյուքսոսները)։ Ընդ որում՝ Հովսեփի եղբայրները եկել էին մի ամբողջ քարավանով։ Վերջիվերջո, այս կամ այն տարածքը գրավելուց առաջ  լրտեսներ ուղարկելու սովորությունը բազմիցս հանդիպում է Սուրբ Գրքում (Թվեր․ 21։32, Հեսու․ 2։1, Դատ․ 18։2)։ Այդ իմաստով Հովսեփի եղբայրները իսկապես նոր տարածքների հետախուզողներ դարձան, քանի որ նրանց՝ Եգիպտոս ժամանելու հետևանքն այստեղ բնակություն հաստատելը եղավ։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Յովսէփը յիշեց իր տեսած երազները եւ ասաց նրանց. «Դուք լրտեսներ էք եւ եկել էք երկիրը հետախուզելու»:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը հիշեց այն երազները, որ տեսել էր նրանց վրա և ասաց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկիրը հետախուզելու»:
(Գրաբար) Եւ յիշեաց Յովսէփ զերազն իւր զոր ետես: Եւ ասէ ցնոսա. Լրտեսք էք դուք, եւ գիտել զել եւ զմուտ աշխարհիս եկեալ էք: