Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

8-9․ «Դարձյալ սատանան Նրան տանում է մի շատ բարձր լեռ և Նրան ցույց է տալիս աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը»։ «Եվ ասում է Նրան. «Այս ամենը Քեզ կտամ, եթե, առջևս ընկնելով, երկրպագես ինձ»»։
   
    Ուրեմն Ղուկասն ինչպե՞ս է ասում, որ սատանան դադարեցրել էր «բոլոր» փորձությունները (հմմտ. Ղուկ. 4։13): Ինձ թվում է, որ նա (Ղուկասը), հիմնական փորձությունները հիշատակելուց հետո է ասել` «բոլորը», քանի որ մնացած բոլոր փորձություններն էլ ներառված էին նախորդիվ հիշատակված փորձությունների մեջ: Ամեն դեպքում, անթիվ-անհամար բոլոր չարիքների աղբյուրները հետևյալ երեք մոլություններն են. որովայնին ծառայելը, սնափառությունը և չափազանց մոլեռանդ կիրքը հարստության նկատմամբ: Այդ ամենը քաջ գիտենալով էլ՝ զազրելի գայթակղիչն ամենաազդեցիկ գայթակղությունը, այսինքն՝ ավելի շատն ունենալու հանդեպ ցանկությունը, պահել էր ամենավերջի համար: Այս փորձությամբ Հիսուսին ծուղակը գցելու խելահեղ ցանկությունը բանսարկուն իր մտքում ուներ ամենասկզբից ի վեր, բայց քանի որ այս փորձությունը մյուսներից ավելի զորավոր էր, ուստի նա այն պահեց վերջի համար։ Ահա թե որն էր սատանայի պայքարի օրենքը. ամենավերջում օգտագործել այն, ինչը, իր կարծիքով, ամենահեշտությամբ կարող էր տապալել թշնամուն։ Նա ճիշտ այդպես վարվեց նաև Հոբի հետ: Նույն կերպ էլ այստեղ. սկսելով այն փորձությունից, ինչն առավել պակաս կարևոր և «թույլ» էր համարում` սատանան աստիճանաբար հասնում է «ամենաուժեղ» փորձությանը։ Ինչպե՞ս պետք է հաղթահարել այն։ Այնպես, ինչպես Քրիստոս է սովորեցնում. ապավինել Աստծուն, չհուսահատվել նույնիսկ քաղցի ժամանակ, հավատալ Նրան, Ով կարող է Իր խոսքով իսկ կերակրել մեզ: Իսկ եթե մենք որևէ շնորհներ ենք ստանում, այդ շնորհներով չփորձել Շնորհատուին, այլ, երկնային փառքով գոհանալով, բնավ չմտածել մարդկային փառքի մասին և ամեն կերպ խուսափել ավելին ունենալու մոլեռանդ ցանկասիրությունից։ Իսկապես, ոչինչ մեզ այնքան չի ենթարկում սատանայի իշխանությանը, որքան ավելին ունենալու ցանկությունն ու ագահությունը։
    Այսօրինակ երևույթները տեսանելի են նաև այժմ։ Այժմ էլ կան մարդիկ, որոնք ասում են. «Այս ամենը քեզ կտանք, եթե դու ընկնես ու երկրպագես մեզ»։ Չնայած որ նրանք մարդկային բնություն ունեն, սակայն, այդուհանդերձ, այդպիսիք դարձել են սատանայի գործիքները։ Ճիշտ այսպես նաև այն ժամանակ սատանան ոչ միայն անձամբ ինքը հարձակվեց Քրիստոսի վրա, այլև օգտվեց ուրիշների «օգնությունից», ինչը ցույց է տալիս նաև Ղուկաս Ավետարանիչը՝ ասելով. «Նրանից միառժամանակ հեռու մնաց» (Ղուկ. 4։13)։ Իր այս խոսքերով Ավետարանիչը մեզ խորհել է տալիս, որ սատանան հետագայում նույնպես հարձակվել է Քրիստոսի վրա իր «գործիքների» միջոցով։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

8-9. Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»:
   
    Սատանան, – ասում է [ավետարանիչը],–դարձյալ առավ տարավ Նրան մի հույժ բարձր լեռ և Նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը: Եվ ասաց Նրան. «Այս ամենը Քեզ կտամ, եթե [առջևս] ընկնես, երկրպագես ինձ»:
Որ ասում է, թե «առավ տարավ», թող ոչ ոք չկարծի, թե բռնությամբ և [Տիրոջ] կամքին հակառակ տարավ, որովհետև [սատանան] այսպես չի կարող վարվել նույնիսկ մարդկանց հետ: Այլ ինչպես առաջ էլ ենք ասել, [Տերն] էր թույլ տալիս, որ նա մտքում դներ լեռ ելնելու ցանկությունը, ինչպես և աշտարակ [բարձրանալու դեպքում]: Իսկ Ինքը չէր ընդդիմանում, այլ կամավորաբար շարժվում էր նրա ցանկության համաձայն, որպեսզի փորձվի դրանով և հաղթի, ինչպես նախորդ դեպքերում: Ուրեմն սա՛ է ասելը. «Սատանան առավ տարավ Նրան»:

    Իսկ ո՞ր մեկը պիտի հասկանանք որպես այնպիսի բարձր լեռ, որտեղից տեսանելի են բոլոր թագավորությունները:Նյութական լեռներից և ո՛չ մեկը: Կամ էլ հայտնի չէ, թե կա այդպիսի [լեռ]: Որովհետև թեպետ ոմանք ասացին, թե դա դրախտն է՝ երկրից ավելի բարձր լինելու պատճառով, և քանի որ առաջին Ադամն այնտեղ էր փորձվել, ապա վայել էր, որ երկրորդ Ադամն էլ այնտեղ հաղթեր մեզ հաղթողին, սակայն անպատշաճ է կարծել, թե այնտեղից երևում են աշխարհի բոլոր թագավորությունները: Որովհետև եթե այն չի երևում այս աշխարհից, մենք ինչպե՞ս [կերևանք] այնտեղից: Եվ եթե տեսնելու հնարավորություն լիներ կա՛մ այնտեղից, կա՛մ մի ուրիշ տեղից, լեռների գլուխներն ու աննշմարելի վայրեր [հնարավոր կլիներ] տեսնել մարմնավոր աչքերով և ո՛չ թե թագավորություններն ու նրանց փառքը: Իսկ եթե մեկն ասի, թե որտեղ էլ որ [Քրիստոսը] լիներ, մարմնավոր աչքերով տեսնելու կարիք չէր ունենա, քանի որ ամեն ինչ ամենատես Բնության աչքերի առաջ է, այս բացատրությունն էլ է թերի: Որովհետև թեպետ իրո՛ք այդպես է, սակայն եթե փորձիչն իմանար, որ [Հիսուսն] ամենատես է, չէր համարձակվի Նրա առաջ կանգնել և այդպիսի բաներ խոսել:

    Հավանաբար սա՛ է հավաստի, որ [սատանան] իսկապես Նրան լեռ է բարձրացրել՝ ըստ ավետարանիչների պատմածի, որևիցե վայրում, և Նրա առաջ զանազան եղանակներով ներկայացրել աշխարհի թագավորների փառքն ու վայելչությունը, ոչ թե նյութական աչքերին տեսանելի կերպով, այլ միայն խոսքով. կամ հայտնապես խոսելով, ինչպես սրբերից ոմանց հետ, կամ էլ [մտքի] խորհուրդների միջոցով, ինչպես ամեն մարդու հետ: Եվ սա հավաստում է Ղուկասը՝ ասելով, որ [սատանան] Նրան ամեն ինչ «ցույց տվեց ժամանակի մի վայրկյանում»  164: Ոչ թե մարմնի աչքերի, այլ մտքի առաջ ցանկալի ցույց տվեց բոլոր վայելչությունները: Ապա ասաց. «Այս ամենը Քեզ կտամ, եթե [առջևս] ընկնես, երկրպագես ինձ»:

    Տե՛ս լրբի չարությունը: Ասում էր, որ իրեն երկրպագի Նա, Ում առաջ խոնարհվում է ամեն ծունր:

    Իսկ ինչո՞ւ այսպիսի հանդգնություն ցուցաբերեց: Որովհետև նախորդ փորձություններով չկարողացավ իմանալ, թե [Հիսուսն] ով է, կամեցավ զայրացնել ժպիրհ խոսքերով, որպեսզի լրբությունը չհանդուրժելով՝ [Հիսուսը] հայտնի Իր զորությունը, թե Նա՛ է:

    Բայց ինչո՞ւ մյուս [փորձություններում սատանան] ասում էր. «Եթե Աստծո Որդի ես», իսկ այստեղ՝ ոչ: Որովհետև այն ժամանակ կամենում էր պատվելով խաբել, իսկ այժմ խոնարհեցնելով կսկծեցնել, որպեսզի ասեր. «Հիմա իմացա, որ քո մասին վկայությունը սուտ էր, որովհետև Աստծո Որդու զորությունը ցույց չտվիր, ինչպես խնդրեցի: Եվ ուրեմն, քանի որ հողեղեն մարդ ես, տո՛ւր ինձ այն, ինչ պահանջում եմ, որպեսզի ես էլ տամ քեզ այս աշխարհի վայելքները»: Սովորակա՛ն երկրպագություն չի պահանջում, այլ երեսնիվայր, ինչպես միայն Աստծուն է վայել: Եվ սրանով ճանաչվում է [սատանայի] հպարտությունը, որով նաև սկզբում հակառակեց Աստծուն:

    Ղուկասը հակառակորդի այս խոսքերին նաև ուրիշն է ավելացնում. «Որովհետև ինձ է [տրված  165 այս ամենը], – ասում է [սատանան], – և ում կամենում եմ, նրան եմ տալիս սա» (Ղուկ. 4։6): [Վերջին խոսքից ելնելով]՝ ոմանք սխալմամբ [այդ ամենը] համարում են [սատանայի] ստեղծագործությունը, բայց հանդիմանվում են մյուս խոսքով՝ «ինձ է տրվա՛ծ», որով ցույց է տրվում, որ այս գոյությունների արարիչն ուրիշն է, իսկ [սատանային] թույլտվությամբ է տրված: Եվ այն, որ ասում է. «Իշխանություն ունեմ ամեն ինչի վրա և ում կամենում եմ, նրան եմ տալիս», այդ իշխանությունը ոչ թե բռնատիրությամբ ունի, այլ իշխվողներն են կամեցել, [որ նա իշխի իրենց վրա]: Ինչպես ասում է Պողոսը. «Ում ծառայության համար որ պատրաստում եք ձեզ, նրա էլ ծառան եք՝ լինի մեղքի, թե արդարության» (հմմտ. Հռոմ. 6։16):

    Բայց նաև զարմանալ կարելի է չարի հիմարության վրա, թե ինչպե՞ս չմտածեց. «Եթե ասեմ, որ ամեն ինչ իմն է և ում կամենում եմ, նրան եմ տալիս, [Հիսուսը] կասի. «Հապա ինչո՞ւ քեզ կուռքերի միջոցով միշտ երկրպագություն մատուցող հեթանոսներից մեկին չտվեցիր տիրել ամեն ինչի վրա և Ինձ ես խոստանում տալ: Ահա՛ դրանով սուտ ես դուրս գալիս. որովհետև ոչ թե քոնն է տալու [իրավունքը], այլ դրանց Արարչի, Նրա, Ով ասաց. «Իմն է ոսկին և Իմն է արծաթը (Անգե 2։8), և տալիս եմ դրանք՝ ում կամենում եմ»:

    Բայց Տերը [սատանային] որևէ այսպիսի պատասխանի արժանի չհամարեց, այլ տիրաբար սաստելով նրան՝ ասաց.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի թոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1